1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նրա ձայնը լսելի է հայ գրական աշխարհում

Նրա ձայնը լսելի է հայ գրական աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեկամները, հարազատները, ընկերներն ու պարզապես Լևոն Անանյան մտավորականի և գրողի երկրպագուները մեծ սիրով են հիշում Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահին: Լևոն Անանյանն արդեն ուղիղ մեկ տարի մեզ հետ չէ, սակայն նրա հիշատակը միշտ վառ է մնում բոլորի սրտերում: Երևանում նախորդ տարի հենց այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, 67 տարեկանում կյանքից հեռացավ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Անանյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Լևոն Անանյանի հետ երկար տարիներ է աշխատել: «Համալսարանից դեռևս ճանաչում էի նրան, սակայն տարիներ անց ավելի մտերմացանք: Միասին աշխատում էինք «Գարուն» ամսագրում, հետո էլ սկսեցինք համագործակցել Գրողների միությունում: «Գարուն» ամսագրում Լևոն Անանյանն արվեստի բաժնի վարիչն էր, շատ լավ հոդվածներ էր գրում, թարգմանություններ կատարում: Շատ աշխատասեր անձնավորություն էր, սիրում էր նոր բաներ հորինել, հետաքրքիր մտածող էր»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միլիտոնյանը:

Միլիտոնյանի խոսքով՝ օրերս Տավուշի մարզիԿողբ գյուղում հանդիսավորությամբ բացվեց Լևոն Անանյանի անունը կրող Պոեզիայի պուրակը և հուշաղբյուրը: Միջոցառումը նախաձեռնել էին «Լոռվա ձոր» և «Նոյեմբերյան» հայրենակցական և Հայաստանի գրողների միությունները: «Լևոն Անանյանին պետք է մշտապես հիշեն, արժևորեն նրա թողած ժառանգությունը: Մենք այսօր գրողներով կայցելենք նրա շիրիմին, և մեր հարգանքը կմատուցենք Լևոն Անանյանին»,-հավելեց նա:

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը Լևոն Անանյանի հետ առաջին անգամ հանդիպել է 1989 թվականին: «Մի օր համարձակությունս հավաքեցի և բանաստեղծություններս տարա «Գարուն» ամսագիր: Մինչ այդ երազում էի գարունական դառնալ, ամսագրի ոչ մի համար բաց չէի թողնում: «Գարուն»-ի խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը գործերս վերցրեց և ինձ հանձնարարեց մի հոդված գրել: Նյութ գրեցի Լենինականի դպրաթատրոնի մասին: Լևոն Անանյանն էլ այդ նյութը կարդաց, և շատ ջերմ խոսքեր ասաց»,- մեզ հետ զրույցում վերհիշեց Խոդիկյանը:

«Գարուն»-ը երկրի համար ամենադժվար տարիներին շարունակվում էր լույս տեսնել գլխավորապես Լևոն Անանյանի շնորհիվ: «Լավ է, որ իրականացավ Լևոն Անանյանի երազանքներից մեկը՝ նա ստեղծեց «Ապոլոն» հրատարակչությունը, որն արդեն բազմաթիվ թարգմանական գրքեր է հրատարակել: Շատերն այդ տարիներին երազում էին հայերեն կարդալ համաշխարհային գրականություն, և Լևոնն իրականացրեց նաև նրանց երազանքը»,-նշեց Խոդիկյանը:

Այնուհետև Լևոն Անանյանը և Կարինե Խոդիկյանը ձեռնամուխ եղան «Գրական թերթ»-ի կայացման գործին:  «Լևոնը մի յուրահատուկ հատկություն ուներ՝ իր գաղափարներով կարող էր ոգևորել բոլորին: Գրական կապեր էր հաստատում, Գրողների միությունն էր զարգացնում, տաղանդավոր գրողների կողքին էր և մշտապես հավասար աչքով էր նայում բոլորին»,-հավելեց Խոդիկյանը:

Նրա խոսքով՝  ինքը Լևոն Անանյանի հետ վերջին անգամ զրուցել է մահվանից մի քանի օր առաջ: «Նույնիսկ հիվանդ ժամանակ Լևոն Անանյանը ոչ ոքի չէր մոռանում: Մեր ընկերությունը շատ երկար տևեց՝ 23 տարի»,- նշեց նա:

Կարինե Խոդիկյանի խոսքով՝  ինքը կորցրել է իր ընկերոջը, բարեկամին, խորհրդատուին, խմբագրին: «Նրա տիկնոջ՝ Աղավնիի հետ հաճախ ենք զրուցում, և երբեմն Լևոն Անանյանի մասին ներկայով ենք խոսում: Այս մեկ տարվա ընթացքում Գրողների միության շենք դժվարությամբ էի մտնում: Թվում է, թե միության շենքի ինչ-որ անկյունից կլսվի նրա ձայնը»,-տխրությամբ նշեց Խոդիկյանը:

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1992 թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է 2002 թվականից։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր: Հարյուրավոր հրապարակախոսական հոդվածների, գրքերի առաջաբանների, մշակութաբանական նյութերի հեղինակ է։ 2008 թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչում: 2013 թվականի սեպտեմբերի 2-ին 67 տարեկանում կնքել է իր մահկանացուն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]