Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիսում անցկացվեց «Ոսկե հասկ» բերքի փառատոնը

Վարդենիսում անցկացվեց «Ոսկե հասկ» բերքի փառատոնը

ԳԱՎԱՌ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգում, Վարդենիսի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» եւ One Armenia կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ կազմակերպվեց «Ոսկե հասկ» խորագիրը կրող բերքի փառատոն: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Վարդենիս քաղաքի եւ տարածքի գյուղական համայնքների  տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական եւ մշակութային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ ստեղծագործողներ, տեղի երգի-պարի խմբերը:  

Փառատոնը բացեց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը: Մասնակիցներին ողջույնի խոսքեր հղեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Շատ ուրախ եմ լինել Վարդենիսում` թեկուզ առաջին, բայց ոչ վերջին անգամ: Շնորհավորում եմ Վարդենիսի ժողովրդին այս փառատոնի առթիվ»,- հավաքվածներին հայերենով դիմեց դեսպան Ջոն Հեֆերնը: 

Ապա Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ եւ Կարեն Հակոբյանները, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ՀՀ ԶՈՒ  բանակային երկրորդ  կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանը, դեսպան Ջոն Հեֆերնը, պաշտոնական այլ անձինք այցելեցին աշնանային բերք ու բարիքներով եւ ուտեստներով բեռնված տաղավարներ եւ ստեղծագործական ցուցադրություններ, որտեղ ներկայացված էին ձեռագործ կամ նկարչական, փորագրական, արհեստագործական բազմաբնույթ աշխատանքներ:

Այգու մի անկյունում Վարդենիսի մարզադպրոցը կազմակերպել էր մարզական խաղեր ու միջոցառումներ` դրանցում ընդգրկելով տարբեր համայնքների ու կազմակերպությունների ներկայացուցիչների: Բազմաթիվ երիտասարդներ իրենց ուժն ու ունակությունները ցուցադրեցին կոխի, ըմբշամարտի, բազկամարտի, պարանի ձգման, պարկացատկի, շախմատի եւ մինի-ֆուտբոլի մրցաշարերում, որտեղ հաղթողները պարգեւատրվեցին պատվոգրերով եւ մեդալներով: Տեղի երգի-պարի համույթները հանդես եկան գեղարվեստական կատարումներով: Փառատոնը որոշակիորեն ընդմիջվեց սկսված ուժգին պտտահողմի պատճառով, սակայն քամու դադարեցումից հետո տոնական ծրագիրը շարունակվեց մինչեւ երեկո:

Խոսրով Խլղաթյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]