Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է Անահիտ Բախշյանի բաց նամակին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է  Անահիտ 
Բախշյանի բաց նամակին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արձագանքել է 2014 թվականի օգոստոսի 21-ի Panorama.am էլեկտրոնային թերթում հրապարակված` Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հասցեագրած «Հետևո՞ւմ եք արդյոք զբաղվածության կենտրոնների գործունեության արդյունավետությանը» վերտառությամբ բաց նամակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նամակի վերաբերյալ ներկայացվել է պարզաբանում:

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավարի հրամանի համաձայն Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոնում նախարարության աշխատակազմի վերլուծության և մոնիթորինգի վարչության աշխատակիցների կողմից իրականացվել է ուսումնասիրություն:

«Բաց նամակում նշված «18 000 դրամ գործազրկության նպաստի վերացում» արտահայտության վերաբերյալ կարող ենք նշել, որ զբաղվածության քաղաքականության նոր մոդելի իրավական հիմքերի ամրագրման նպատակով մշակվել և 2013թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է  մտել 2014թ. հունվարի 1-ից: Նոր մոդելի շրջանակներում նախատեսված է գործազրկության նպաստի վճարման ծրագիրը վերափոխել կարգավորման այնպիսի նոր գործիքներով, որոնք առավելապես պետք է ծառայեն աշխատաշուկայում գործազուրկների ակտիվացմանը` աշխատանք փնտրելու և հարմար աշխատանք գտնելու, առկա թափուրաշխատատեղերն արդյունավետ համալրելու գործընթացներում: Զբաղվածության պասիվ քաղաքականությունից անցում է կատարվել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող ճկուն, ակտիվ քաղաքականության, որի արդյունքներն արդեն տեսանելի են դառնում և նախարարությունն առաջիկայում հանրությանը կտրամադրի համապարփակ և ամբողջական տեղեկատվություն զբաղվածության ոլորտում իրականացվող 13 ակտիվ ծրագրերի ընթացքի և նախնական արդյունքների մասին»,- նշված է հայտարարության մեջ:

Բախշյանի հրապարակման մեջ նշված էր նաև. «Մասիսի բնակիչներից ստացված դիմումների համաձայն` զբաղվածության տարածքային կենտրոնը տիրապետում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, որը չի ծառայում իր նպատակին, ինչպես նաև նկատվել են կոռուպցիոն երևույթներ»:

«Ուսումնասիրությամբ պարզվել է. Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոնը տարածքի գործատուների, համացանցի, այլ լրատվամիջոցների միջոցով հավաքագրել և տիրապետում է թափուր աշխատատեղերի մասին ամբողջական տեղեկատվության: Ընթացիկ տարում հավաքագրվել է 101 թափուր աշխատատեղ, որից ներկա պահին առկա է 31–ը: Թափուր աշխատատեղերի վերաբերյալ բոլոր հայտերը Մասիսի ԶՏԿ-ում պարտադիր մուտքագրվել են «Գործ» համակարգ, ինչպես նաև հայտարարության տեսքով փակցվել ընդունարանի տեղեկատվական վահանակին և մշտապես թարմացվել: Մասիսի ԶՏԿ-ում ընթացիկ տարում աշխատանքի են տեղավորվել կենտրոնում հաշվառված 100 աշխատանք փնտրող, որոնցից 71-ը կենտրոնի աջակցությամբ, 10-ը` կենտրոնի կողմից իրականացված զբաղվածության ծրագրերի (մասնագիտական ուսուցում` 5, աշխատավարձի փոխհատուցում` 3, պրակտիկայի կազմակերպում` 2), իսկ 19-ը` ինքնուրույնաբար:

Նամակում նշված բազմաթիվ բնակիչների ահազանգին պատասխանելու նպատակով նախքան ուսումնասիրությունը սկսելը, տիկին Բախշյանից խնդրել էինք տրամադրել Մասիսի բնակիչների նամակը կամ նամակում առկա փաստերը»,- նշված է նախարարության տարածած պարզաբանման մեջ:

Պարզվել է, որ Բախշյանին դիմել է մեկ անձ՝ Մասիս քաղաքի բնակիչ Հայկ Խաչատրյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հաղորդագրությամբ:

