1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեր պարագայում «մայդանները» ոչ մի լավ տեղ չեն տանի. Հրանտ Մարգարյան

Մեր պարագայում «մայդանները» ոչ մի լավ տեղ չեն տանի. Հրանտ Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ Հայրենիք- Սփյուռք համաժողովները տարեցտարի էլ ավելի կարեւոր են դառնում`  թե՛ քաղաքական, թե՛ ազգային առումներով:  Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի ընթացքում ելույթ ունենալով՝ Հրանտ Մարգարյանը նշեց, որ  համաժողովները աստիճանաբար վերածվում են խնդիրներն ու անելիքները միասնաբար քննարկելու ու լուծումներ գտնելու իրական ելակետի: «Այս համաժողովներում հնարավոր է հասնել համընդհանուր եզրակացությունների, թե ինչ է պետք անել եւ ինչ պետք չէ անել: Ընդգծել այն կարեւորը, որով կառաջնորդվեն թե իշխանությունները, թե ընդդիմությունը, թե Հայաստանում, թե Սփյուռքում, թե Արցախում եւ Ջավախքում աշխատող հասարակական-քաղաքական գործիչներն ու կառույցները: Մենք բոլորս էլ գիտենք, թե որն է մեր ընդհանրական նպատակը՝ ապահովել մեր ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան եւ հիմքեր ստեղծել համընդհանուր կայուն զարգացման համար: Մեր նպատակն իրականացնելու ճանապարհ, անտարակույս, կա, սակայն այդ ճանապարհին կան կարմիր գծեր, որոնք հատելու իրավունք մենք չունենք, այլապես կդանդաղեցնենք մեր ընթացքը եւ կարող ենք մնալ կես ճանապարհին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մարգարյանը:

Մարգարյանը նշեց, որ չի կարելի կատարել քայլեր կամ աջակցել քայլերի, որոնք մեր սերունդների իրավունքների տիրույթում են: «Մեր սերնդի մեծագույն ձեռքբերումն Արցախով միավորված 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանն է: Այն այլեւս միայն մեր սերնդինը չէ, այն նաեւ հաջորդ սերունդների իրավունքն է: Այս 42 հազար քառակուսի կիլոմետրից չի կարելի զիջել եւ ոչ մի բան: Չի կարելի որեւէ կերպ գնալ Հայոց մեծ երազի արժեզրկման: Անկախ նրանից, թե երբ կլինի մեր օրվա օրակարգում հայրենիքի բռնագրավված մասի ազատագրումը, չի կարելի ուղղակի եւ անուղղակի զիջել մեր, մեզ հաջորդող սերունդների իրավունքը: Թող այն ոմանց համար նույնիսկ երազանք համարվի, սակայն չի կարելի հրաժարվել ազգային երազանքից: Ազգային երազանքը մեր կենսունակության մղիչ ուժն է: Եվ հենց այս համատեքստում չի կարելի գնալ հայ ժողովրդի անանց իրավունքների հաշվին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձերի»,- ասաց Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ որքան ուզում է մեծ լինի անհամաձայնությունն իշխանությունների վարած քաղաքականության հետ, որքան ուզում է մեծ լինի անվստահության չափաբաժինը, որքան ուզում է գլուխ բարձրացրած լինի հիասթափությունը, որքան ուզում է կորած լինի հավատը, միեւնույն է, չի կարելի խռովել հայրենիքից: «Չի կարելի մեր ներքին հարցերին մասնակից դարձնել օտարներին, համակերպվել օտար ուժերի կողմից ներհայկական միասնականության բանաձեւի փոփոխմանն ու քայքայմանն ուղղված ցանկացած դրսեւորման: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ներքին հարցերը միայն պատրվակ են օտարների համար իրենց սեփական շահը ի հաշիվ մեր իրավունքների եւ ինքնիշխանության լուծելու: Երբ խնդրո առարկա է դառնում երկրի անվտանգությունը, չի կարելի միակամ ու միասնական չլինել: Լավագույն օրինակն ունեցանք վերջերս, երբ թշնամին ձեռնարկեց իր հերթական, այս անգամ շատ ավելի մասշտաբային ոտնձգությունը մեր սահմանների նկատմամբ: Մենք ոչ միայն վերստին համոզվեցինք հայկական բանակի բարձր պատրաստվածության եւ արիության մեջ, այլեւ ականատես եղանք ողջ ժողովրդի ինքնակամ զորակցությանը եւ քաղաքական ուժերի միասնականությանը»,-  նկատեց նա:

Միևնույն ժամանակ, Մարգարյանն ընդգծեց, որ բոլորը հավասար չափով պատասխանատու են երկրի անվտանգության համար, անկախ այն բանից թե ներքաղաքական դաշտում ինչ դիրք են զբաղեցում: Նրա խոսքով՝ ուր կա անօրինականություն ու կամայականություն, ընդվզումն անխուսափելի է: Միասնականությունն ու կայունությունը հնարավոր են դառնում, երբ կա արդարություն: Այլապես ժողովուրդն անկախ իրենից վարակվում է դրսի անպատեհ օրինակներով: «Մինչդեռ, համոզված եղեք, մեր պարագայում «մայդանները» ոչ մի լավ տեղ չեն կարող տանել: Խնայենք մեր երկիրը նոր «մարտի 1-երից»: «Չի կարելիների» այս շարանը կարեւոր է մասնավորապես, երբ դիմագրավում ենք ներկա լարված ու վտանգավոր տարածաշրջանային քաղաքական կացությունը: Ամենամեծ վտանգը երկրի Արեւելյան ու Արեւմտյան սահմանում դարանակալած հակառակորդին դեմ հանդիման մենակ մնալն է: Մեր ուժի հիմնական ապավենը մենք ենք ու մեր միասնականությունը: Սա կարող է իրականություն դառնալ, եթե մենք նույն նպատակն ենք հետապնդում եւ նույն խաղի կանոններով առաջնորդվում»,- եզրափակեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]