Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մանկական Նոր ալիք»-ի մասնակից Դավիթ Վարդանյանը երազում է Հայաստանին հաղթանակ բերել

«Մանկական Նոր ալիք»-ի մասնակից Դավիթ Վարդանյանը երազում է Հայաստանին 
հաղթանակ բերել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Նոր ալիք 2014» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ, 12-ամյա Դավիթ Վարդանյանը պատրաստվում է մի քանի օր անց մեկնել Ղրիմ՝ մասնակցելու հեղինակավոր մրցույթին: Երաժշտական տոնը կանցկացվի Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում, օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16-18-ը:

«Մանկական նոր ալիք 2014»-ի շրջանակում պայքարը կծավալվի երկու մրցութային օրերին, կանցկացվի մրցանակաբաշխության ու փակման արարողություն:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հուլիսի 30-ին անցկացված մամուլի ասուլի ընթացքում 12-ամյա Դավիթ Վարդանյանը նշեց, որ աշխատում է ծանր և հագեցած ժամանակացույցով:

«Պարապում եմ իմ սիրելի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի և պարուսույց Քրիստինե Հովակիմյանի հետ: Շատ լավ եմ տրամադրված` մարտական, պիտի փորձեմ հաղթել:  Բոլոր մրցույթների արդյունքներն անկանխատեսելի են, սակայն ամեն մեկը գնում է հաղթելու կամ լավ ելույթ ունենալու երազանքով: Ես երազում եմ Հայաստանիս հաղթանակ բերել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դավիթ Վարդանյանը:

Պատանին մրցութային երկու օրերին հանդես կգա Արտյոմ Հակոբյանի «Լուսավորական» և Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգերով, սակայն հնարավոր է, որ Ղրիմոււմ երգերը փոփոխվեն: Դավիթի կարծիքով՝ մրցույթի բոլոր մասնակիցներն էլ արժանի են հաղթանակի, և բոլորն էլ իր մրցակիցներն են: «Երգն ինձ համար կյանք է, սակայն մասնագիտություն դեռ չեմ ընտրել»,- նշեց Դավիթը:

Երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանն ընդգծեց, որ Դավիթի հետ սկսել է աշխատել մեկ տարի առաջ, երբ պատանին ցանկանում էր մասնակցել «Մանկական Եվրատեսիլին»:  

«Այնուհետև շարունակեցինք աշխատել, և երկրորդ կարևոր մրցույթը «Մանկական Նոր ալիք 2014»-ն էր: Երկրորդ փորձից մեզ հաջողվեց ներկայացնել Հայաստանը, և մենք շատ ուրախ ենք: Երգերը վերջնական չեն, Դավիթի հետ պատրաստել ենք նաև Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ», ինչպես նաև Սիրուշոյի «Պռեգոմեշ» ստեղծագործությունները»,-փաստեց Կյոկչյանը:

Պրոդյուսերը համոզված է, որ Դավիթը մեծ ձգտում ունի և հաղթելու իրական շանսեր: «Բայց այս մրցույթում մարդկային գործոնն էլ է կարևոր: Եթե հաջողությունը մեր կողմից լինի, վստահ եմ, որ Դավիթը կհայտնվի հաղթական եռյակում, ինչու ոչ՝ կհաղթի»,- հավելեց նա:

Պարուսույց Քրիստինե Հովակիմյանն ընդգծեց, որ Դավիթի ելույթների համար հատուկ պար չի բեմադրվելու, պարզապես իրենք աշխատում են տղայի ճկունության և բեմական ճիշտ պահվածք ձևավորելու վրա: «Շատ աշխատասեր տղա է, կարծում եմ, որ հաջողություն կունենա»,- նշեց Հովակիմյանը:

Դավիթ Վարդանյանը կմասնակցի նաև հայաստանյան «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի նախըտրական փուլին, եթե հայտերի ընդունման ժամկետները երկարաձգվեն, եթե ոչ՝ ապա կփորձի հաջորդ տարի:

Ասուլիսի ավարտին Դավիթը շնորհակալություն հայտեց բոլոր աջակիցներին, հատկապես` Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին, ով մշտապես աջակցել է իրեն:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին, Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել այդ տարվա նոյեմբերի 28-ին և 29-ին, Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]