Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակում կայացավ «Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները» թեմատիկ նիստը

«Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակում կայացավ «Սիրիահայ համայնքի 
հիմնախնդիրները» թեմատիկ նիստը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովի շրջանակում կազմակերպվել էր սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: «Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները» թեմատիկ նիստում քննարկվել են Սիրիայի հայ համայնքի ներկա մարտահրավերները և հիմնախնդիրների լուծման ուղիները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Սիրիական տագնապը և սիրիաբնակ սիրիահայությունը, իրապատկեր և սպասումներ» թեմայով ելույթ է ունեցել Բերիո հայոց թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե, Հայ Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: Նա ներկայացրել է ընդհանուր իրավիճակը Հալեպում, Հոմսում, Լաթաքիայում և Սիրիայի մյուս քաղաքներում: Զեկուցողը շնորհակալություն հայտնեց սիրիահայերին աջակցություն ցուցաբերած բոլոր կառույցներին և նյութականից զատ կարևորեց նաև բարոյական զորակցությունն ու աջակցությունը: Նա մասնավորապես նշել է, որ անհրաժեշտ է սիրիական իրադարձությունների վերաբերյալ հայ քաղաքական մտքի լուրջ վերլուծություն: «Վերականգնումը միայն նյութական չէ, համայնքի գոյությունը նույնչափ կարևոր է»,- ասել է նա:

Ողջունելով ներկաներին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ, որ գտնվում եմ հայրենիքում՝ Հայաստանում, և հանդիպում եմ սիրիահայերին այստեղ: Եկեք հոտնկայս հարգենք մեր նահատակների հիշատակը մեկ րոպե լռությամբ»:

Բարձրաշնորհ տերը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ սիրիահայերին զորակցության ու պետական աջակցության համար և մաղթել, որ հայրենիքը հզոր լինի և հզոր մնա:

Սիրիայի Շտապ օգնության և վերականգնումի մարմնի կատարած աշխատանքների մասին զեկուցել է Մարիա Գաբրիելյանը:

Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Հարություն Սելիմյանը հանդես է եկել «Ընդհանուր իրավիճակն ու սիրիահայության դիմագրաված մարտահրավերները» թեմայով զեկուցումով: Նա մասնավորապես նշել է. «Առաջին դժվարությունը, որ պետք է դիմագրավենք, անվտանգությունն է: Ողջունում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իր ունեցած հնարավորությունները ի սպաս է դնում սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը բոլոր ոլորտներում: Բայց մեր բոլորի երազանքը Սիրիա վերադառնալն է: Պետք է պահպանենք հային և հայությունը Սիրիայում»:

Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ ՀՀ դեսպանությունը Դամասկոսում և հյուպատոսությունը Հալեպում անում են հնարավորը և նույնիսկ անհնարինը՝ մեր հայրենակիցներին օգնելու ուղղությամբ:

Հոգեշնորհ Տեր Անդրանիկ ծ. վարդապետ Այվազյանը ներկայացրեց իրավիճակը Կամիշլիում:

ՀԲԸՄ Կեդրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը զեկուցեց «Սիրիահայերին ցուցաբերվող մարդասիրական օգնության աշխատանքների համակարգման և ՀԲԸՄ-ի տրամադրած օժանդակությունների մասին»:

 Իսկ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Արաքս Փաշայանը հանդես է եկել «Սիրիայի հայ համայնքի հեռանկարի շուրջ» զեկուցումով:

 Տեղի է ունեցել քննարկում և մտքերի փոխանակություն:

 Սեպտեմբերի 20-ին Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները թեմատիկ նիստը կշարունակի իր աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]