1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Նոր գիրք»-6. Եվ դասականներ, և ժամանակակիցներ

«Նոր գիրք»-6. Եվ դասականներ, և ժամանակակիցներ

    ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Դուք սիրո՞ւմ եք ընթերցել նոր գրքեր: Ուրեմն, մեր նախագիծը հենց ձեզ համար է: Նոր գրքերը կարող եք ընտրել հենց մեր ցանկերից:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ դասական գրականություն 

Մուրացան, «Գևորգ Մարզպետունի»

«Իմ գրադարանը» մատենաշարի այս հատորով լույս է տեսել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը: Այս վեպում նկարագրվում են հայոց Բագրատունի թագավորների ժամանակաշրջանի իրադարձությունները: Պետականության և ազգային հարցերին զուգահեռ՝ Մուրացանը խորությամբ ներկայացնում է Աշոտ Երկաթ թագավորի՝ որպես պետական անձի և անձնական երջանկության ձգտող հասարակ մահկանացուի մեջ սիրո ու պատասխանատվության զգացումների պայքարը, թագավորի խորը ողբերգությունը:Կազմող՝ Նվեր Վիրաբյան: Գիրքը բաղկացած է 612 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

 

Ժամանակակից գրականություն 

Համլետ Նահատակյան, «Գրիգոր Նարեկացու դատավարությունը»


…Նարեկացին ունեցել է թշնամիներ ու բանսարկուներ: Նա մեղադրվել է հերձվածողության մեջ: Քիչ տեղեկություններ են մնացել այդ դատավարությունից. հայտնի չէ, թե ինչպես է ընթացել դատավարությունը կամ հարցաքննությունը: Միայն հայտնի է, որ Նարեկացին արդարացվել է, և դրանից հետո նրա նկատմամբ հարգանքն ավելի է մեծացել: Համլետ Նահատակյանն աշխատել է վերականգնել այդ դատավարությունը՝ ի մի բերելով հայ հանճարին նվիրված իր երկար տարիների որոնումները, օգտագործելով Նարեկացու ստեղծագործությունները և նրա մասին եղած գրականությունը: Գիրքը բաղկացած է 152 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն  

Պատրիկ Զյուսքինդ, «Օծանելիք»

Գերմանացի գրող Պատրիկ Զյուսքինդի ամենահայտնի վեպը մի մարդասպանի պատմություն է, բայց ոչ սովորական, այլ մարդասպան-հանճարի, որ ձգտում էր ստեղծել կատարյալ օծանելիք: Նրա՝ Ժան- Բատիստ Գրենույի որոնումները, մտածումներն ու նպատակասլացությունը, ինչպես նաև՝ անձնական ողբերգությունն է ի ցույց դրվում «Օծանելիք» վեպում: Գերմաներենից թարգմանել է Կարլեն Մատինյանը: Խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը: Գիրքը բաղկացած է 328 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

 

Մանկական գրականություն

Ջաննի Ռոդարի,  «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»

«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գրքի ներկա հրատարակությունը թարգմանված է բնագրից և առավել ամբողջական է, քանի որ ընդգրկում է նաև վիպակին կից չափածո հատվածներ, որոնք տարալեզու հրատարակություններում ինչ-ինչ պատճառներով անտեսվել են: Ռոդարիի ոճի ամենակարևոր դրսևորումը նրա նրբամիտ հումորն է, որով համեմված է վիպակի ողջ տեքստը:

Այն սկսվում է կտրուկ, առանց նախաբանի` միանգամից հղում կատարելով պատմական աղբյուրին. «Այս պատմությունն ինձ պատմել է հենց ինքը` Ջելսոմինոն»….Գիրքը բաղկացած է 192էջից: Այն հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]