Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱԺ-ում կայացել է ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստը

ԱԺ-ում կայացել է ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի 
հանձնաժողովի 43-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում սեպտեմբերի 16-ին անցկացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստը: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նիստը ողջույնի խոսքով բացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է փոխգործակցության ամրապնդումը ՍԾՏՀ ԽՎ շրջանակներում, որն այսօր հանդիսանում է Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության խթանման կարեւոր մարմիններից մեկը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ կարեւոր է, որ կազմակերպությունն արձագանքի մասնակից բոլոր պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է: «Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարեւան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Հայաստանը հետամուտ է Լեռնային Ղարաբաղի խնդրի միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ այդ իրավունքի իրացումը», -իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ 1915թ. Թուրքիայի իշխանությունների կողմից պետական մակարդակով իրագործված ոճրագործությանը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Նրա խոսքով՝ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նա եւս մեկ անգամ կարեւորել է աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից: «Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից եւ տասնամյակներ շարունակ իր ժխտողական քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Ռումինիայի պատվիրակության ներկայացուցիչ, ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Իոան Վուլպեսկուն բացման խոսքում ներկայացրել է նիստի օրակարգային հարցերը եւ արդյունավետ աշխատանք մաղթել նիստի մասնակիցներին:

Օրակարգը եւ հանձնաժողովի 42-րդ նիստի արձանագրությունը հաստատելուց հետո պատվիրակներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: «Գենդերային հավասարությունը ՍԾՏՀ տարածաշրջանում. ձեռբերումներն ու մարտահրավերները» զեկույցի նախագծի վերաբերյալ հանդես է եկել Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչ Լյուդմիլա Բոկովան: Նա ներկայացրել է գենդերային հավասարության խնդիրները տարածաշրջանում, այդ ոլորտում անդամ պետությունների ազգային քաղաքականությունը, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավական հիմքը: Նա ընդգծել է, որ ՍԾՏՀ տարածաշրջանում իրավական բարեփոխումների արդյունքում վերջին տարիներին բարելավվել է գենդերային հավասարությանն առնչվող օրենսդրությունը: Նրա գնահատմամբ՝ ոլորտում անհրաժեշտ են նոր մոտեցումներ:

Նիստի մասնակիցները զեկույցի նախագիծը հավանության են արժանացրել: Գլխավոր վեհաժողովում հարցը կներկայացնի տիկին Բոկովան:

«Գենդերային հավասարությունը ՍԾՏՀ տարածաշրջանում. ձեռբերումներն ու մարտահրավերները» առաջարկության նախագծի վերաբերյալ իր տեսակետներն է հայտնել Իոան Վուլպեսկին: Նա շեշտել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ն կարեւորում է գենդերային հավասարությանն առնչվող խնդիրների վերաբերյալ կոնկրետ առաջարկների ներկայացումը՝ անհրաժեշտ համարելով գենդերային եւ ընտանեկան խնդիրների վերաբերյալ նոր մոտեցումների մշակումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ԽՎ-ն առաջարկում է անդամ-պետությունների խորհրդարաններին եւ կառավարություններին ներկայացնել առաջարկներ եւ լուծումներ օրենսդրական բազայի կատարելագործման համար, մշակել միասնական համակարգ, որը հաշվի կառնի ազգային առանձնահատկությունները ինստիտուցիոնալ մեխանիզմները, նպաստել կանանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Քննարկումների արդյունքում պատվիրակները հավանության են արժանացրել առաջարկության նախագիծը: Գլխավոր վեհաժողովում հարցը կներկայացնի պարոն Վուլպեսկին:

Նիստի վերջում որոշում է կայացվել. որ հանձնաժողովի հաջորդ` 44-րդ նիստը տեղի կունենա 2015 թվականի ապրիլի 15-16-ին՝ Անկարայում: Այդ նիստում որպես օրակարգային հիմնական հարց կքննարկվի «Սպորտի դերը ՍԾՏՀ տարածաշրջանում զբաղվածության եւ հասարակության համերաշխության ամրապնդման գործում» թեման: Հարցի վերաբերյալ հիմնական զեկուցող է նշանակվել Հունաստանի ներկայացուցիչը՝ Գավրիիլ Ավրամիդիսը:

Սպառելով օրակարգը` երեւանյան նիստն ավարտել է աշխատանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]