Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Կանգառ Երևանում» ցուցահանդեսի հասույթը կուղղվի սիրիահայերին

«Կանգառ Երևանում» ցուցահանդեսի հասույթը կուղղվի սիրիահայերին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հալէպ» հայրենակցական հասարակական կազմակերպությունը Ֆրանսիայում բնակվող նկարիչների «Դիասպո Արթս» խմբի, ինչպես նաև հայաստանաբնակ և սիրիացի մի քանի արվեստագետների մասնակցությամբ մեկ ամիս շարունակ ՄԱԿ-ի գրասենյակում ներկայացնելու է նկարների բարեգործական ցուցահանդես-վաճառք: «Կանգառ Երևանում» խորագրով ցուցահանդեսից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Հալէպ» հայրենակցական հասարակական կազմակերպությանը՝ սիրիական ճգնաժամից տուժած ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Իրադարձությանը ներկայացված են հայ, ֆրանսիացի, սիրիահայ նկարիչների գործեր: Վաճառքի հասույթը «Հալէպ»-ն օգտագործելու է սիրիահայերի համար բնակարանների կառուցման համար: Նկարների արժեքը տատանվում է 80 հազարից մեկ միլիոն դրամի միջակայքում:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը նշեց, որ ցուցահանդես-վաճառքին ներկայացված է մոտ 60 նկար:

«Բոլոր նկարների հեղինակները հանրաճանաչ արվեստագետներ են, և, իմանալով, որ նախաձեռնությունը սիրիահայերին օգնելու համար է, որոշել են ներկայացնել իրենց գործերը, որոնք բավականին թանկ են: Գումարը կփոխանցվի «Հալէպ» հայրենակցական-բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ կացարան ստեղծելու համար: Այդ նախաձեռնությունը հավանաբար կկոչենք Host Syrian family: Հավանաբար կկարողանանք աջակցել 20 ընտանիքի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Անահիտ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ նման բարեգործություններ կազմակերպելը շատ կարևոր է:

«Հալէպ» հայրենակցական-բարեսիրական հասարակական կազմակերպության երիտասարդական հանձնաժողովի անդամ Հակոբ Կազանջյանը նշեց, որ կազմակերպությունն ի սկզբանե իր առջև նպատակ էր դրել կազմակերպել ցուցահանդես-վաճառքներ տարբեր սրճարաններում, գրադարաններում:

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն առաջարկեց երկրորդ ցուցահանդեսը կազմակերպել հենց իրենց գրասենյակում: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև սեպտեմբերի վերջ»,- նշեց նա:

«Հալէպ» հայրենակցական-բարեսիրական հասարակական կազմակերպության երիտասարդական հանձնաժողովի անդամի խոսքով՝ նախորդ ցուցահանդեսից արդեն իսկ վեց գործ է վաճառվել:

«Չենք կարող ասել, թե այս ցուցահանդեսից որքան նկար կվաճառվի: Մենք նկարները ցուցադրում ենք նաև կայքի միջոցով, այնպես որ հնարավոր է դրանք դիտել և օգնել սիրիահայերին՝ արվեստի միջոցով»,- հավելեց նա:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո երաժշտական կատարմամբ հանդես եկավ «Old Band-Ethnic Group»-ը:

Նմանատիպ ցուցահանդես արդեն կազմակերպվել էր օգոստոսին՝ Ժամանակակից արվեստի թանգարանում:

«Հալէպ» հայրենակցական հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել սիրիական ճգնաժամից տուժած, Հայաստանում ապաստան գտած, ինչպես նաև դեռևս Սիրիայում բնակվող սիրիահայերին, մասնավորապես, Հայաստանից արտագաղթը կանխելու նպատակով նրանց կացարանով ապահովելու միջոցով:

«Դիասպո Արթս»-ի նպատակն է կամուրջի դեր կատարել ծագումով հայ և հայկական մշակույթին ծանոթ արվեստագետների միջև՝ տարածելու համար ժամանակակից արվեստը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]