Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 2/23. Մարկեսի երեք գործերը շարունակում են մեծ պահանջարկ վայելել

Երևանյան բեսթսելեր 2/23. Մարկեսի երեք գործերը շարունակում են մեծ պահանջարկ 
վայելել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը: Այն օրեր առաջ նոր գրքով լույս է տեսել «Բուկինիստ» գրախանութի հրատարակությամբ:

Երկար հիվանդությունից հետո ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանված Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը երկրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում այս յուրահատուկ ստեղծագործությունը:

Մարկեսի մեկ այլ`«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը երրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում: 

Չորրորդ հորիզոնականում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Այն վերջերս լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Գրիգոր Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով:

Վարկանիշային աղյուսակում տեղ է գտել նաև Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի» վեպը, որը հայերեն է թարգմանել Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանը: Ռեյ Բրեդբերին ամերիկյան հայտնի ֆանտաստ գրող է, որն իր ստեղծագործության մեջ միահյուսում է ֆանտաստիկայի, հեքիաթի ու փիլիսոփայական այլաբանության տարրերը: «451° ըստ Ֆարենհայթի» վեպում և պատմվածքներում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հետևանքները, մտորում ապագայի քաղաքակրթության մասին:

Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը յոթերորդ հորիզոնականում է: Այն տպագրության առաջին իսկ օրվանից արժանացավ ընթերցողների ուշադրությանը: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները: 

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության. Տաղեր» գիրքն ութերորդ հորիզոնականում է : «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքը: Ստեղծագործությունը  հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից: Առաջին անգամ շարունակաբար հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 20
2 -1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 18
3 0

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 15
4 0

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 15
5 +5

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 10
6 *

Ռեյ Բրեդբերի

«451° ըստ Ֆարենհայթի»

Ապոլոն 6
7 0

Բերնհարդ Շլինկ

«Ընթերցողը»

Զանգակ 6
8 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության.Տաղեր»

Զանգակ 6
9 0

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 5
10 -2

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]