1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բնապահպանության նախարարությունում քննարկել են փոքր ՀԷԿ-երի առաջացրած էկոլոգիական խնդիրները

Բնապահպանության նախարարությունում քննարկել են փոքր ՀԷԿ-երի 
առաջացրած էկոլոգիական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրավիրել է խորհրդակցություն` «Փոքր հիդրոէլեկտրակայանների խնդիրները ՀՀ-ում» թեմայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, հանրապետության 22 ՓՀԷԿ-երի, ինչպես նաև խնդրով մտահոգ հասարակական կառույցների ներկայացուցիչներ` Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը: Վերջիններս ԶԼՄ-ներով պարբերաբար բարձրաձայնում էին ՀՀ տարբերի գետերի վրա տեղակայված ՓՀԷԿ-երի առաջացրած բնապահպանական խնդիրնների և այս ոլորտի վերանայման և բարեփոխման անհրաժեշտության հարցը:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, ընդգծելով ՓՀԷԿ-երի գործունեության կարևորությունը էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, այնուամենայնիվ, նշել է, որ մենք այսօր ունենք լուրջ խնդիրներ, կան ՓՀԷԿ-եր, որոնք գործում են որոշակի նախագծային շեղումներով, չեն պահպանում  ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նորմերը, չեն պահպանվում էկոլոգիական թողքերը:

«Մենք` որպես ոլորտի գործունեությունը կանոնակարգող լիազոր մարմին, նոր մոտեցումներ ենք ցուցաբերելու, առավել խիստ ենք լինելու խախտումների ու չարաշահումների նկատմամբ, ուստի, հարկ համարեցի այսօր կազմակերպել նման խորհրդակցություն՝ լսելու համար նաև ձեր հարցերն ու առաջարկությունները ` կապված ոլորտի հետ»,- նշել է նախարարը:

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, շնորհակալություն  է հայտնել չափազանց կարևոր հանդիպումը կազմակերպելու համար և նշել, որ ՓՀԷԿ-երը ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար, դա ՀՀ զարգացած ու կարևորագույն ոլորտներից մեկն է, և պետք չէ առանձին դեպքերի բացթողումները տարածել բոլորի վրա և միանշանակ քննադատաբար մոտենալ ամբողջ ոլորտին:

«Մենք պետք է հնարավորն անենք այս ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար, քանի որ մենք տեսել ենք 1990-ականների հոսանքազրկումները և գիտակցում ենք ՓՀԷԿ-երի կարևորությունը էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման համար: Այո, կան որոշակի խնդիրներ, որոնք վերջին տարիներին ավելի շատ կապված են սակավաջրության հետ, և չի կարելի հարցերը միակողմանի դիտարկել»,- նշել է նա:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը և ՀՀ ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանը ներկայացրել են իրենց մասնագիտական դիտողությունները և փոքր ՀԷԿ-երի նախագծման ու շահագործման ընթացքում վերանայման ու փոփոխության կարիք ունեցող դրույթները:

Մ. Քամալյանը մասնավորապես նշել է. «ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման ժամանակ ՀՀ ԲՆ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գործընթացի տարբեր փուլերում առաջանում են բնապահպանական լուրջ խնդիրներ, ոլորտը դարձել է բարձր ռիսկայնության, հասարակության դժգոհությունը գնալով մեծանում է: Վերջին 4 ամսում իրականացվել են 18 ՓՀԷԿ-երի ստուգումներ, կազմվել են 1,7 մլն դրամի վարչական տուգանքի որոշումներ, իսկ շրջակա միջավայրին հասցրած վնասը հաշվարկվել է մոտ 474 մլն դրամ: Թիրախային դաշտում են հայտնվել Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Լուռու մարզերի ՓՀԷԿ-երը»:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Մ. Քամայանն առաջարկել է իրականացնել ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ, այդ թվում` վերանայել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված էկոլոգիական թողքերի թույլատրելի ծավալները, հաշվի առնելով, որ էկոլոգիական թողքը պետք է հաշվարկվի` ելնելով կոնկրետ տվյալ ջրահավաք ավազանի էկոհամակարգի պահպանության կարիքներից` նկատի ունենալով տվյալ օբյեկտի էկոլոգիական առանձնահատկությունները (օրինակ` սահմանել ծավալները յուրաքանչյուր ամսվա համար կամ դադարեցնել այդ ամիսներին ՓՀԷԿ-երի աշխատանքները) և այլն:

Բնապահպան Լևոն Գալստյանը բարձրացրել է էկոլոգիական թողքի ծավալների սահմանման վերանայման անհրաժեշտությունը, և կոչ արել ՓՀԷԿ-երի սեփականատերերին գործունեության ընթացքում վերանայել մոտեցումները, քանի որ հանրապետության մոտ 35 ՓՀԷԿ-երում իրենց (ՀԲՃ) դիտարկումներով չեն պահպանվում էկոլոգիական թողքերը, ձկնանցարանները չոր են և այլն:

«ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը փոքր ՀԷԿ-երի կողմից սոցիալական եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման և մեղմացման նպատակով առաջարկել է օգտվել «Փոքր ՀԷԿ-երի կայուն զարգացում էներգիայի հուսալիության համար» նորվեգա-հայկական համագործակցության ծրագրի շրջանակներում մշակված առաջարկներից:

Եզրափակելով քննարկումը՝ նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ այսուհետ ԲՆ-ն առավել խիստ վերահսկողություն է սահմանելու ՓՀԷԿ-երի գործունեության նկատմամբ՝ բնությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասները նվազագույնի հասցնելու նպատակով, ինչպես նաև նշել է, որ ջրաբաշխման մեջ առաջնահերթությունը տրվելու է ոռոգման նպատակով իրականացվող ջրբացթողումներին՝ հաշվի անելով տարվա սակավաջրությունը: Նախարարը հայտնել է նաև, որ ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակում է նոր մեթոդ էկոլոգիական թողքերի սահմանման հարցում, և առաջիկայում վերանայվելու են  բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները՝ ոլորտը կանոնակարգելու և խախտումները նվազեցնելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]