Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 2/27. Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» գործը հայտնվել է բեսթսելերների ցանկում

Երևանյան բեսթսելեր 2/27. Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» գործը 
հայտնվել է բեսթսելերների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից ոարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն օրեր առաջ նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը երկրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում այս յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը երրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:  

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը չորրորդ հորիզոնականում է: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Վերջերս այն հայերեն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Ստեղծագործությունը  հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից: Առաջին անգամ շարունակաբար հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:

Վեցերորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք»ստեղծագործությունը: Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկուկես տարի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպաններ» գիրքը: Հեղինակն իր նոր գիրքը համարում է մինչև հիմա գրածներից ամենալավը: «Վարձու ինքնասպաններ»-ում մեր ժամանակների պատմություններ են:  Գիրքը մարդկանց մասին է, ովքեր տարիներ են կորցնում` փորձելով կարգավորել կյանքը, ժամանակը վատնում են նյութական արժեքներ դիզելու վրա ու չեն նկատում, որ «ինքնավերանում են»: 

Արձակագիր և թարգմանիչ Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Փիրզադը կյանքի իմաստը փնտրում է մարդկային առօրյա հարաբերություններում, առտնին հոգսերում և ուրախություններում: Նա փորձում է շրջապատող աշխարհը ճանաչել չնչին ու աննշմարելի թվացող մանրուքների մեջ: Նրան համարում են գեղարվեստական մանրամասնի, պարզության, կանացի նուրբ հոգեբանության մեծ վարպետ: Գրականություն է բերել իրականությունը պատկերելու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատկերավորման նոր միջոցներ, պատումի կառուցման նոր ձև ու եղանակ:
Փիրզադը առաջիններից մեկը իրանական ժամանակակից գրականությունը դուրս բերեց երկրի սահմաններից ու ճանաչելի դարձրեց աշխարհին:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը: Այն տպագրության առաջին իսկ օրվանից արժանացավ ընթերցողների ուշադրությանը: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որ արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 13
2 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 13
3 -2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 12
4 +2

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 11
5 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 10
6 նոր

Ջեյն Օսթին

«Հպարտություն և նախապաշարմունք»

Անտարես 8
7 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Մուղնի 8
8 -3

Վահրամ Սահակյան

«Վարձու ինքնասպաններ»

Անտարես 7
9 *

Զոյա Փիրզադ

«Ինչպես բոլոր երեկոները»

Էդիթ Պրինտ 7
10 *

Բերնհարդ Շլինկ

«Ընթերցողը»

Զանգակ 7

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]