Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքական մամուլը SOCAR-ի ղեկավարին մեղադրել է նուրսիստ լինելու մեջ

Թուրքական մամուլը SOCAR-ի ղեկավարին մեղադրել է նուրսիստ լինելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային Ulusal հեռուստաալիքը հերթական անգամ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւին մեղադրել է արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի ցանցի հետ կապեր ունենալու եւ նուրսիստ լինելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեռուստատեսությունը հայտնել է, որ Ադրբեջանում մեծ հեղինակություն վայելող Ռովնագ Աբդուլլաեւի տեղակալ Խալիգ Մամեդովը Գյուլենի ցանցի առաջատար անդամ Մասուդ Քուռնազի հետ սերտ հարաբերությունների մեջ է եւ գյուլենական շարժման անդամ է:

Հեռուստաալիքը հայտնել է նաեւ, որ SOCAR-ն աշխատում է վերականգնել Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայիս Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հորդորով Ադրբեջանում փակված` Գյուլենի ուսումնական հաստատությունները:

Թուրքիայի Նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը հայտարարել է, որ որպես նախագահ իր առաջին այցով կլինի Ադրբեջանում: Ինչպես երեւում է` թուրքական ազգային հեռուստաալիքը Էրդողանի Ադրբեջան ենթադրվող այցից առաջ լրջորեն ուսումնասիրում է SOCAR-ի գործունեությունը:

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել էին թուրքական կառավարության անդամների, այդ թվում` վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, ովքեր ցանկանում են տապալել իր կառավարությունը:

Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ: Թուրքական կառավարությունը որոշել է 2014թ-ի սեպտեմբերից փակել գյուլենական համայնքին պատկանող բոլոր կրթական եւ հասարակական հաստատությունները: Էրդողանը ադրբեջանական կառավարությանը հորդորել էր գյուլենական ուսումնական հաստատությունների հետ նույն կերպ վարվել նաեւ այդ երկրում:

Անցյալ հունվարին Էրդողանի Բաքու այցից առաջ Ալիեւը աշխատանքից ազատել էր իր աշխատակազմի բաժիններից մեկի ղեկավար Էլնուր Ասլանովին, ով եւս կասկածվում է նուրսիստների հետ կապեր ունենալու մեջ:

«Ենի Մուսավաթ» թերթը հայտնել է, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակներն Ադրբեջանի կառավարությանն են ներկայացրել Նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի եւ ադրբեջանական կառավարության բարձրաստիճան այն անձանց ցուցակը, ովքեր մտնում են կամ կապեր ունեն նուրսիստների կրոնական աղանդի հետ: Ֆեթուլլահ Գյուլենի աղանդի կողմից «հավաքագրված» չինովնիկների ցուցակում նշված են նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի, փոխնախագահ Խալիգ Մամեդովի, կրոնական կառույցների հետ աշխատանքների գծով Պետկոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովի, նրա տեղակալ Գյունդուզ Իսմայիլովի, Երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովի, փոխնախարար Ինթիգամ Բաբաեւի, պատգամավորներ Գանիրա Փաշաեւայի, Նիամի Ջաֆարովի, Ջեյհուն Օսմանլըի, AzTV-ի ղեկավար Արիֆ Ալըշանովի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիեւի անունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]