Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աղվերանում անցկացվել է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի կլոր սեղան

Աղվերանում անցկացվել է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի կլոր սեղան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոր և մանկան առողջության պահպանման  հայկական դաշինքի ամենամյա  հանդիպումն Աղվերանում քննարկումների մեկ սեղանի  շուրջ էր համախմբել ոլորտը ներկայացնող երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, առողջապահության այդ ոլորտի հրատապ խնդիրներին և գերակա ուղղություններին նվիրված քննարկումներին այսօր մասնակցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ:

«Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը մեզ համար խիստ կարևոր է: Դժվար է  գերագնահատել այն դերը, որն ունեն հասարակական կազմակերպություններն առողջապահական համակարգում հիմնահարցերի վերհանման և լուծումներ գտնելու գործում»,- ողջունելով հանդիպման մասնակիցներին` ասել է նախարարը:

Նա շեշտել է, որ նախարարությունն  այսօր փորձում է  ոչ միայն օրենսդրական հարցեր քննարկել, այլև վերլուծել համակարգը, ինչն անհնար է պատկերացնել առանց հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության, առանց գործընկերային հարաբերությունների:

Նախարարը խոսել է  մայրական և մանկական մահացության ցուցանիշների, մեր երկրում իմունականխարգելմանն ուղղված միջոցառումների, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատման, ինչպես նաև օրակարգային այլ խնդիրների մասին:

Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ մոր և մանկան առողջության պահպանումը գերակա խնդիր է և գտնվում է երկրի ղեկավարի անմիջական ուշադրության ներքո:

Հանդիպման ընթացքում դաշինքի անդամները,  առողջապահության ոլորտի մասնագետներն ու փորձագետներն իրենց հարցերն են ուղղել նախարարին: Անդրադարձ է կատարվել ինչպես առողջության պահպանման առաջնային օղակին, մարզերում կադրային և նյութատեխնիկական համալրվածության, մասնագետների արտերկրում վերապատրաստման խնդիրներին, այնպես էլ` բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը:

Առանձնակի կարևորվել է հանրության շրջանում բժշկի դերի, հեղինակության  բարձրացման հարցը:

2011 թվականին ստեղծված կազմակերպության արդեն չորրորդ ամենամյա հանդիպման շրջանակում քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման այժմյան մարտահրավերները և դրանց հաղթահարման առկա հնարավորությունները, առողջապահության ոլորտի ընդհանուր զարգացման միտումները և հեռանկարային ուղղությունները։ Կարևորվել են նաև Հայաստանում առողջապահության ֆինանսավորմանն առնչվող հարցերը, ինչպես նաև 2014 և 2015 թթ. համար պլանավորված գործողությունների ծրագրերը, դաշինքի հետ համագործակցության շրջանակները:

Մասնագետների գնահատմամբ` Դաշինքի ամենամյա հանդիպումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն են տալիս բաց երկխոսություն ծավալել առողջապահական համակարգում առկա խնդիրների մասին:

Նշվել է, որ առողջապահության ոլորտի բարեփոխումներին նվիրված  կառուցողական քննարկումները և երկխոսությունները երկուստեք շահավետ են։

Հանդիպման մասնակիցները տեղեկատվություն են ստացել առողջապահության ոլորտում վերջին շրջանում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ 

«Վոլդ Վիժն Հայաստան» երեխայի առողջության քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանը Դաշինքի անդամների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարին մասնակցության և անմիջական քննարկման համար։ Նա նշել է, որ նման ձևաչափի պարբերական հանդիպումների շնորհիվ է հնարավոր վերհանել ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու համատեղ ջանքերով գտնել դրանց լուծման ուղիները:

Նման անկաշկանդ քննարկումներնն առավել տեսանելի են դարձնում  ոլորտում առկա այն բացերը, որոնց լուծման գործում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները  կարող են դերակատարում ունենալ:

Որպես մոր և մանկան առողջության ոլորտում մեծ դերակատարում ունեցող կազմակերպություն` «Վորլդ Վիժն Հայաստանն» իր նոր  ռազմավարության շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ շարունակելու է շահերի  պաշտպանության, քաղաքականության մշակման և աջակցման գործընթացը:

Դաշինքի ամենամյա հանդիպումը նախաձեռնել էր «Վորլդ Վիժն»  կազմակերպության հայաստանյան գրասենյակը` «Երեխաների առողջության քարոզարշավ» ծրագրի շրջանակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]