Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կինեմատոգրաֆիստները գումարի պակասից չեն բողոքում

Կինեմատոգրաֆիստները գումարի պակասից չեն բողոքում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն ակտիվ գործունեություն է ծավալում. կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, հրատարակում գրքեր, թողարկում ձայնասկավառակներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցն ընդգծեց, որ այժմ միությունում պատրաստվում են «Ես եմ» միջազգային կինոփառատոնին:

 «Փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-5-ը՝ Ծաղկաձորում: Որոշեցինք այն այս անգամ կազմակերպել ոչ թե Երևանում, այլ Երևանից դուրս: Ամեն օր կլինեն կինոդիտումներ, որոնց կհաջորդեն քննարկումները: Մենք այս տարի ստացել ենք 121 ֆիլմ, հանձնաժողովն էլ ընտրել է 80-ը: Ցավալի է, որ տարբեր երկրներից տասնյակ ֆիլմեր են եկել, սակայն Հայաստանն ընդամենը 7 ֆիլմով է ներկայանում, այն էլ այն դեպքում,  երբ մեր մրցանակները բոլորը գումարային են»,-նշեց Ռուբեն Գևորգյանցը:

Նրա խոսքով՝ այս տարի փառատոնի կազմակերպչական աշխատանքներում ակտիվ ներգրավված են երիտասարդները: «Հյուրեր կունենանք Ղազախստանից, Վրաստանից, Գերմանիայից և այլ երկրներից: Մեր հյուրերին ցույց կտանք Հայաստանի գեղատեսիլ վայրերը»,-նշեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը:

Գևորգյանցը գոհ է միության կատարած աշխատանքներից: Փաստում է, որ միությունը բարգավաճ վիճակում է: «Մենք ինքներս ենք ստեղծել այդ լավ վիճակը: Միության անդամը տարին չորս անգամ մեծ օգնություն է ստանում՝ սննդի և գումարի տեսքով: Միության անդամ թոշակառուները բացի իրենց թոշակից, գումար են ստանում միությունից, որը հավասար է պետության թոշակին: Մեր բոլոր անդամներն ունեն բժշկական ապահովագրություն, դեղորայքը գնում են մեր հաշվին, հանգիստն  էլ ենք մենք ապահովում»,-նշում է ռեժիսորը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն ընդգծում է, որ միությունն ակտիվ գործունեություն է ծավալում: «Մենք մեկ միլիոն դոլարով պետությանն ենք վաճառել Դիլիջանի մեր ստեղծագործական տունը: Այդ գումարը բանկում է, և միության բոլոր անդամներն ապահովված են: Կազմակերպում ենք միջոցառումներ, հրատարակում գրքեր»,- փաստեց Գևորգյանցը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը միավորում է կինոյի բոլոր ստեղծագործական մասնագիտությունների գործիչներին: Միությունը մշտապես կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ: Տարբեր տարիներին միությունը ղեկավարել են անվանի կինոգործիչներ: 2003թ. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]