Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրու քաղաքապետարանի ոչ մի աշխատակից կուտակային կենսաթոշակից հրաժարվելու դիմում չի ներկայացրել

Գյումրու քաղաքապետարանի ոչ մի աշխատակից  կուտակային կենսաթոշակից հրաժարվելու դիմում չի ներկայացրել

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանի ոչ մի աշխատակից կուտակային կենսաթոշակից հրաժարվելու դիմում չի ներկայացրել: Այս մասին հուլիսի 30-ին Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ նշեց քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը՝ հավաստիացնելով, որ քաղաքապետարանի` կուտակային համակարգի բոլոր մասնակիցները պատշաճ կերպով տեղեկացվել են իրենց իրավունքերի մասին, բայց համակարգից հրաժարվելու դիմում չի ստացվել: 

«Արմնեպրես»-ի հաղորդմամբ` ավագանին այս նիստի ժամանակ քննարկեց և հաստատեց օրակարգային 14-հարց:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններով պայմանավորված, Գյումրու ավագանին հաստատեց քաղաքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների նվազագույն ամսական աշխատավարձ ստացող աշխատակիցների հաստիքային դրույքաչափը: 

Ավագանին նաև որոշեց  Գյումրու համայնքային ենթակայության  նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական խմբերի 765 և քաղաքի սոցիալապես անապահով  ընտանիքների երեխաների համար դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով հատկացնել 2,5  մլն դրամ:

Ի դեպ, ինչպես նշեց Լենա Ջիլավյանը, ևս նույնքան գումար այդ նպատակով արդեն նախատեսված էր  համայնքային բյուջեից: 

Ավագանին նաև միաձայն հաստատեց Գյումրու բնակիչ Արսեն Խաչատրյանին  դրամական օգնություն  տրամադրելու, համայնքային ենթակայության «Թենիսի և սեղանի թենիսի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մասնաշենքի տանիքի վերանորոգման  համար միջոցներ հատկացնելու մասին նախագծերը: 

Օրակարգային հարցերից էին նաև մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով Գյումրու սեփականություն հանդիսացող առանձնացված հողամասերի վարձավճարների մեկնարկային չափերը հաստատելու, համայնքի ենթակայության որոշ  կառույցներ և հողամասեր աճուրդային կարգով օտարելու և  օտարման մեկնարկային գին հաստատելու, վարձակալությամբ ժամանակավոր օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու թույլտվության և ամենամսյա վարձավճարի չափ հաստատելու մասին նախագծերը:

Նիստի ավարտին ավագանին հաստատեց նաև Գյումրու համայնքի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի մասնաճյուղ ստեղծելու մասին նախագիծը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]