Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համազգայինի 20-րդ ուսանողական հավաքի մասնակիցներն այցելել են սփյուռքի նախարարություն

Համազգայինի 20-րդ ուսանողական հավաքի մասնակիցներն այցելել են սփյուռքի 
նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 30-ին ընդունել է Համազգայինի 20-րդ ուսանողական մշակութային հավաքի (ֆորում) մասնակիցներին՝ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Կիպրոսից, Սիրիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Արցախից հավաքին մասնակցելու համար ժամանել է 32 ուսանող:

Ողջունելով և շնորհավորելով Համազգայինի ուսանողական մշակութային հավաքի մասնակիցներին կազմավորման 20-ամյակի առթիվ՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշել է. «Ձեզանից յուրաքանչյուրը, ով առաջին անգամ է Հայաստանում, անշուշտ, գիտակցում է, որ Հայրենիքի գաղափարն առանց Հայրենիքում լինելու չի կարող իրական ու ամբողջական լինել: Դուք կայցելեք Արցախ, կտեսնեք այն տարածքները, որոնք ձեր հասակակից հայրենակիցները պաշտպանել են իրենց կյանքի և արյան գնով»:

Նախարար Հ.Հակոբյանն ընդգծել է, որ հայ ուսանողի հիմնական և կարևորագույն գործը փայլուն կրթություն ստանալն է և նորարարության այս դարում մրցունակ լինելը: «Համաշխարհայնացման այս դարում հայ երիտասարդը պետք է գտնի իր ուրույն տեղը միջազգային շուկայում՝ չկորցնելով հայ մարդուն բնորոշ նկարագիրը և մարդկային որակները»,- նշել է գերատեսչության ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար՝ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը հավելել է. «Տիկին Հակոբյան, Ձեր կողմից բարձրացված հարցերի փիլիսոփայությամբ ենք մենք անցկացնում այս հավաքը՝ հայրենի հարկի տակ համախմբելով բազմաթիվ տաղանդավոր ու հայրենասեր երիտասարդների»:

Քննարկվել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Սփյուռքի ուսանողության ակտիվ ներգրավմանը վերաբերող հարցեր:

Համազգայինի 20-րդ ուսանողական հավաքի մասնակիցները դիտել են ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ և ստացել «Հայկական Սփյուռք 2012» տարեգրքեր:

Ծրագրի 17 օրերի ընթացքում համալսարանականները ծանոթացել են Հայաստանի տեսարժան վայրերին, հանդիպել քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների հետ, ունկնդրել հայ պատմամշակութային արժեքների և ժառանգության մասին դասախոսություններ, քննարկել այսօրվա հայ երիտասարդին հուզող տարաբնույթ խնդիրներ:

Նույն օրը, երեկոյան Ֆորումի փակման հանդիսությանը ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը Համազգային հայ կրթական և մշակութային միությանը  Ուսանողական մշակութային հավաքի (ֆորում) հիմնադրման 20-ամյակի առիթով հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության Պատվոգիր՝ Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, հայկական մշակույթի պահպանման եւ տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]