Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի բժիշկները կողմնակի ազդեցություններ չեն բացահայտել Էբոլայի դեմ պատվաստանյութը փորձարկելիս

ԱՄՆ-ի բժիշկները կողմնակի ազդեցություններ չեն բացահայտել Էբոլայի դեմ պատվաստանյութը փորձարկելիս

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի բժիշկները կողմնակի ազդեցություններ չեն բացահայտել տասը կամավորների վրա Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության դեմ փորձարարական պատվաստանյութը կիրառելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, որը սեպտեմբերի 16-ին ելույթ է ունեցել Կոնգրեսի Սենատի հատկացումների կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ:

Ֆաուչին պատմել է, որ «քսան մարդուց բաղկացած խմբի վրա պատրաստուկի փորձարկումներն սկսել են սեպտեմբերի 2-ին»: «Ներկայում պատվաստանյութը ներարկվել է տասը կամավորների, եւ, ինչպես մենք տեսանք, դրա նկատմամբ օրգանիզմի ոչ մի կողմնակի հակազդում չի հայտնաբերվել»,- ասել է նա:

Առաջիկա օրերին պատրաստուկը կներարկվի տասն այլ կամավորների:

Ինստիտուտի տնօրենը նշել է, որ ԱՄՆ-ում պատվաստանյութի փորձարկումները կավարտվեն նոյեմբերի վերջին- դեկտեմբերի սկզբին: «Այնուհետեւ մենք կանցկացնենք այլ փորձարկումներ՝ ստուգելու պատրաստուկի անվտանգությունն ու արդյունավետությունը»,- հայտնել է Ֆաուչին,

Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է, որ Արեւմտյան Աֆրիկան ճարակած Էբոլա տենդի համաճարակն անվերահսկելի է դառնում: Նա կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ ակտիվ գործողություններ ձեռնարկել վտանգավոր հիվանդության տարածումը կանխելու համար:

«Դաժան ճշմարտությունն այն է, որ Արեւմտյան Աֆրիկայում մոլեգնում է աննախադեպ մասշտաբների համաճարակը: Այն խորանում է եւ դուրս է գալիս հսկողությունից, իրադրությունը վատթարանում է»,- նշել է Օբաման: Նրա խոսքով, եթե համաճարակը չկանխվի, ապա այն կարող է վարակել հարյուր հազարավոր մարդկանց:

«Վիրուսի տարածումը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել տնտեսության, քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում»,- ասել Է նախագահը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել Է, որ առնվազն 1 մլրդ դոլար Է պահանջվում Էբոլա տենդի դեմ արդյունավետ պայքարելու համար: Նրա տվյալներով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում կազմակերպության կարիքները տասնապատիկ աճել են եւ կշարունակեն աճել, եթե տենդով վարակվածների թիվը այսուհետեւ Էլ մեծանա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհ Է դարձել առնվազն 2,5 հազար մարդ, եւս 5 հազար հոգի վարակված են: Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի: ԱՀԿ-ն բարոյական է համարել հիվանդությունը բուժելու համար փորձարարական դեղամիջոցների օգտագործումը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]