Իրականում Հայկ Խաչատրյանը հաշվառված է Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոնում և 2012թ. հունվարի 14–ից ունի գործազուրկի կարգավիճակ (աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտ N20051): Հաշվառված ժամանակահատվածում նա 9 անգամ կենտրոնի հրավերով և իր նախաձեռնությամբ այցելել է կենտրոն, ծանոթացել առկա թափուր աշխատատեղերին, ինչպես նաև ստացել խորհրդատվություն` զբաղվածության օրենսդրության և ծրագրերի վերաբերյալ: Վերոնշյալ փաստը հիմնավորվում է նրա Մասիսի ԶՏԿ-ում առկա աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի համապատասխան դաշտի գրառումներով, որոնց դիմաց առկա է քաղաքացու ստորագրությունները, ինչպես նաև մեր ուսումնասիրության ժամանակ նրան հանդիպելով` իր հայտարարությամբ:

Յուրաքանչյուր այցելության ժամանակ նրան ներկայացվել է առկա բոլոր թափուր աշխատատեղերը և առաջարկվել է աշխատանք, սակայն նա կատարել է ընտրություն երկու դեպքում` 2014թ. հունվարի 22-ին` հացթուխ «Էդհովա» ՍՊԸ–ում և 2014թ. մարտի 3-ին հացթուխ` Նոր Խարբերդի հացի արտադրամասում, որը փաստվում է հաշվառման քարտում կատարված գրառումներով և չէր ժխտվում նաև քաղաքացու կողմից: Երկու դեպքում էլ նա ներկայացել է գործատուներին, իր աշխատանքային կարողությունները ներկայացնելու համար մեկ օր փորձնական աշխատել, գործատուն պատրաստակամություն է հայտնել նրան աշխատանքի  ընդունելու, սակայն Հ. Խաչատրյանը ինքն է հրաժարվել աշխատանքից:

2014թ. օգոստոսի 22-ին Հ. Խաչատրյանը նախարարության աշխատակիցների հրավերով ներկայացել է կենտրոն և տեղեկացվել աշխատանքի նոր առաջարկ ստանալու վերաբերյալ: Հանդիպման ժամանակ պարզվել է, որ նա տեղյակ չի եղել, որ թափուր աշխատատեղերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը մշտապես առկա է Մասիսի ՀՍԾՏԿ-ի ընդունարանում` տեսանելի վայրում ամրացված տեղեկատվական վահանակի վրա: Առկա թափուր աշխատատեղերից քաղաքացին ընտրել է «Մասիս Տաբակ» ընկերությունում առաջարկվող աշխատանքը, սակայն պարզաբանել, որ չի ցանկանում վերադառնալ այնտեղ աշխատելու, քանի որ որոշ ժամանակ աշխատել է և ինչ-ինչ պատճառներով իր դիմումի համաձայն ազատվել:

Նախարարությունը նշել է, որ Հայկ Խաչատրյանի ընտանիքը, որը բաղկացած է փաստացի բնակվող իրենից, քրոջից և ընտանիքի որպես բացակա անդամ եղբորից, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և ընդգրկված է նպաստառու ընտանիքների ցուցակում` անապահովության 30.28 միավորով և ստանում է ընտանեկան նպաստ 16000 դրամ գումարի չափով: Ընտանիքի համար 2014թ. օգոստոսի 22-ին լրացվել է ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման անձնագիր, ինչպես նաև առանձին Հայկ Խաչատրյանի համար կազմվել է անհատական սոցիալական ծրագիր, սակայն Հ.Խաչատրյանը թույլ չի տալիս իր փաստացի բնակության վայրում կատարել սոցիալական դեպք վարողի տնային այցելություն:

«Քաղաքացու խնդրի մանրամասն ներկայացումը ինքնանպատակ չէ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմած յուրաքանչյուր քաղաքացու խնդիր ուսումնասիրվում է հանգամանորեն և օրենքի ու նախարարության իրավասության շրջանակներում ստանում իր լուծումը: Միաժամանակ, Հ. Խաչատրյանին հանդիպման ընթացքում խնդրեցինք տրամադրել իր կողմից տիկին Բախշյանին հայտնած «կոռուպցիոն երևույթների» մասին տեղեկատվություն, սակայն նա նման փաստեր չուներ: Ուստի, նամակում նշված «կոռուպցիոն երևույթների» առկայությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հայտարարոության մեջ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  նշել է, որ ևս հետամուտ է նմանատիպ երևույթների վերացմանը: Նման երևույթ փաստերով ներկայացնելու դեպքում կկիրառվեն անհրաժեշտ միջոցառումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]