Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԼՂՀ-ում էկոգյուղերի ցանց է ստեղծվելու

ԼՂՀ-ում էկոգյուղերի ցանց է ստեղծվելու

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոգյուղերի ցանց է ստեղծվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն համայնքներում։ «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի ստեղծման նախաձեռնությունը համակարգում են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները։ «Մենք ցանկանում ենք ներգրավել հնարավորինս շատ հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի և այս պահին մեր նախաձեռնությանն անդամակցել են ավելի քան 20 կազմակերպություններ»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը և ավելացրեց, որ ստեղծվում է նաև կամավորների բազա, որում արդեն ընդգրկված են 70 և ավելի կամավորներ։ «Այդ բազայի օգնությանբ երիտասարդները կայցելեն էկոգյուղեր և կամավորության սկզբունքով կիրականացնեն ուսուցողական և տարաբնույթ այլ աշխատանքներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա։

ՀԿ նախագահը նշեց, որ էկոգյուղի հիմնական չափանիշներն են՝ էկոկրթության սերմանումը, առանց թունաքիմիկատների՝ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ստեղծումը, աղբի տեսակավորումը և վերամշակումը, էներգախնայողության խթանումը և էկոտուրիզմի ու ագրոտուրիզմի զարգացումը։ «Մեր նպատակներից է էկոտուրիզմի և ագրոտուրիզմի շնորհիվ գյուղերի բնակչությանն ապահովել այլընտրանքային եկամտի միջոցներով, ինչը հնարավորություն կտա կանխելու գյուղերի բնակչության արտագաղթը»,-ասաց բանախոսը և հավելեց, որ տեղական սննդի բրենդավորման և զբոսաշրջիկների շրջանում առաջխաղացման նպատակով, նախատեսվում է Ստեփանակերտ-Վանք ճանապարհին կից տարածքում(Աստղաշեն-Պատարա տանող ճանապարհի մոտ) ստեղծել էկոգյուղերի արտադրության վաճառքի կետ, որը կապահովի տեղում գյուղական ապրանքների համտես և վաճառք։

Իր հերթին՝ «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Պետրոսյանը նշեց, որ իրենք արդեն հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, և նա հավանություն է տվել իրենց ծրագրին։ «Գյուղապետերը նույնպես ողջունում են մեր նախաձեռնությունը։ Հիմա գյուղերին արդեն հասանելի է համացանցը, որը դեռևս վատ որակի է, սակայն օրեցօր համացանցի որակը բարելավվում է»,- ասաց Պետրոսյանը։

Նախաձեռնության անդամները համոզմունք հայտնեցին, որ իրենց նախաձեռնության շնորհիվ Խնձրիստանի, Պատարայի, Աստղաշենի և, ընդհանրապես, Արցախի գեղեցիկ հուշարձանները և հրաշալի բնությունն ավելի ճանաչելի կդառնան աշխարհին։

2014թ. հուլիսի 21-26 ԼՂՀ Խնձրիստան գյուղում կազմակերպվել էր վրանային ճամբար, որի նպատակն էր հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ անհատների մասնակցությամբ քննարկել և առաջարկել Արցախում էկոգյուղի մոդելի ներդրման գաղափարը, և հիմնել «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ստեղծման ցանց։

Էկոտուրիզմը (էկոլոգիական զբոսաշրջություն, էկոզբոսաշրջություն), բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն է։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]