Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կայացավ Շիրակի մարզի կրթական համակարգի ամենամյա օգոստոսյան համաժողովը

Կայացավ Շիրակի մարզի կրթական  համակարգի ամենամյա օգոստոսյան համաժողովը

ԳՅՈՒՄՐԻ, 28  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ` օգոստոսի 28-ին, Գյումրու «Տիրամայր Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի կրթական  համակարգի ամենամյա օգոստոսյան համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը, մարզի դպրոցների տնօրենները:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, նախ ողջունելով բոլորին նոր ուսումնական տարում, հաջողություն մաղթեց մասնակիցներին նոր ուսումնական տարում: «Այսօր ավելի քան կարևոր է, որ հայ մարդու դաստիարակության հիմքում լինի ազգային արժեքների ու ավանդույթների պահպանումն ու զարգացումը, արժևորվի հայ ընտանքը: Հորդորում, պահանջում ու խնդրում եմ ձեր շնորհակալ գործը կատարեք նվիրումով: Անշուշտ, մեր դպրոցի առաջադիմական զարգացման համար կարևոր նախապայման է նաև նորոգ և բարեկարգ շինությունները, տեղեկատվական միջոցների առկայությունը: Մեր պետականության կայացման առաջին իսկ օրվանից զգացվել է կրթության հանդեպ հատուկ վերաբերմունք: Դպրոցաշինությունը մեր երկրում առաջնահերթություններից է. միայն այս տարի Շիրակի մարզում վերանորոգվել է 24, կառուցվել 2 նոր դպրոց, շարունակվում են դպրոցների գազիֆիկացման և լոկալ ջեռուցման համակարգերի տեղադրման  աշխատանքները»,- իր խոսքում նշեց մարզպետն` ավելացնելով, որ ինչքան էլ աշխատանքներ իրականացվեն, դեռ անելիքներն ու խնդիրները շատ են՝ կապված դպրոցաշինության և կրթական պրոցեսի հետ: Մարզի կրթական համակարգում անցած տարի իրականացրած աշխատանքներն ու առկա խնդիրներն  ավելի մանրամասն ներկայացրեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը:

Նշենք, որ մարզում գործում է 169 հանրակրթական դպրոց: Մարզի դպրոցների 68 տոկոսը գյուղական դպրոցներն են, 32-ը` քաղաքային, սակայն քաղաքային դպրոցներում աշակերտների ծանրաբեռնվածությունը   57 տոկոս է, իսկ գյուղական դպրոցներում 43տոկոս: Ի դեպ, ըստ նախանական հաշվարկների նոր՝ 2014-2015 ուսումնական  տարում մարզը կունենա 3417 առաջին դասարանցի, ինչը շուրջ 400-ով ավելին է 2011-2012 թվականի ցուցանիշից: Մարզի հանրակրթական դպրոցների դասարանների միջին խտությունը ցածր է հանրապետական միջինից, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նորակառույց դպրոցական շենքերի մի մասը ոչ տիպային են և չունեն համապատասխան չափերի դասասենյակներ, ինչպես նաև մեծ թիվ է կազմում թերբեռնված գյուղական դպրոցները: Վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվել նաև մանկավարժների կրթական որակի բարձրացման ուղղությամբ, ինչի արդյունքում  մարզում մանկավարժական կրթություն ունի մանկավարժների  92.2 տոկոսը, համակարգում միջնակարգ կրթությամբ ուսուցիչներ չեն աշխատում: Կրթության վարչության պետն անդրադարձավ նաև  նախադպրոցական կրթությանը՝ նշելով, որ մարզում գործում է համայնքային 46 նախակրթարան՝ 3656 երեխա: Խնդիրը մասամբ մեղմվեց  «Օգնություն  նախադպրոցական տարիքի երեխաներին» ծրագրի ներդրումով, որի արդյունքում գյուղական համայքների   թվով 54  դպրոցներում բացվեցին և գործում են նախադպրոցական խմբեր: Եթե այս ծրագրով որոշակի լուծված կարելի է համարել 5-6 տարեկան երեխաների խնդիրը, ապա չլուծված է մնում 3-5 տարեկանների հարցը: Մարզի 119 համայքներից 60-ում չկան համապատասխան նախադպրոցական հաստատությունների համապատասխան շենքեր: Խնդիր կա նաև  հիմնական և միջնակարգ կրթության համակարգում՝ մարզի շուրջ 50-ից ավելի դպրոցներում գործում են երկկոմպլեկտ  դասարաններ, որի պատճառով հանրակրթկան առարկաների զգալի մասի դասաժամերը  չեն գերազանցում 0.2  դրույքի ծանրաբեռնվածությունը: Այս դպրոցներում  առաջ է գալիս նաև մասնագետ մանկավարժի խնդիրը:

Մարզի դպրոցների շենքային պայմանները կարելի է հանրապետությունում լավագույներից համարել՝ 119 դպրոց նորակառույց է, կամ հիմնանորոգված, հիմնանորոգման կարքի ունի 9, իսկ վերանորոգման անհրաժեշտություն  24 դպրոց: Փոխարենը, մարզի դպրոցներից շատերն ունեն նոր մարզադահլիճների  ու նյութատեխնիկական բազայի նորացման անհրաժեշտություն:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում նախ շնարհակալություն  հայտնեց կթության ոլորտի բոլոր մասնագետներին նախորդ ուսումնական տարվա ընթացքում ցուցաբերած աշխատանքի և արդյունավետ գործունեության համար՝ ավելացնելով, որ գալիք ուսումնական տարվա համար հանրապետությունում նախապատրաստական աշխատանքներն ընթանում  են: «Հերթական անգամ լինելով Շիրակի մարզում՝ մեծ հույս ունեմ, որ մարզի կթության ոլորտի մասնագետները կշարունակեն այն լավագույն ավանդույթները, որոնց շնորհիվ մարզը հանրապետությունում համարվել է առաջատար մարզերից մեկը կրթության բնագավառում: Մանկավարժական գիտությունների ուժեղ դրվածքը և սովորելու նկատմամբ ունեցած ուժեղ մոտիվացիան, որ ունեցել են մարզի աշակերտները, օգնում է մեզ բոլորիս`  մարզում  կրթության ավելի բարձր ցուցանիշների հասնելու համար»,-նշեց ՀՀ ԿԳ նախարարը:

 Արմեն Աշոտյանը ներկայացրեց նաև գալիք  ուսումնական տարում հանարպետությունում կրթական համակարգում իրականացվելիք փոփոխություններն ու ծրագերը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]