Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրացագետն անհանգստացած է Հյուսիսային Հայաստանի պատմական հուշարձանների պատկանելության հարցերով

Վրացագետն անհանգստացած է Հյուսիսային Հայաստանի պատմական հուշարձանների  
պատկանելության հարցերով

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացագետ Արկադի Ակոպովն անհանգստացած է Հյուսիսային Հայաստանի պատմական հուշարձանների պատկանելության վիճահարույց հարցերով: Խնդիրն, ըստ պատմաբանի նոր չէ, այն առաջ  է եկել 19-րդ դարում, երբ վրացիներն առաջին փորձերն են արել «սեփականաշնորհել» Տայքի ողջ մշակութային շերտը՝ այն վերագրելով վրացական էթնոսին: Այնինչ, կան վառ վկայություններ այն մասին,  որ դրանք պատկանել են հայ  քաղկեդոնականներին՝ ուղղափառ հայերին: Այս գործընթացը, ցավոք,  շարունակվում է նաև այսօր: «2012 թվականից սկսած մինչ օրս վերականգնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող 2 հուշարձան՝ առաջինը Իշխանի եկեղեցին՝ կառուցված 7-րդ դարում հայոց Ներսես 3-րդ կաթողիկոսի կողմից: Այդ եկեղեցին 9-րդ դարում որոշակի վերափոխումների է ենթարկվել ու օծվել է քաղկեդոնական ծեսով: Թեև եկեղեցու արձանագրությունները վրացերեն  են, բայց կան հայատառ թվագրումներ»,-ասում է վրացագետը:

Ինչպես նա տեղեկացրեց «Արմենպրես»-ին, 2012 թվականի եկեղեցու վերականգնումն իրականցրել է թուրքական մի ընկերություն՝ վրացական կողմի  հետ համատեղ: Երկրորդ եկեղեցին, որի վերականգնման աշխատանքները մեկնարկեցին 2014 թվականի ապրիլին՝  Օշկվանքն է, որի հիմնադրվել է 963 թվականին: «Այստեղ նույնիսկ անունն է խոսում հայկական լինելու փաստի մասին, սակայն  վրացիների հետ խոսելիս նրանք պնդում են, որ դա իրենց մշակույթի կարևորագույն ժառանգություններից մեկն է: Խնդիրն այն չէ, արդյոք այնտեղ վրացի հոգևորականներ եղել են թե ոչ, բնականաբար, քանի որ հայերը չեն ունեցել ուղղափառ պատրիարքություն, պետք է ենթարկվեին վրացական կաթողիկոսին՝ Տայքում վրացական թեմեր եղել են: Խնդիրը կայանում է նրանում, թե այդ եկեղեցիները ում համար են եղել կառուցված:

Տարբեր պատմական փաստերի համադրումից ու թուրքական հարկացուցակներից երևում է, որ այս տարածքի բնակչության գոնե ճնշող մեծամասնությունը, եթե ոչ ամբողջը,  եղել  է հայ: Այսօր էլ Տայքում կան գյուղեր, որտեղ բնակվում են հայեր՝ ճիշտ է, նրանք մահմեդական են և հայերեն չեն  խոսում, բայց գիտեն, որ հայ են: Այդ պատճառով էլ վրացական կողմի այն պնդումը, որ տարածքը վրացական է, վրացական հարավային  ծայրագավառ, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ 4-8-րդ դարերում Տայքը եղել է Մամիկոյանների ժառանգական տիրույթը: 8-րդ դարում նոր Բագրատունիները, արաբների դեմ պայքարելու համար,   ընդունեցին քաղկեդոնական դավանանքը՝ վրացական տեսքով: Վրացերենն  անգամ 10-րդ դարում եղել է միայն  եկեղեցական ժամերգությունների լեզու, մնացած բոլոր դեպքերում կիրառվել է հայերենը: Տեղանունները ևս հայկական են»,-նշեց Արկադի Ակոպովը` բերելով մի շարք այլ ապացույցներ, որ այդ եկեղեցիները հայկական ծագում ունեն: Երիտասարդ վրացագետը այս պարագայում խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում. ելքը քաղաքական դաշտում, պետական մակարդակով լուծելն է: «Կամ էլ գիտական մակարդակում գտնել ելք` հայկական արմատներ ունեցող վերականգնվող եկեղեցիներում  վրացիների հետ համատեղ արշավախմբեր ձեռնարկել, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա,  ասենք, հայ ճարտարապետներ ընդգրկել այդ արշավախմբերում, որպեսզի վերականգնման ժամանակ հայկական առանձնահատկությունն ու տարրերը չոչնչացվեն»,-նշեց պատմաբանը` ավելացնելով, որ եթե «Իշխանի եկեղեցին» ամբողջովին արդեն իսկ վերականգնված է վրացական ոճով, ապա  Օշկվանքի վերականգնման աշխատաքները դեռ նոր են մեկնարկել, և Օշկվանքի ծագումնաբանությունը «փրկելու» հնարավորություն դեռ կա:

Տայքում ընդհանուր առմամբ, բացի այս երկուսից, հայկական շատ պատմամշակութային արժեքներ դեռ կան՝ «Մայր Աստվածածին» և Զվարթնոցի նմանությամբ կառուցված «Բանակի»   եկեղեցիները, Չորդվանքը և այլ կառույցներ: «Վատն այն է, որ, ի տարբերություն  հայերի, վրացական  կողմը հզոր քարոզչություն է տանում այն  ուղղությամբ` ապացուցելու այս կառույցների վրացական լինելու փաստը, բայց մեր կողմից դա  չի արվում: Անհրաժեշտ է հայ ժողովրդի մեջ մասսայականացնել այդ պատմական հուշարձանները՝ բոլորը գիտեն Անիի, Աղթամարի, Արևմտյան Հայաստանի այլ  հուշարձանների մասին, բայց հազարից մեկը չգիտի, որ Տայքում մենք ունենք հսկայական պատմամշակութային ժառանգություն: Տուրիստական ընկերությունները պետք է չխուսափեն իրենց երթուղիներում ընդգրկել նաև Տայքը, որտեղ ամեն ծառի հետևում հայկական մի հուշարձան ունենք»,-ավելացրեց Արկադի Ակոպովը :

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]