1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերին կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերին կայցելեն տարածաշրջան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերին կայցելեն տարածաշրջան` նախապատրաստելու համար հայկական և ադրբեջանական կողմերին նախագահների մակարդակով Փարիզում կայանալիք հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է, որ իրենք նախատեսում են նաև նախնական հանդիպումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ` Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում:

Բարձր գնահատելով Սոչիում երկու երկրների նախագահների հանդիպումը և դրա արդյունավետությունը հրադադարի ռեժիմի պահպանման գործում` Պոպովը հույս է հայտնել, որ Փարիզում կայանալիք հանդիպումը ևս դրականորեն կանդրադառնա խնդրի խաղաղ կարգավորման վրա: «Փարիզյան հանդիպման մանրամասները մենք կքննարկենք հաջորդ շաբաթ, համանախագահների խորհրդի ժամանակ: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, սակայն, հուսով եմ, որ Փարիզում նախատեսվող հանդիպումը կարևոր լրացում կլինի այն աշխատանքին, որը վերսկսվեց Սոչիում և շարունակվեց Ուելսում»,- ասել է ռուսաստանցի համանախագահը: Նա հայտնել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի թեման կարող է քննարկվել նոյեմբերին Բազելում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովի ժամանակ:

Պոպովի համոզմամբ` շփման գծից դիպուկահարների հեռացումը, հումանիտար շփումների վերականգնումը կարևոր են հակամարտող կողմերի միջև վստահությունը վերականգնելու գործում, և այս հարցերը մշատպես առկա են բանակցային գործընթացում:

«Ո’չ ես, ո’չ էլ իմ գործընկերները բավարարված չենք այն բանով, որ հակամարտությունն արդեն քսան տարի մնում է չկարգավորված: Այդուհանդերձ, ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ դրա պատճաը միջնորդների գործունեության ցածր արդյունավետությունն է: ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների հետ մենք ձգտում ենք, որ կարգավորման գործընթացն ավարտվի հնարավորինս շուտ և կողմերի միջև հարաբերություններում տիրի խաղաղությունն ու կայունությունը: Սակայն այս աշխատանքի ավարտի ժամկետները կախված են ոչ այնքան միջնորդներից, որքան կողմերի քաղաքական կամքից»,- շեշտել է Իգոր Պոպովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]