Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը ուղերձ է եղել Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ

Սեյրան Օհանյանը ուղերձ է եղել Անհայտ կորածների միջազգային օրվա 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուղերձով է հանդես եկել Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության հասարակայնության և տեղեկատվության վարչությունից, նախարարն իր զորակցությունն է հայտնել Արցախյան ազատամարտում անհայտ կորածների ընտանիքների անդամներին:

«Արցախյան ազատամարտը մեզ համար այն սրբագույն պայքարն էր, որով կարողացանք պահպանել մեր ժողովրդի արժանապատվությունը: Ցավոք, պատերազմում ունեցել ենք անդառնալի կորուստներ, եղել են նաև անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչ այսօր անհայտության մեջ է: Այսօր` Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ հերթական անգամ հիշում ենք նրանց և մեր զորակցությունը հայտնում անհայտ կորածների ընտանիքների անդամներին:

Տարիներ առաջ ստեղծելով Հայաստանի անհայտ կորածների, գերիների և պատանդների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը` մեր պետությունը միջազգային կազմակերպությունների միջոցով հետևողական աշխատանք է տանում, որպեսզի անհայտ կորածների ճակատագրերը պարզորոշ դառնան, և ապահովվի ողջ մնացածների վերադարձը հայրենիք: 

Որպես այդ հանձնաժողովի նախագահ` ես առավել շահագրգռված եմ, որ վերջ դրվի տարիներ շարունակ ձգձգվող անհայտ կորածների և նրանց ընտանիքների անդադար տառապանքներին: Հավաստիացնում եմ, որ, կիրառելով միջազգային ատյանների հետ համագործակցության բոլոր ուղղությունները, մենք հայրենիք կվերադարձնենք օտարության մեջ ընտանիքների կարոտով ապրող մեր որդիներին:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի տվյալներով` Ղարաբաղյան համակարտության արդյունքում մեզ մոտ գրանցվել է ավելի քան 400 անհայտ կորած մարդ:

Դեռ 1992թ.-ից Հայաստանի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն սերտ համագործակցում է հայաստանյան իշխանությունների, մասնավորապես` պաշտպանության նախարարության հետ՝ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքների կարիքները հոգալու նպատակով։

Մենք մշտապես մտահոգված ենք անհայտ կորածների և նրանց ընտանիքների անտեսված չլինելու կարևոր խնդրով, որը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում: 
Սփոփում, մխիթարանք և համբերություն եմ մաղթում բոլոր անհայտ կորածների ընտանիքների անդամներին, վստահեցնելով, որ մեր հետևողական աշխատանքի շնորհիվ, այլևս չենք արտաբերի «անհայտ կորած» եզրույթը»,- ասվում է ուղերձում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]