Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրեցիները ցնծությամբ դիմավորեցին «Սպիտակ արջ»-ին

Գյումրեցիները  ցնծությամբ դիմավորեցին  «Սպիտակ արջ»-ին

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցիները սեպտեմբերի 15-ին ցնծությամբ դիմավորեցին  «Սպիտակ արջ»-ին: Հունահռոմիական ոճի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին երգ ու պարով գյումրեցիները դիմավորեցին քաղաքի մուտքի մոտ, որտեղից Գյումրու խորհրդանիշ ֆայտոնով, քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ, շարժվեցին Գյումրու «Վարդանաց» հրապարակ:

Չեմպիոնի առաջին կանգառը Գյումրու  «Սբ Յոթ վերք» եկեղեցին էր, որտեղ գյումրեցի դյուցազնին դիմավորեց և իր օրհությունը հղեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:


«Մեկ անգամ ևս Գյումրին ցույց տվեց իր հզորությունը՝ տալով աշխարհի երկու չեմպիոն: Բավական ժամանակ է, որ աշխարհի չեմպիոն չէինք տալիս և փառք Աստծո, որ մեր երեսը դարձյալ «պարզ եղավ»: Սուրբ Խաչի այս սքանչելի տոնին Արթուրն այդ հաղթանակը մեզ պարգևեց և սուրբ Խաչը մեկ անգամ ևս հաղթական եղավ: Բոլորս հիմա պետք է աղոթենք, որ երկու տարի հետո օլիմպիական չեմպիոնի տիտղոսին արժանանա»,- նշեց Միքայել սրբազանը՝ հույս հատնելով, որ Սուրբ Յոթ վերքի զորությամբ Արթուր Ալեքսանյանը կգրանցի նորանոր հաղթանակներ:

Եկեղեցում աղոթելուց և մոմ վառելուց հետո բոլորը  շարժվեցին  դեպի «Վարդանաց» հրապարակ, որտեղ վերջինիս դիմավորեցին ուրախ շուրջպարով ու հաղթական քայլերգով:


Հարյուրավոր գյումրեցիներ էին հավաքվել հրապարակում՝ ողջունելու և շնորհավորելու Արթուր Ալեքսանյանի փառահեղ հաղթանակը: Գյումրին  հունահռոմիական ոճի աշխարհի չեմպիոն  է տալիս 21 տարվա ընդմիջումից հետո:  Հունահռոմիական ոճի աշխարհի չեմպիոնի վերջին մեդալը Գյումրիին պարգևել էր Աղասի Մանուկյանը 1993 թվականին՝ Շվեդիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ:


«Արթուրի այս հաղթանակը փառահեղ էր՝ Տաշքենդում ունենալով  5 տպավորիչ հաղթանակ, եզրափակչում ընդամենը 56 վայրկյանում հաղթանակ գրանցեց: Այս հաղթանակը չէր կարող ցնծությամբ չնշվել Գյումրիում»,-  նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Այսօր Գյումրիի ու բոլոր գյումրեցիների համար տոն է: Գյումրիին այսպիսի հաղթանակներ պետք էին: Գյումրին սպորտի, արհեստի, արվեստի, հավերժ մշակութային մայրաքաղաք է»,- ասաց քաղաքապետը:


Արթուրի փոխարեն իր տպավորությունները  գյումրեցիների հետ կիսեց մարզիկի հայրը՝ անձնական մարժիչ Գևորգ Ալեքսանյանը:

«Մրցումներից հետո ես շատ հուզված էի, նույն հուզմունքը նաև այս պահին է: Երբ տեսնում ես քո քաղաքում ինչպես են գնահատում քո արածը, նոր ես պատկերացնում թե ինչ ես արել: Ես ևս մեկ անգամ ապրեցի հաղթանակի պահը: Այս հաղթանակը շատ սպասված էր ու երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք: Թեև Արթուրը մինչ այս շատ մեդալների ու մրցանակների է արժանացել, բայց սա լրիվ ուրիշ բան է՝ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չեմ կարող փոխանցել այն զգացմունքը, որ ես ունեցա, երբ Արթուրը կանգնեց հաղթական ամենաբարձր պատվանդանին, դա աննկարագրելի է: Համոզված եմ, որ դուք ևս՝ բոլորդ, իմ հետ հավասար ուրախացաք: Շնորհակալ եմ»,-նշեց Գևորգ Ալեքսանյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]