Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԿ-ները հետաքրքրված են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհներով

ՀԿ-ները հետաքրքրված են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող 
դրամաշնորհներով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 75 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Ծաղկաձորում անցկացվող սեմինարի ընթացքում ծանոթանում են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմելու մանրամասներին, ինչպես նաև մրցույթի շրջանակներում հայտարարված անվանակարգերին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, սեպտեմբերի 20-ին ՀԿ-ների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի, հանձնաժողովի անդամ, Հայաստանի երտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի հետ՝ վերջիններիս ուղղելով իրենց հարցերն ու առաջարկները։

«ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի համակարգող Արփինե Հակոբյանը նշել է, որ դասընթացի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է։ Դիմել են մեծ թվով կազմակերպություններ։ Արփինե Հակոբյանն ընդգծել է, որ «ՀԿ կենտրոնն», ընդգրկված լինելով դրամաշնորհային մրցութային հանձնաժողովում և ուսումնասիրելով ՀԿ-ների ներկայացրած ծրագրային առաջարկները, նկատել է, որ կազմակերպություններն ունեն կարողությունների զարգացման խնդիր:

«Քառօրյա հանդիպումը նպատակ ունի ոչ միայն սովորեցնել, թե ինչպես գրել ծրագրի առաջարկ, այլև կապեր ստեղծել պետական ռազմավարության և ՀԿ-ների գործունեության միջև, որպեսզի հասկանանք՝ որոնք են պետական առաջնահերթությունները, և մեր ծրագրերն ուղղենք հենց այդ առաջնահերթություններին»,- նշել է Արփինե Հակոբյանը՝ ընդգծելով, որ դասընթացին մասնակցում են և՜ փորձառու, և՜ նորաստեղծ ՀԿ-ներ Երևանից, տարբեր մարզերից։ Նա նաև նշել է, որ հատկապես շատ են երիտասարդ մասնակիցները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհները մեծ հնարավորություն են հասարակական կազմակերպույթուններին՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու, կայանալու ու զարգանալու համար: «Մենք այս դրամաշնորհային մրցույթով ցանկանում ենք, որպեսզի մեր ՀԿ-ները չընկնեն դռնեդուռ՝ գումար հայթայթելու համար, այլ իմանան, որ հստակ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կկարողանան դիմել այս դրամաշնորհին և իրենց ծրագրերն իրականացնել, քանի որ դրա համար նախատեսված գումար կա»,-նշել է նա։ Կարեն Ավագյանը նկատել է, որ եթե նախկինում, դրամաշնորհներն ուղղվում էին միայն հակածխախոտային պայքարին, ապա այժմ անվանակարգերը բազմաոլորտ են՝ վերարտադրողական առողջություն, գյուղական համայնքների զարգացում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված ծրագրեր, մերօրյա հերոսների փառաբանում, բնապահպանական ոլորտ։

Հիմնադրամի համակարգողը նաև ընդգծել է, որ ամենակարևոր նպատակը, որ իրենց առջև դրել են՝ դրամաշնորհների միջոցով հասարակական աշխատանքը զարգացնելն է։ Դրամաշնորհները տրվում են ՀԿ-ներին ոչ թե աշխատավարձեր բաշխելու, այլ հենց հասարակական աշխատանքի համար։ Նա նաև նշել է, որ ՀԿ-ները վստահում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որովհետև դրամաշնորհի չափորոշիչները շատ հստակ են, տեսանելի, իսկ մրցութային հանձնաժողովում ընդգրկված են ոլորտային փորձագետներ, ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից։

Դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի անդամ, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, խոսելով ՀԿ անդամների հետ աշխատանքի արդյունքների մասին, ասել է, որ դասընթացի մասնակիցների մոտ մեծ է սովորելու, գործելու ցանկությունը, բայց կա նաև խնդիրը ճիշտ ձևակերպելու, սեփական կարողությունները ճիշտ գնահատելու հարց և ծրագրի մշակման որոշ տարրերի բացակայություն։ Նա հույս է հայտնել, որ անցկացվող դասընթացը կօգնի եղած բացը լրացնել, ինչպես նաև՝ նոր մտքեր ու գաղափարներ գեներացնել։ 

Այս տարի նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհի մրցույթի համար հատկացված է 200 միլիոն դրամ. արդեն հայտարարված է դրամաշնորհային երրորդ մրցույթը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:

Սեմինարը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, և անցկացնում է «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]