Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանն Արիության դաս է անցկացրել Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում

Սեյրան Օհանյանն Արիության դաս է անցկացրել Աշոտ Նավասարդյանի անվան 
դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին ազդարարվել է նոր ուսումնական տարվա սկիզբը: Գիտելիքի և դպրության օրն ինչպես ամենուր, այնպես էլ Աշոտ Նավասարդյանի անունը կրող թիվ 196 դպրոցում տոնական հնչեղություն է ունեցել: Կրթօջախում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանական գերատեսչության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սեյրան Օհանյանը ողջունել է կրթօջախի սաներին և ուսուցիչներին, շնորհավորել ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` մաղթելով նոր բարձունքների նվաճում ու խաղաղ ապագա:

«Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են, միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակների: Անկասկած, այսօր մեզանից յուրաքանչյուրը հիշում է այն օրերը, երբ ինքն է սովորել դպրոցում: Թվում է, թե դպրոցն ավարտելուց հետո մենք ընդմիշտ հեռանում ենք այնտեղից: Սակայն ամեն մի ժամանակահատվածում մենք կապ ենք ունեցել դպրոցների հետ: Դպրոցներում ստացած գիտելիքների շարունակականությունն է, որ յուրաքանչյուր մարդու հաջողություններ է բերում իր հետագա ողջ կյանքի ընթացքում: Գիտելիքահենք գործունեության շնորհիվ է նաև, որ կարողանում ենք խելացի պաշտպանություն իրականացնել: Ուզում եմ նաև հավաստիացնել, որ ինչպես այսօրվա օրն է խաղաղ, այնպես էլ մնացած բոլոր օրերը հայկական բանակը պարտավորվում է խաղաղ երկինք, խաղաղ արարում ապահովել հայ ժողովրդի, հայ մանուկների համար»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Կարևորելով բանակ-դպրոց կապն ու կրթության դերը երկրի անվտանգության ապահովման գործում` Սեյրան Օհանյանը նշել է նաև, որ ներկայումս հանրապետության բոլոր դպրոցները կցված են զինված ուժերի զորամասերին, աշակերտները պարբերաբար հանդիպումներ են ունենում զինված ուժերի ներկայացուցիչների հետ, ծանոթանում բանակի և ծառայության պայմաններին: 

Կրթօջախի բակում կազմակերպված տոնական միջոցառումից հետո Սեյրան Օհանյանը և բարձրաստիճան մյուս հյուրերը ծաղիկներ են դրել Աշոտ Նավասարդյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև շրջայց են կատարել դպրոցում, եղել Աշոտ Նավասարդյանի անունը կրող թանգարանում, ՆԶՊ դասասենյակներում:

Սեպտեմբերի 1-ը հանրապետության համար 196 դպրոցում նշանավորվել է նաև Արիության դասով, որն անցկացրել է անձնամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` աշակերտներին ներկայացնելով ՀՀ զինված ուժերի անցած ուղին, զարգացման փուլերն ու առանձնահատկությունները, ինչպես նաև դրվագներ Արցախյան ազատամարտի տարիներից: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր, հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին` պատրաստ կատարելու ցանկացած մարտական խնդիր և արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]