1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 2/25. «Փոքրիկ իշխանը» շարունակում է գերել ընթերցողների սրտերը

Երևանյան բեսթսելեր 2/25. «Փոքրիկ իշխանը» շարունակում է գերել ընթերցողների
սրտերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Վերջերս այն հայերեն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Երկար հիվանդությունից հետո այս տարվա ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանված Գաբրիել  Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը երկրորդ հորիզոնականում է: Այն օրեր առաջ նոր գրքով լույս է տեսել «Բուկինիստ» գրախանութի հրատարակությամբ:

Մարկեսի մեկ այլ`«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը երրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում: 

Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը չորրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում այս յուրահատուկ ստեղծագործությունը:

Գրիգոր Նարեկացու` «Մուղնի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որ նախագիծն սկսելուց ի վեր ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Արձակագիր և թարգմանիչ Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Փիրզադը կյանքի իմաստը փնտրում է մարդկային առօրյա հարաբերություններում, առտնին հոգսերում և ուրախություններում:Նա փորձում է շրջապատող աշխարհը ճանաչել չնչին ու աննշմարելի թվացող մանրուքներով: Նրան համարում են մանրամասնի, պարզության, կանացի նուրբ հոգեբանության մեծ վարպետ: Գրականություն է բերել իրականությունը ցույց տալու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատկերավորման նոր միջոցներ, պատումի կառուցման նոր ձև ու եղանակ:
Փիրզադը առաջիններից մեկը իրանական ժամանակակից գրականությունը դուրս բերեց երկրի սահմաններից ու ճանաչելի դարձրեց աշխարհին:

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության. Տաղեր» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: 

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Իմ ինքնակենսագրությունը» գրքում ներկայացրել է իր անցած ուղին: Գիրքն այս շաբաթ ութերորդ հորիզոնականում է: Սըր Ալեքս Ֆերգյուսոնն աշխարհին հայտնի է նախևառաջ որպես բրիտանական և համաշխարհային ֆուտբոլի ամենատիտղոսակիր և տաղանդավոր ֆուտբոլային մարզիչներից մեկը: «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի պաշտոնում անցկացրած 26 տարում նա բազմաթիվ մրցանակներ է նվաճել ու զարմանալի ռեկորդներ գրանցել: Այս գիրքը՝ սըր Ալեքսի ինքնակենսագրությունը, Մեծ Բրիտանիայում ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 115 հազար տպաքանակով:

Պարույր Սևակի գործերն ամփոփող «Ականջդ բեր ասեմ» իմաստախոսությունների ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել հայրենիքին ու հայրենասիրությանը, լեզվին, արվեստին, մշակույթին, սիրուն, բնությանն ու հողին նվիրված, հայ և համաշխարհային գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական նշանավոր գործիչներին և իր ժամանակակիցներին նվիրված Պարույր Սևակի խոհափիլիսոփայական ավելի քան 1100 իմաստախոսություն:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել այս տարի: Գրողի մահից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 16
2 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 14
3 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 12
4 -2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 12
5 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Մուղնի 12
6 *

Զոյա Փիրզադ

«Ինչպես բոլոր երեկոները»

Էդիթ Պրինտ 11
7 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության.Տաղեր»

Զանգակ 10
8 -3

Ալեքս Ֆերգյուսոն

«Իմ ինքնակենսագրությունը»

Անտարես 8
9 *

Պարույր Սևակ

«Ականջդ բեր ասեմ»

Էդիթ Պրինտ 8
10 *

Լևոն Խեչոյան

«Մհերի դռան գիրքը»

Անտարես 8

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]