Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Պատմության թանգարանը մասնակցում է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին

Պատմության թանգարանը մասնակցում է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանը սեպտեմբերի 15-ից մասնակցում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել Արևմուտքի  գեղարվեստական ավանդույթների ակունքներն ու զարգացումը, որոնց արմատները սերում են Հին Մերձավոր Արևելքի և Միջերկրականի երկրների մշակույթների փոխազադեցություններից, Ք. ա. I հազարամյակում:

Ներկայացված 300 նմուշները փոխառված են Արևմտյան Եվրոպայի, Կովկասի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Միացյալ Նահանգների հայտնի թանգարաններից: Ցուցահանդեսին մասնակցում են 14 երկրների թանգարաններ` Լոնդոնի Բրիտանական թանգարանը, Փարիզի՝ «Լուվրը», Բեռլինի պետական, Վատիկանի թանգարանները, Հայաստանի պատմության, Կահիրեի Հնությունների, Աթենքի Ազգային հնագիտական, Կիպրոսի ազգային, Հռոմի Էտրուսկների, Բեյրութի ազգային, «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանները, ինչպես նաև թանգարաններ՝ Իսպանիայից, ԱՄՆ-ից և Իսրայելից:

Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել է ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշներ, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն ցուցադրության համար` որպես բացառիկ և արժեքավոր վկայություն` հավաստելով հայկական մշակույթի մշտառկա դերը և նրա ունեցած ազդեցությունը տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի և մշակույթի համատեքստում:
Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունն աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում, հայկական բազմադարյա մշակույթի և արվեստի արժեվորման և հանրահռչակման բացառիկ հնարավորություն է:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2015 թվականի հունվարի 4-ը:

Ցուցահանդեսը մի մեծ նախագծի շարունակություն է, որի երկու փուլերը կայացել են 2003 թվականի «Առաջին քաղաքների արվեստը. Ք.ա. III հազարամյակը Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան» և 2008 թվականի «Բաբելոնից անդին. արվեստը, առևտուրը և դիվանագիտությունը Ք. ա. II հազարամյակում» խորագրերով:

Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է 2008 թվականին կայացած ցուցահանդեսին՝ բրոնզեդարյան մշակույթի եզակի նմուշով:

 

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]