Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թեհրանում հուղարկավորել են իրանահայ լրագրող, արվեստագետ Ժանետ Լազարյանին

Թեհրանում հուղարկավորել են իրանահայ լրագրող, արվեստագետ Ժանետ Լազարյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ հայ և պարսիկ մտավորականներ և հարազատներ Թեհրանի «Հայոց բուրաստանում» հողին են հանձնել իրանահայ անվանի արվեստագետ, վաստակավոր լրագրող, «Լազար» արտ-մոդեռն թանգարան-ցուցահանդեսի հիմնադիր, «Իրանահայոց հանրագիտարան» գրքի կազմող Ժանետ Լազարյանի դին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթից:

Ժանետ Լազարյանը ծնվել է 1940 թվականին, Թեհրանում, Նախիջևանից գաղթած ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Թեհրանում և Սպահանում, ապա բարձրագույն ուսումը շարունակել Լոնդոնի թագավորական «Ռոյալ քոլեջ»-ի արվեստի պատմության բաժնում:

Վերադառնալով ծննդավայր՝ աշխատել է որպես լրագրող: Ավելի ուշ հիմնել է արվեստի պատկերասրահ, որտեղ իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն են ունեցել ոչ միայն իրանահայ, այլև բոլոր իրանցի արվեստագետներն ու նկարիչները:

Նա տասը տարի աշխատել է «Իրանի նավթային ընկերությունում», նույն ժամանակ աշխատակցել է «Ֆերդովսի» ամսագրին եւ «Էթելաաթ» օրաթերթին: Ավելի ուշ աշխատանքի է անցել «Թեհրան ժուռնալ» անգլալեզու օրաթերթում` որպես արվեստի բաժնի պատասխանատու:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո` որպես ազատ լրագրող, աշխատել է «Դոնյայե սոխան», «Բոխարա» եւ «Թավուս» պարսկերեն ամսագրերում, ինչպես նաև «Թեհրան թայմս» և «Իրան նյուզ» անգլալեզու օրաթերթերում:

Իր լրագրողական գործունեության ընթացքում Ժանետ Լազարյանը հարցազրույցներ է վարել Վիլյամ Սարոյանի, Քեթի Բերբերյանի, Զուբին Մեհթայի, Հերբերտ ֆոն Կարայանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էմիլի Գիլսի, Փիթեր Բրուքի, ԻԻՀ-ում ՀՀ անդրանիկ դեսպան պրոֆ. Վահան Բայբուրդյանի և այլոց հետ:

2002 թվականին ԻԻՀ Նախագահ Մոհամմադ Խաթամիի հիմնած «Քաղաքակրթությունների երկխոսություն» կազմակերպության կողմից հրատարակվեց Ժանետ Լազարյանի պարսկերենով կազմած «Իրանահայոց հանրագիտարան»-ը, որը վերահրատարակվեց 2009-ին: Իսկ 2012-ին ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի աջակցությամբ հրատարակվեց նույն գրքի հայերեն տարբերակը:

Ժանետ Լազարյանը մեծ դեր է խաղացել Իրան-Հայաստան մշակութային կապերի ընդլայնման մեջ: Նրա շնորհիվ 2001 թվականին Իրանի Ժամանակակից արվեստի թանգարանում կայացել է Հայաստանի մերօրյա նկարիչների գործերի ցուցահանդես, իսկ 2004թ. Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է Իրանի երեք սերնդի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: 2008թ. նույն սրահում կազմակերպվել է Ղաջարական ժամանակաշրջանի գեղանկարչության ցուցահանդես:

Մշակութային անխոնջ գործունեության համար Ժանետ Լազարյանը արժանացել է պետական և ոչ պետական կառույցների տասնյակ շնորհակալագրերի և գնահատագրերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]