Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Որտեղ էլ լինեմ, հոգով մնում եմ վիրաբույժ»

«Որտեղ էլ լինեմ, հոգով մնում եմ վիրաբույժ»

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը գնալով զարգանում և նոր թափ է առնում: Այսօր այն համագործակցում է ԱՄՆ-ի, Արևելյան Եվրոպայի, ՌԴ-ի առաջատար կլինիկաների հետ: Երկու-երեք ամիս առաջ բժշկական այս կենտրոնում կադրային լուրջ փոփոխություն կատարվեց` տնօրեն նշանակվեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, գիտական մասով գլխավոր տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Վիրաբույժը, ով տարիներ շարունակ վիրաբույժների լուրջ դպրոց էր ձևավորել «Էրեբունիում», որոշեց թողնել այդ ամենը և գալ նոր բժշկական կենտրոն որպես տնօրեն: Արդյո՞ք սա դժվար որոշում չէր: Այս և հրատապ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ:

 -Իսկապես ինձ համար շատ ծանր և բարդ որոշում էր, սակայն որտեղ էլ լինեմ, հոգով մնում եմ վիրաբույժ։ Ինձ համար հարազատ են բոլոր այն կլինիկաները, որտեղ աշխատել եմ` սկսած Արտաշատի շրջանային հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքից, որտեղից սկսվել է իմ աշխատանքային կարիերան, այնուհետև տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնը, որտեղ շարքային բժշկից դարձա գիտական մասով փոխտնօրեն: Իմ մասնագիտական վերելքը կայացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Յուրաքանչյուր մասնագետի կայացման գործում կարևոր է, թե ում հետ է աշխատում և, անկեղծ ասած, Աստված բարեհաճ է գտնվել` ես ունեցել եմ արտակարգ ուսուցիչներ: Օգտվելով առիթից` ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար, Ղարաբաղի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին և օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վաչագան Այվազյանին: 

Ինչ վերաբերում է այն շարժառիթներին, թե ինչու համաձայնեցի զբաղեցնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը, ապա դրանք մի քանիսն են: Առաջին` կարծում եմ` յուրաքանչյուր մարդ, մասնագետ կյանքի տարբեր ժամանակահատվածներում իր աշխատանքի վերագնահատում է կատարում: Եվ գալիս է մի պահ, երբ զգում ես, որ տվյալ ոլորտում հնարավոր ամեն բան արել ես և նոր բան ասելու, անելու, ստեղծելու կարիք ունես: Կարծում եմ` այս մոտեցումը բնորոշ է բոլոր ոլորտներում աշխատող ստեղծագործ մարդկանց, ավելին` կենսական անհրաժեշտություն է: Այս նոր պաշտոնը ինձ համար ինչ-որ տեղ ոլորտի փոփոխություն է, ինչը ստեղծագործական լիցք է տալիս: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ վարչական ոլորտում կարող ես մարդկանց շատ ավելի օգտակար լինել աշխատանքները ճիշտ կազմակերպելու արդյունքում: Իհարկե, որպես վիրաբույժ օրական օգտակար ես լինում մեկից երեք հիվանդի, սակայն վարչական աշխատանքը ճիշտ կազմակերպելու դեպքում մարդկանց օգտակար լինելու գործոնը մի քանի անգամ մեծանում է: 


-Օգտակար լինել մարդկանց հետաքրքիր և կարևոր բան է, սակայն, կարծում եմ, այսօր մի քիչ բարդ է այն իրականացնել վարչական դաշտում: Ասեմ` ինչու. առողջապահության բյուջեն մեծ չէ, իսկ սոցիալական լարվածությունը մեծ է: Լուրջ խնդիրներ չե՞ք ունենա: 

-Իմ ղեկավարման փորձը այս կարճ ժամանակահատվածում փաստում է, որ իսկապես դժվարություն կա: Այսինքն` մի կողմից` կա պատասխանատվություն մեր կլինիկայի հիվանդների, պացիենտների, մյուս կողմից` իմ ղեկավարության առջև: Այն, մի կողմից` բարոյամասնագիտական է, քանի որ առնչվում է հիվանդներին, մյուս կողմից` խնդիրը ֆինանսատնտեսական է: Սակայն, կարծում եմ, այդ հարցերի որոշակի կարգավորումը մեծապես պայմանավորված է վարչական մոտեցումներով: 

-Եթե ճիշտ հասկացա, ուզում եք ասել, որ ճկուն քաղաքականության կիրառման դեպքում կարելի է օգտակար լինել մարդուն և հարվածի տակ չդնել կլինիկայի բյուջեն: 

