Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում ԱԱՀ-ի վճարման ժամկետը կերկարացվի

ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում ԱԱՀ-ի վճարման ժամկետը կերկարացվի

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի համար մի շարք առավելություններ է ստեղծում: Սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց այդ առավելությունները: «Առաջին կարևորագույն հարցը վերաբերում է տարբեր տեսակի ելքի և մուտքի տուրքերից ազատմանը: Եթե Հայաստանն ունի միայն մուտքի տուրքեր, ապա այնպիսի երկիրը, ինչպիսին Ռուսաստանն է, ունի նաև ելքի տուրքեր, որոնք չափազանց էական են մեր նման երկրի համար: Դրանք վերաբերում են այնպիսի հումքային ապրանքներին, ինչպիսիք են գազը, նավթամթերքը և չմշակված ադամանդը: Մենք հիմա արդեն առաջ ենք անցել և այդ բնագավառում ունենք Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագիր և, ըստ էության, մենք այսօր այդ ապրանքատեսակների առումով ունենք նույն ռեժիմը, որն ունեն Մաքսային միության անդամ մյուս երկրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը:

Մյուս առավելությունը Գագիկ Մինասյանը համարում է բուսասանիտարական, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող ապրանքների սանիտարական նորմերի հետ կապված խնդիրների վերացումը: «Դուք տեղյակ եք, որ այս հարցը վերջերս մեծագույն խնդիր է դարձել տարբեր երկրների միջև առևտրային պատերազմների պարագայում: Այս բոլոր ծառայություններն աշխատելու են նույն ստանդարտներով, և այն շուրջ 100 միլիոնանոց շուկան, որը բացվելու է Հայաստանի համար, կօգնի զերծ մնալ այս խոչընդոտներից»,- նշեց Մինասյանը:

Գագիկ Մինասյանը կարևոր է համարում նաև ավելացված արժեքի հարկի մուծման հետաձգումը, որը տեղի կունենա Մաքսային միության անդամ դառնալուց հետո: «Ներկայումս մեր օրենսդրությամբ արձանագրված է, որ եթե ներմուծում եք, ապա անմիջապես պետք է վճարեք այդ հարկատեսակը: Միանալով Եվրասիական տնտեսական միությանը՝ մենք կունենանք այն ռեժիմը, որ ունեն այդ կառույցի անդամ երկրների տնտեսվարող սուբյեկտները: Այդ դեպքում արդեն ավելացված արժեքի հարկի մուծումը պետք է իրականացվի հաջորդ ամսվա 20-ին: Այսինքն, նվազագույնը 20 օրով, իսկ առավելագույնը 50 օրով հետաձգվելու է ավելացված արժեքի հարկի մուծումը»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ սա էական խթան է լինելու տնտեսվարող սուբյեկտների համար, որովհետև իրենք կարող են 20-50 օրվա ընթացքում շրջանառության մեջ դնել իրենց ներմուծած ապրանքը և վճարել հարկը:

Միևնույն ժամանակ, Մինասյանն ընդգծեց, որ 50 օրն այնքան էլ մեծ ժամանակահատված չէ, սակայն եթե համեմատենք այն 1 օրվա հետ, ապա սա դրական խթան է լինելու տնտեսվարողների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]