Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հասարակությունն առողջ պահելու սկզբունքը կարմիր գծով անցնելու է նախարարության բոլոր ծրագրերում. Արմեն Մուրադյան

Հասարակությունն առողջ պահելու սկզբունքը կարմիր գծով անցնելու է 
նախարարության 
բոլոր ծրագրերում. Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առողջապահության ոլորտում իրականացվող ստանդարտացման ծրագրի արդյունքում ակնկալում է ոլորտային մի շարք բարեփոխումներ: «Ակնկալում ենք կոռուպցիոն ռիսկերի նվազում, ավելի ղեկավարելի համակարգ, ֆինանսավորման հստակ ձևավորված մոտեցումներ առավել ևս սուղ պայմաններում, որակի վերահսկողություն` հնարավորինս պակասեցնելով սուբյելտիվ գործոնը»,- ասուլիսին նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ մոտեցումների, գործողությունների, գնագոյացման չափագրումը խիստ պահանջ ու մարտահրավեր է ողջ աշխարհում:

Խոսելով իր պաշտոնավարման 100 օրերի ընթացքում կատարած աշխատանքների մասին` նախարարը նշեց, որ դրանք հիմնականում ուղղված են եղել նոր կառավարության ծրագրի ու Նախագահի հստակ հանձնարարականների վրա: «Այս ընթացքում իրականացված աշխատանքները մեզ թույլ են տվել մատնանշել այն խնդիրները, որոնք ծառացած են առողջապահության ոլորտում, դասակարգել դրանք, գտնել դրանց լուծման ուղիներ: Այդ խնդիրները քննարկվել են նաև շահագրգիռ կողմերի հետ: Հանձնաժողով է ձևավորվել, որը զբաղվել է Հանրային առողջության մասին օրենքի խմբագրումով: Այդ օրենքը մեծ նշանակություն ունի, քանի որ առողջապահության նախարարության հիմնական գործառույթն այն չէ, որ կարողանանք ճիշտ ժամանակին բուժել, այլ առողջ պահել, այսինքն` առողջապահություն, ոչ թե հիվանդաբուժություն: Սա այն սկզբունքն է, որը մենք կարմիր գծով անցկացնելու ենք մեր բոլոր որոշումներում»,- հավաստեց նախարարը:

Նրա տեղեկացմամբ` կառավարություն է ներկայացվել Առողջ ապրելակերպի հայեցակարգը, որում նշված են այն հինգ հիմնական ռիսկի գործոնները, որոնք պատճառ են հանդիասնում ոչ ինֆեկցիոն ճանապարհով մահացության 90 տոկոս դեպքերի համար: Մշակվել է դրանց դեմ պայքարի միջոցառումների ցանկը: «Մասնավորապես, ալկոհոլի, ծխելու, սխալ սննդակարգի, նստակյաց կյանքի ու դրա հետևանքով զարգացող զարկերակային բարձր ճնշման համախտանիշին է անդրադարձ կատարվել, որը շատ արդիական է ներկայում: Հանրային առողջության բաժնում մենք իրականացրել ենք իմունականխարգելման լայնածավալ աշխատանքներ: Առաջին անգամ Պաշտանության նախարարության հետ իրականացրել ենք զորակոչիկների պատվաստումները, որոնք բարեհաջող են անցել. մեկ դեպք է գրանցվել, որ հիվանդանոցային բուժման կարիք է զգացվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Արմեն Մուրադյանը:

Նախարարի խոսքով` հուլիսի 1-ից զգալիորեն բարձրացել է բուժաշխատողների աշխատավարձը: «Բժիշկների ամսական բազային աշխատավարձը կազմել է 166.5 հազար դրամ, իսկ բուժանձնակազմինը` 75 հազար դրամ: Բացի այդ, տեղամասային սկզբունքով աշխատող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները և նրանց բուժքույրներն ունեն ամսական մինչև 15 հազար դրամի չափով խրախուսական վարձատրման հնարավորություն` հաշվի առնելով նրանց կատարած աշխատանքի որակը և ծավալը: Բուժանձնակազմի համար նախատեսվում են նաև օրենքով սահմանված հավելումներ աշխատանքի վտանգավոր պայմանների, լեռնային և բարձր լեռնային գոտում աշխատանքի համար, որի արդյունքում բժիշկների աշխատավարձը կտատանվի 166.5-216.4 հազար դրամի շրջանակում»,- պարզաբանեց Արմեն Մուրադյանը:

Անդրադառնալով մարզային առողջապահական հաստատությունների շինարարությանը` նախարարը նշեց, որ  մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում նախորդ եռամսյակում 21 բուժկենտրոններ վերազինվել են նոր կահույքով ու սարքավորումներով: «Շարունակվում են Ճամբարակի, Կապանի, Բերդի, Մեղրիի, Վանաձորի հիվանդանոցների շինաշխատանքները, գյուղական մի շարք բնակավայրերում ամբուլատորիաների կառուցման կամ հիմնանորոգման աշխատանքները: Ավարտվել է Գյումրու պաթանատոմիական լաբորատորիայի նոր շենքի կառուցումը»,- նշեց նախարարը` հավելելով, որ ՀՀ Նախագահի անմիջական վերահսկողության ներքո են իրականացվում Ուսուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ու Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր երկհարկանի մասնաշենքի կառուցման աշխատանքները:

Վերապատրաստվել են երեք հարյուրից ավելի բուժաշխատողներ` 200-ը` Հայաստանում, 112-ը` արտասահամնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]