Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալլա Լևոնյանը բեմում է արդեն 20 տարի

Ալլա Լևոնյանը բեմում է արդեն 20 տարի

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լևոնյանն արդեն 20 տարի բեմում է: Ուղիղ քսան տարի Լևոնյանն իր երգերով բազմաթիվ յուրահատուկ ակնթարթներ է պարգևում իր ունկդրին: Երգչուհին այդ հոբելյանը որոշել է տոնել մեծ մենահամերգով, որը կկրի «Ճանապարհ» խորագիրը: Մենահամերգը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ալլա Լևոնյանը խոստովանեց, որ մենահամերգի պատրաստությունները բուռն են ընթանում: «Հենց այս պահին էլ բոլորս աշխատում ենք: Արդեն գրեթե երրորդ ամիսն է, որ ամեն օր հավաքվում ենք: Շատ մեծ նախագիծ է իրականացվում, շատ բեմադրություններ կան, սակայն չեմ ցանկանա ծավալվել, որովհետև ամեն ինչ հետաքրքիր կլինի վերջնական տարբերակով»,- նշեց նա:

Երգչուհին ընդգծեց, որ երեկոյի ընթացքում հանդես կգա Կարեն Գևորգյանի ղեկավարած «Բերդ» համույթը: «Քանի որ երեկոն կրում է «Ճանապարհ» խորագիրը , մենք նաև նկարահանումներ ենք կատարել և իմ կյանքից դրվագներ ենք ցուցադրելու: Իմ աղջիկն է ինձ ներկայացնում մանուկ հասակում, որովհետև տեսքով շատ նման է ինձ: Նրանից լավ ոչ ոք չէր կարող իմ մանկությունը ներկայացնել: Բացի այդ, ապահովել ենք կենդանի նվագակցությունը: Երեկոյին կմասնակցի նաև մանկական երգչախումբ»,-նշեց Ալլա Լևոնյանը:

Երգչուհին խոստովանում է, որ երկար ժամանակ Հայաստանում մենահամերգով հանդես չէր եկել: «Օպերային թատրոնի դահլիճում համերգ եմ ունեցել վեց տարի առաջ: Տարվա կտրվածքով մի շարք երկրներում ունենում եմ մենահամերգներ, պարզապես հայրենիքում նման բան մի քիչ դժվար է կազմակերպել: Խնդիրն առաջին հերթին ֆինանսական է: Կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ  ընկերներին, որոնք անում են հնարավոր ամեն ինչ, որ մեր բոլոր մտքերն ի կատար ածվեն»,-ընդգծեց նա:

Ալլա Լևոնյանը փաստեց, որ երեկոյի ընթացքում կլինեն դուետներ, ինչպես նաև այլ հետաքրքիր անակնկալներ: «Հաճելի է, որ մինչև համերգը դեռ երկու շաբաթ կար, սակայն հատուկենտ տոմսեր էին մնացել: Թող որպես անհամեստություն չհնչի՝ ես գիտեի, որ երկրպագուներ ունեմ, բայց չէի սպասում, որ այսպես կլինի: Շատ հաճելի էր»,-նշեց նա:

Երևանյան մենահամերգից անմիջապես հետո Լևոնյանը կմեկնի Միացյալ Թագավորություն: Սեպտեմբերի 18-ին երգչուհին մենահամերգով հանդես կգա Լոնդոնում: Իրադարձությունը կնվիրվի Հայաստանի անկախության տոնին, որն այս անգամ Ալլա Լևոնյանը կտոնի տեղի հայերի հետ:

Ալլա Լևոնյանը ծնվել է 1975թ. հունիսի 26-ին, Արարատի մարզի Ավշար գյուղում: 1992թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Հաճախել է Երևանի Գրողների միության «Պիոներ կանչ» թերթի «Բողբոջ» խմբակ, որտեղ տպագրվել են նրա բանաստեղծությունները: Դպրոցական տարիներին հաճախել է մանկական կոմպոզիցիայի, երաժշտական, նկարչական, մարզական խմբակներ: 1993թ. այցելել է «Արձագանք» ստուդիա, որտեղ մասնակցել է ամենամսյա «Բոհեմ» մրցույթ-փառատոնին` իր հեղինակած «Օտարական» և «Վերադարձիր» երգերով և արժանացել 1-ին մրցանակի: 1997-99թթ. «Ես եմ», «Հայաստան», «Հոյնար» երգերով մասնակցել է «Այո» մրցույթ-փառատոններին և 3 տարի անընդմեջ հաղթել: 1999-ից ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ հայրենիքում և արտասահմանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժնում: Աշխատել է նաև Հայաստանի Հանրային ռադիոյում և ունեցել է սեփական հաղորդումը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների արտերկրում և Հայաստանում: Թողարկել է 5 ձայնասկավառակ և մեկ տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 17 տեսահոլովակ: 2011թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստուհու կոչման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am