1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահի պատգամն աշակերտներին` ինչ մասնագետ էլ դառնաս, կարևոր է լինել լավագույնների շարքում

Նախագահի պատգամն աշակերտներին` ինչ մասնագետ էլ դառնաս, կարևոր է լինել 
լավագույնների շարքում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթական համակարգը պետք  է համապատասխանի միջազգային չափանիշներին: Որևէ ժողովուրդ չի կարողանա ունենալ ապագա առանց ժամանակակից կրթական համակարգի: Այս մասին նշեց Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահականում դպրոցականների ու շրջանավարտների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Նա աշակերտներին պատմեց, որ բանասերի մասնագիտությունն ընտրել էր, որպեսզի փոքր-ինչ զարգացներ հայ բանասիրությունը: «Կան բաներ, որոնք դժվար է բացատրել: Այդպես է ստացվել. եթե ասել, որ հայոց լեզու, հայ գրականություն սիրել եմ, ոչինչ ասած չեմ լինի, քանի որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն այդպես է մտածում»,-նշեց Նախագահը:

Անդրադառնալով արտասահմանում կրթություն ստանալու հնարավորություններին` Սերժ Սարգսյանը նշեց, որ անընդհատ կրթությունն ու մասնագետների վերապատրաստման ծրագրերը շատ կարևոր են յուրաքանչյուր մասնագետի դեպքում, բայց դա այն դեպքում, երբ ունես մասնագիտություն, գիտելիքներ և այդ գիտելիքները պետք է խորացնել: «Ես այնպիսի մասնագիտություն էի ցանկանում ընտրել, որ արտասահմանում սովորելն ինձ օգուտ չէր կարող բերել, չեմ կարծում, որ աշխարհի ինչ-որ երկրում հայ բանասիրությունն ավելի լավ կդասավանդեին, քան Հայաստանում: Այսօր անհրաժեշտություն է դարձել լեզուներ իմանալը, բայց կան մասնագիտություններ, որոնք պետք է սովորել միայն ու միայն Հայաստանում: Անշուշտ բոլոր բանասերները չեն, որ ուսումնասիրում են հայոց լեզու ու հայ գրականություն: Նույնիսկ հայոց լեզու և հայ գրականությունն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է  համաշխարհային գրականությանն ու լեզվաբանությանը ծանոթանալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց ՀՀ նախագահը` հավելելով, որ ներկաների դեպքում արտասահմանում սովորելն անհրաժեշտություն է, իսկ վերապատրաստվելը պարտադիր պայման պետք է լինի:

Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ նախագահական դահլիճում գտնվող և հայ հասարակության առաջադեմ երիտասարդների օգնությամբ պետք է կատարելագործվի ՀՀ կրթական համակարգը: «Կրթական համակարգի զարգացման շատ ծրագրեր կան, բայց դրանցից չխոսեմ, այլ ապագայի մասին խոսեմ: Ուզում եմ`  մեր դպրոցն ու կրթական համակարգը համապատասխանեն միջազգային չափանիշներին: Որևէ ժողովուրդ չի կարողանա ունենալ ապագա առանց ժամանակակից կրթական համակարգի»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ ցանկացած պաշտոնյա իր առաջնահերթ խնդիրը պետք է համարի դպրոցի ու ընդհարապես կրթական համակարգի զարգացումը: «Երբ մի քանի տարի առաջ մի նեղ միջավայրում ինձ հարցնում էին` ինչ եք անելու, երբ մեր կրթական համակարգը փլուզվում է, աշակերտները չեն ցանկանում սովորել, ուսուցիչները չեն ցանկանում լավ դասավանդել, ես ասեցի, որ կտրականապես համաձայն չեմ դրա հետ ու դրա վկայությունը ձեր ցուցաբերած արդյունքներն են: Շարունակ պետք է կատարելագործվենք, նաև ձեր օգնությամբ դա պետք է անենք: Ես հուսով եմ, որ այստեղ նստած աշակերտները, ովքեր գերազանցությամբ ավարտել են դպրոցը կամ միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրներն են, չեն հրաժարվի ընտրել ուսուցչի, դասախոսի մասնագիտությունները»,-հայտնեց Նախագահը:

Նախագահին հարցրեցին նաև, թե ինչ մասնագիտություն կցանկանար, որ իր թոռնիկներն ընտրեին, որին ի պատասխան նա ասաց. «Ես կցանականայի, որ իմ թոռնիկները դառնային իրոք մասնագետներ, իսկ, թե ինչ բնագավառում, կարևոր չէ: Կարևորը է, որ մարդ իր բնագավառում լինի լավագույնների շարքում»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով` ինքը մինչ հինգերորդ-վեցերորդ դասարանը ցանկանում էր դառնալ պատմաբան, բայց հետո նախասիրությունը փոխվեց ու դարձավ բանասեր: «Իրականության մեջ ոչ պատմաբան դարձա, ոչ էլ բանասեր, դարձա պետական պաշտոնյա, բայց ամենացանկալին է, որ լինես լավագույնը»,-նշեց Նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 29-ին հյուրընկալել էր «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին, 2013-2014 ուստարվա մեդալակիր շրջանավարտներին, միջազգային օլիմպիադաներում հաղթած աշակերտներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]