-Կարելի է և՛ օգտակար լինել, և՛ խուսափել դժգոհություններից ու խախտումներից: Ամեն դեպքում չպետք է մոռանանք, որ բացարձակ միակողմանի քաղաքականությունն արդարացված չի կարող լինել: Պետք է կարողանալ ճիշտ ուղղորդել աշխատանքները, կանխատեսել, մարդկանց բացատրել, այսինքն` ճիշտ բացատրական և բուժական աշխատանք կատարել, ինչպես նաև կլինիկայի տնտեսած միջոցները ճիշտ կառավարել:

-Դուք աշխատել եք Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնում և շփվել աշխարհի լավագույն կլինիկաների հետ: Եթե խոսենք հայաստանյան կլինիկաների մասին, ապա գաղտնիք չէ, որ գնալով մեծանում է կլինիկաների միջև առողջ և ինչու ոչ` անառողջ մրցակցությունը: Հետաքրքիր է իմանալ, ո՞րն է «Իզմիրլյան» կենտրոնի առավելությունը մյուս կենտրոնների նկատմամբ:

-Ես կնախընտրեի «առանձնահատկություն» բառը:

-Լավ, որ՞ն է ձեր կլինիկայի առանձնահատկությունը:

-Իսկապես բժշկական կենտրոնների միջև մրցակցությունը մեծ է, և դա լավ խթան է անընդհատ զարգանալու համար: Մեր կլինիկայի առանձնահատկությունն է կոլոպրոկտոլոգիայի, ուրոլոգիայի, քիթ-կոկորդ-ականջի և վնասվածքաբանության-օրթոպեդիայի բաժանմունքների խիստ մասնագիտացվածությունը: Հաջորդ կարևոր առանձնահատկությունը բարձրակարգ կոլեկտիվն է և նրա ազնիվ մոտեցումը հիվանդի նկատմամբ: Բժշկի համար դա անհրաժեշտ գործոն է, և ես դրան լուրջ ուշադրություն եմ դարձնում: Ի պատիվ մեր կլինիկայի նախկին ղեկավարի` ներկայիս առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, կարող եմ ասել, որ ինձ լավ ժառանգություն է հասել: ՈՒնենք բարձրակարգ մասնագետների կոլեկտիվ, որոնց հետ աշխատելը ինձ հաճելի, հեշտ և միևնույն ժամանակ շատ պատասխանատու է: Մարդիկ պրոֆեսիոնալներ են, և այս դեպքում որևէ շինծու բան չի կարող լինել: Կադրերի հետ աշխատանքին մոտենում եմ մեծ պատասխանատվությամբ:

-Յուրաքանչյուր նոր ղեկավար իր նոր մոտեցումներն է ունենում: Ի՞նչ փոփոխություն եք իրականացրել մինչ այժմ, և ո՞րն է լինելու Ձեր քաղաքական կուրսը: 

-Կարծում եմ` երկու ամիսը շատ կարճ ժամանակահատված է լուրջ փոփոխություններ անելու համար: Այս ընթացքում ուսումնասիրել եմ հիվանդանոցը և փորձել եմ հասկանալ` ինչ փոփոխություններ են անհրաժեշտ: Մեր քաղաքականությունը լինելու է նպատակաուղղված դեպի հիվանդը: Գերագույն նպատակն է պացիենտներին ցուցաբերել բարձրակարգ բուժծառայություն և նրանց հետ լինել ազնիվ: Իմ սկզբունքներն են` ես կոլեկտիվի մի անդամն եմ, երկրորդ` ես և վարչական կազմը կոչված ենք անընդհատ բարելավելու աշխատանքային պայմանները: Սրանք այն գործոններն են, որոնք յուրաքանչյուր աշխատող պետք է զգա իր վրա, որ տարբեր բնույթի այլևայլ մոտիվացիաներ չունենա, ինչը առաջին հերթին դրական անդրադարձ կունենա և է՛լ ավելի կբարձրացնի բուժսպասարկման և ընդհանուր աշխատանքների արդյունավետությունը: Դրա համար պետք է ունենանք կամք, որ արդեն եղած ձեռքբերումների հիման վրա կարողանանք ստեղծել համախոհների թիմ, կլինիկան անընդհատ զարգացնելու համար:

-Եթե արդեն ուսումնասիրել եք կլինիկան, ապա գիտեք, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ:

-Նախատեսվում է ստեղծել երկու-երեք նոր` մասնավորապես անոթային, միկրո և նյարդավիրաբուժության բաժանմունքներ: Այդ բաժանմունքների ձևավորումից հետո մեր կլինիկան կդառնա լիարժեք բժշկական համալիր:

-Չեմ կարող չհարցնել` պրակտիկ վիրաբուժությունը թողնելո՞ւ եք. ի դեպ, այս հարցը հետաքրքրում է բազմաթիվ հիվանդների:

-Վիրաբուժությունը իմ ներսում է, և ես այն չեմ թողել և չեմ թողնելու:

Ժասմեն Վիլյան, irates.am


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]