Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը շրջայց կատարեց ՀԱՍԿ-ի Բյուրականի բանակավայրում

ՀՀ Նախագահը շրջայց կատարեց ՀԱՍԿ-ի Բյուրականի բանակավայրում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Բյուրականի բանակավայր: Նախագահը շրջայց կատարեց բանակավայրի տարածքում, ծանոթացավ պայմաններին և սկաուտների առօրյային: Սերժ Սարգսյանը նաև ներկա գտնվեց համահայաստանյան բանակման փակման արարողությանը:

Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության պատասխանատու անդամ Հրաչյա Շմավոնյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 2011թ. կառավարության որոշմամբ` Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությանը հատկացվել է մեկ հեկտար լրացուցիչ տարածք, որը նախատեսված էր բանակավայրի կառուցման համար: «Քանի որ յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ տեղի են ունենում համահոմենթմենական բանակումներ, այս տարի Հոմենթմենի պատմության մեջ աննախադեպ մեծ թվով մասնակիցներով բանակում եղավ, որին մասնակցում էր 800 սկաուտ աշխարհի 18 երկրից: Այս բանակավայրը կառուցելով՝ մենք կարողացանք այդ պայմանները ստեղծել: Այն կառուցված է 400 հոգու համար, իսկ առաջին հատվածը նախատեսված է մոտ 600 հոգու համար: Այսինքն, մենք այսուհետ կկարողանանք ընդունել 1000 սկաուտի: Սա մեզ համար շատ ուրախալի փաստ է, որովհետև վերջապես մենք կարողացանք մեր պայմանները բարելավել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շմավոնյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի հովանավորներն են ՀՀ Նախագահը և «Փյունիկ» հիմնադրամը, որոնց հատկացումների շնորհիվ հնարավոր է եղել կառուցել բանակավայրը: «Պետք է ասեմ, որ այս բանակավայրում առօրյա կարիքների համար բոլոր հարմարությունները ստեղծված են»,- եզրափակեց Շմավոնյանը:

Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության կենտրոնական վարչության ատենապետ Օշին Փիրումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարի տեղի է ունենում համահայաստանյան 24-րդ բանակումը, որը միշտ կայանում է օգոստոսի վերջին: «Հանրապետության բոլոր մարզերից սկաուտական կազմակերպության անդամներ են գալիս և մասնակցում 5-6-օրյա բանակումի: Սրա նպատակն է սերտացնել տարբեր մարզերից ժամանած երեխաներին, հասնել նրան, որ նրանք համագործեն միմյանց հետ, լինի փորձի փոխանակում: Նրանք անցնում են ղեկավարման դասընթացներ, ազգային ինքնության պահպանմանը կոչված դասընթացներ, որոնց շնորհիվ մենք պատրաստում ենք մեր ապագա սերնդին»,- ասաց նա:

Բանակումի մասնակիցները բաժանվել են կարմիր, կապույտ և նարնջագույն խմբերի: Խմբերում կան խմբակներ Արևելյան և Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքների անվանումներով: «Նրանք այդ քաղաքների տարազներն են պատրաստում, այդ քաղաքների ավանդույթներն են սովորում, հետո դրանք կրկնում են իրենց խմբակի միջոցով և սովորեցնում են բոլոր մասնակիցներին, որոնց թիվն այս տարի 300 է»,- ասաց Փիրումյանը:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի բանակումում հետաքրքիր մի ծրագիր է ներդրվել: Օշին Փիրումյանը տեղեկացրեց, որ այդ ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային սկաուտական շարժման կողմից: «Մենք գումար ենք ստացել, որպեսզի կարողանանք սոցիալապես անապահով երեխաներին, մանկատների  երեխաներին ներառել մեր կազմակերպության մեջ և նրանց էլ հնարավոություն տալ մասնակցել բանակումին»,- ընդգծեց նա՝ տեղեկացնելով, որ համահայաստանյան բանակումը ամենամյա բնույթ է կրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]