Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանն ուժեղ է ու անպարտելի իր երկու թևերի և միասնական Սփյուռքի շնորհիվ. ՀՀ վարչապետ

Հայաստանն ուժեղ է ու անպարտելի իր երկու թևերի և միասնական Սփյուռքի 
շնորհիվ. 
ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է.

«Անչափ ուրախ եմ այսօր ողջունել ձեզ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել մեր բազմաբովանդակ Սփյուռքի հայկական կառույցների ղեկավարներին և համայնքային պատվիրակներին: Ուրախ եմ նաև, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ միասին կրկին գնահատելու և արժևորելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործակցության անցյալն ու ներկան, հստակեցնելու առաջնահերթությունները, ինչպես նաև մտքեր փոխանակելու մեր Հայրենիքի և ազգի համար օրակարգային հարցերի շուրջ: Այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները:

Դիպուկ են Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»: Ուստի, մենք հզորանալու ենք մեր համախմբվածությամբ, մեր միասնությամբ, համազգային խնդիրների լուծմանը միտված մեր հաստատակամությամբ:

Հայաստանն ուժեղ է ու անպարտելի իր երկու թևերի և միասնական Սփյուռքի շնորհիվ: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ թիկունքում ունենալով Սփյուռքի ներուժը: Վստահ եմ, որ նույն կերպ դուք էլ ընկալում եք Հայաստանի Հանրապետությունը՝ ձեր անկախ ու ազատ Հայրենիքը: Մենք չունենք և չենք կարող ունենալ առանձին հատվածական շահեր: Մեր շահերը փոխկապակցված են, իսկ մեր գործողությունները պետք է լինեն համաձայնեցված և փոխլրացնող:

Կարևորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունը՝ 2008թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծեց Սփյուռքի նախարարություն, որով սկսվեց Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման որակապես նոր փուլ: Ուրախալի է, որ անցած տարիների ընթացքում նախարարությանը հաջողվել է գործընկերային կապեր հաստատել Սփյուռքի բոլոր կառույցների հետ: Նախարարության գործունեության նկատմամբ վստահության ապացույցն է կազմակերպված այս, և այլ համաժողովներին, միջոցառումներին Սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը և մասնակիցների թվի շարունակական ավելացումը: 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված: Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք: Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսևորում և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: Մյուս կողմից, Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ևս չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը և թույլ չեն տալիս մեզ լիարժեք կերպով օգտագործել տրանզիտի ու արտաքին տնտեսական համագործակցության հնարավորությունները: Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքականության մեջ լինել ճկուն և շրջահայաց: Հայաստանի իշխանությունները՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, քայլեր են ձեռնարկում ելնելով բացառապես մեր ազգային շահերից՝ լավագույնս ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայուն զարգացումը:

Հարգելի ներկաներ,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես իր գործունեության գերակայություն, հռչակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Մեր ջանքերն առավելապես ուղղվելու են հայի ստեղծագործ աշխատանքով հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար պետք է դառնա ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում կուտակած փորձի ու գիտելիքների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր: Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուրի համար պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր: Այսօր Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է իրականացնում երկրում սոցիալ-տնտեսական վերելքի ապահովման ուղղությամբ: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում: Մենք տալիս ենք դրա երաշխիքը:

Հայաստանի զարգացմանը, տնտեսության առաջընթացին միտված ձեր գործնական առաջարկներն աչքաթող չեն արվի: Կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն և պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության: Վաղուց հասունացել է բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերության անցնելու ժամանակը: Այս համատեքստում ցանկանում եմ իմ երախտագիտության խոսքն ուղղել բոլոր այն մեծանուն բարերարներին և հայտնի գործարարներին, ովքեր իրենց ջանասիրությամբ և Հայրենիքի նկատմամբ մեծ նվիրմամբ զգալիորեն նպաստել են Հայաստանի և Արցախի տնտեսական վերելքին ու պետականության ամրապնդմանը: Նման ազգային գործիչների կերպարը ոգեշնչող պետք է լինի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և, հատկապես, երիտասարդների համար:

Սիրելի հայրենակիցներ,

Մյուս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Անգնահատելի է Սփյուռքի դերը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգայնացման գործընթացում: Ցավալի է, որ ներկայիս Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ, ոչ միայն չի կարողանում հաշտվել իր մութ անցյալի հետ, այլ հակառակը՝ շարունակում է ժխտել Ցեղասպանության իրողությունը, ինչը միջազգային ընկալմամբ համարվում է կրկնակի ցեղասպանություն: Միևնույն ժամանակ միջազգային հանրության մոտ ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, և, առաջին հերթին, Թուրքիայի կողմից, անխուսափելի է, և այդ հանգամանքը կնպաստի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կհասնենք պատմական արդարության վերականգնմանը:

Սիրելի՛ բարեկամներ,

Ի՞նչն է մեզ՝ հայաստանաբնակ, արցախաբնակ և աշխարհասփյուռ հայերին կապում իրար: Անշուշտ, մեզ կապում են միմյանց մեր պատմությունը, մեր պատմական հիշողությունը: Բայց ամենից շատ մեզ կապում է ազատ և անկախ Հայաստանը, ազատ և անկախ Արցախը: Այսօր Սփյուռքը անկախությունը վերահաստատած Հայաստանի համար դարձել է նյութական ու հոգևոր նեցուկ։ Աշխարհի բոլոր հայերը՝ անկախ բնակության վայրից, դավանանքից կամ սոցիալական կարգավիճակից, ունեն իրենց բոլորի Հայաստանը: Ուստի, մենք մեկ նպատակ ենք հետապնդում՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդումը և կայուն ու անշեղ զարգացումը։ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված արտերկրում մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանմանը, իրավունքների ու շահերի պաշտպանությանը:

Ամփոփելով խոսքս՝ վստահություն եմ հայտնում, որ մեր միասնական ջանքերով մենք ի զորու կլինենք հաղթահարելու հայության առջև ծառացած մարտահրավերները: Եվս մեկ անգամ ողջունում եմ համագումարի մասնակիցներին և մաղթում արգասաբեր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի և ի շահ համայն հայության:

Շնորհակալություն ուշադրության համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]