Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բեթթին «People of the sun» երգով ներկայանում է «Մանկական եվրատեսիլի» ընտրական փուլին

Բեթթին «People of the sun» երգով ներկայանում է «Մանկական եվրատեսիլի» ընտրական 
փուլին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքրիկ երգչուհի, «Լավագույն մանկական հեռուստադեմք» Էլիզաբետ Դանիելյանը (Բեթթին) իր «People of the sun» («Արևի մարդիկ» ) երգով մասնակցում է այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան ընտրական փուլին։ Փոքրիկ երգչուհին երազում է մեր երկիրը պատվով ներկայացնել հեղինակավոր մրցույթում և հաղթական դափնին Մալթայից բերել Հայաստան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բեթթին խոստովանեց, որ շատ լավ է տրամադրված հայաստանյան ընտրական փուլից առաջ: «Մանկուց միշտ երազել եմ մասնակցել «Մանկական Եվրատեսիլին» և միշտ դիտել եմ այն: Ինձ շատ է դուր եկել այս մրցույթը: Հայաստանյան ընտրական փուլին հանդես եմ գալու «People of the sun» («Արևի մարդիկ» ) երգով և հույս ունեմ հաղթել ու մեկնել Մալթա»,-նշեց Բեթթին:

Փոքրիկ երգչուհին «People of the sun» երգի հեղինակներից է: «Ինձ օգնել են երգի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը և Մանե Հակոբյանը: Գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը: Երգը կոչվում է «Արևի մարդիկ», որովհետև ես իմ ընկերներին՝ Հայաստանի բոլոր երեխաներին, հենց այդպես եմ անվանում, քանի որ նրանք արևոտ, ուրախ և երջանիկ մարդիկ են: Ինձ թվում է, որ յուրաքանչյուրը պետք է հենց այդպիսին լինի»,-ասաց նա:

Երգչուհին ոգևորված է, սակայն այնքան էլ չի հուզվում, որովհետև աշխարհի տարբեր ծայրերից աջակիցներ ունի: Բեթթին մասնակցել է  տարբեր մրցույթների ու փառատոնների և ձեռք բերել լավ ընկերներ, ովքեր քաջալերում  են նրան՝ ուղարկելով ոգևորող նամակներ: Անգամ «Մանկական եվրատեսիլի» հայաստանյան ընտրական փուլի մրցակիցներից մեկը, ով նաև իր ընկերն է, իր ֆեյսբուքյան էջում կոչ է անում քվեարկել Բեթթիի օգտին: Կարճ ժամանակում մանուկները սիրեցին այս արևոտ երգը: «Հույս ունեմ, որ նրանց հուսախաբ չեմ անի»,-նշեց Բետտին: Էլիզաբետ Դանիելյանը մրցույթի բոլոր մասնակիցներին հաջողություն է մաղթում:

Էլիզաբետ Հակոբի Դանիելյանը (Բեթթին ) ծնվել է 2003 թվականի մարտի 7-ին: Չորս տարեկանից հաճախել է Պարարվեստի պետական ուսումնարան: Վեց տարեկանից սովորում է Հայաստանի ազգային մշակույթի կենտրոնում՝ հաճախում է նկարչության, ասեղնագործության, օրիգամիի, խեցեգործության խմբակներ: Փոքրիկ երգչուհին 2013 թվականին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին և գրավել  երրորդ պատվավոր հորիզոնականը: 

Բազմաթիվ մրցույթների, փառատոնների դափնեկիր է. 2014 թվականի ապրիլին մասնակցել է «Մանկական Նոր ալիքի» մոսկովյան փուլին և անցել կիսաեզրափակիչ: Հաջողություններ է գրանցել նաև «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում: Վերջերս Հայաստանի հանրային ռադիոընկերության կողմից արժանացել է «Լավագույն մանկական հեռուստադեմք» կոչման:

Բեթթին վարում է երկու հաղորդաշար՝ «Betty Show»-ն՝ 21TV-ով և «Տանը մենակ»–ը՝ H2 հեռուստաալիքով: Բազմաթիվ երգերի և բանաստեղծությունների հեղինակ է, հաճախում է կիթառի պարապմունքների: Բեթթին սովորում է Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի վեցերորդ դասարանում: Նրա վոկալի ուսուցչուհին Էմմա Ասատրյանն է:

Փոքրիկ երգչուհին երազում է Հայաստանն այս տարի ներկայացնել Մալթայում և զուգերգ կատարել Ադրիանո Չելենտանոյի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]