Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասում, մյուռոնօրհնեք, Հռոմի պապի այցը Էջմիածին… 2015-ին

Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասում, մյուռոնօրհնեք, Հռոմի պապի այցը 
Էջմիածին… 2015-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցին քույր եկեղեցիների հետ մի շարք նշանակալից ձեռնարկներով հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Էջմիածնում ու աշխարհի հայաշատ կենտրոններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում 2015-ին սպասվելիք խոշոր միջոցառումների մասին ներկայացրեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: «Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շարքը մեծ է, ընդգրկուն է բազում միջոցառումներով: Բայց այդ բոլորի մեջ ամենահատկանշականն ու պատմականորեն ամենանշանակալիցը ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունն է Սուրբ Էջմիածնում: Այդ արարողությունն առանցքային նշանակություն ունի, քանի որ այստեղ են հրավիրված մեր քույր եկեղեցիների ու կրոնական այլ հաստատությունների պետերը: Բոլորի ներկայությամբ է, որ պետք է տեղի ունենա սրբադասման արարողությունը: Նշանակում է, որ կրոնական հաստատությունների պետերն իրենց հետ պետք է տանեն կարևոր պատգամ, թե ինչպես հարյուր տարի առաջ վասն քրիստոնեական հավատքի ավելի քան 1.5 միլիոն հայեր իրենց կյանքը տվին` վկա դառնալով Քրիստոսի»,-ասաց Հովնան Սրբազանը:

Նրա տեղեկացմամբ` հաջորդ կարևոր ձեռնարկը կլինի հաջորդ տարի սեպտեմբերի 27-ին սրբալույս մյուռոնի օրհնությունը: «Այն մեր ժողովոդի հոգևոր մխիթարության համար է, որը կխորհրդանշի հայ ազգի հարությունը, հաղթական կյանքը: Հարյուր տարի հետո էլ հավատքը շարունակում է մնալ գլխավոր երաշխիքը մեր ժողովրդի գոյութենականության»,-ասաց թեմական առաջնորդը:

Բացի Հայաստանում, մասնավորապես, Էջմիածնում տեղի ունեցող ոգեկոչման արարողություններից, սպասվում են միջոցառումներ նաև աշխարհի մի շարք մայրաքաղաքներում: «Այդ բոլորի շարքին անհրաժեշտ է դասել նաև աշխարհի մեծագույն մայրաքաղաքներում կազմակերպվելիք էկումենիկ արարողությունները. Վատիկանում կազմակերպվող եկեղեցական արարողությունը, Լոնդոնում, Վաշինգտոնում, Փարիզում, Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում տեղի ունենալիք մեծագույն եկեղեցական արարողություններ: Մեծ նշանակություն պետք է ունենա Հռոմի Սրբազան պապի այցելությունը Հայաստան, մենք բոլորով գիտակցում ենք, որ Հռոմի պապի ուխտը 100-րդ տարելիցի ոգեկոչման ծիրից ներս պետք է արձագանք գտնի աշխարհով մեկ»,-նշեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Նրա խոսքով` այդ միջոցառումը պետք է պատճառ դառնա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև կրկին խոնարհվելու, ինչպես նաև հայերի հաղթական երթը շուրանակելու համար:

Հովնան Սրբազանը նշեց նաև, որ նշյալ միջոցառումների իրականացումը հնարավոր է լինելու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ու տարբեր երկրներում գործող միջեկեղեցական կառույցների հետ համագործակցության շնորհիվ: «Ոչ թե պարտականության համար է, որ մարդիկ ցանկություն ունեն համագործակցելու ու աջակցելու մեզ, այլ մեծ սիրով ու հարգանքով, երկյուղածությամբ ու ակնածանքով են մեր քույրեն ու եղբայրները, որոնք դավանակից են կամ ոչ դավանակից, իրենց բացառիկ զորակցությունը բերում կազմակերպչական աշխատանքներին»,-հայտնեց Սրբազանը:

Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հավաստամամբ` նշյալ միջոցառումներն իրականացվելու են ոչ թե այն նպատակով, որ Թուրքիային պատգամ հղեն ճանաչելու Հայոց ցեղասպությունը, որը պատմական փաստ է, այլ արվելու են ճանաչումից մի քայլ այն կողմ` պահանջատիրության զգացումով: «Մեր ազգի գոյութենականությունը պետք է արդարանա, երբ մենք կդիմենք նաև հաջորդ քայլին` տեր կանգնելու մեր սեփական հայրենի հողերին: Ինչպես այստեղ մեր հայրենիքն ենք պաշտպանում մեր կյանքով, մեր ծառայություններով, ինչպես Արցախը, մենք հավատում ենք, որ կգա օրը, երբ Հայաստանը կդառնա ամբողջական»,-եզրափակեց Հովնան Սրբազանը:

Սեպտեմբերի 18-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվում է 5-րդ եկեղեցական-ներկայացուցչական ժողովը, որին մասնակցում են շուրջ 160 պատգամավորներ Հայստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, թեմերից, ինչպես նաև աշխարհականներ: Համաժողովի ժամանակ պատգամավորներին իրազեկում կտրվի Մայր Աթոռի կողմից հայաշատ կենտրոններում կազմակերպվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, ինչպես նաև զոհերի սրբադասման գործընթացի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am