Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լույս»-ի շահառուներն Արցախի բրենդինգի ու տուրիզմի զարգացման ծրագիր են սկսել

«Լույս»-ի շահառուներն Արցախի բրենդինգի ու տուրիզմի զարգացման ծրագիր են սկսել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Վահան Մարտիրոսյանն ու իր ընկերները «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում Արցախում հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով: Երիտասարդները մշակել են մակրո և միկրոտնտեսական բնույթի ծրագրեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի թիմի անդամ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ հանդիպումներ են ունեցել Արցախի վարչապետի, տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև բնակիչների հետ և առանձնացրել իրենց գործունեության ուղղությունները: «Շփվելով Շուշիի տարբեր վարչությունների անդամների, քաղաքապետի, Արցախի վարչապետի հետ` հասկացանք, որ ամենամեծ խնդիրը Շուշի քաղաքի ընդհանուր տնտեսական վերլուծության պակասն էր: Այսինքն` եթե ես ներդրում անող եմ, ինձ հետաքրքիր է Շուշիում գործ հիմնել, ես պատկերացում չունեմ, թե Շուշիում տնտեսական ոլորտը ինչպես է գործում: Մենք բավականին մեծ ջանքների արդյունքում կազմեցինք մի զեկույց, որը պետք է ամեն տարի զարգացնել, որը կհանդիսանա որպես ռեսուրս և Արցախի, և «Լույսի» ապագա թիմերի համար»,-ասաց Վահան Մարտիրոսյանը` շեշտելով, որ իրենք կատարել են առաջին քայլը, որը պահանջելու է հետևողական աշխատանք: «Ցանկացած զարգացած քաղաք ունի իր տարեկան զարգացման զեկույցը: Մենք Շուշիի զարգացման ծրագրի հիմքն ենք դրել. սա 2015 թվականի զեկույցն է և ամեն տարի կարող է թարմացվել»,-նշեց նա:

Վահան Մարտիրոսյանի խոսքով` իրենք բոլոր հնարավոր լծակներով պետք է տարածեն զեկույցը, որպեսզի այն հասանելի դառնա ցանկացած ներդրողի համար:

Անդրադառնալով հաջորդ ծրագրին, որ Արցախի թիմն իրագործել է, Վահան Մարտիրոսյանը նշեց, որ այն միկրոտնտեսական բնույթի է: «Գործակցել ենք Շուշիի հումանիտար քոլեջի հետ, նրանց հիմնական խնդիրն այն է, որ ունեն շատ տաղանդավոր երեխաներ, ովքեր լավ գործեր են անում, բայց չեն կարողանում վաճառել այդ գործերը, հետևաբար, ֆինանսավորում քիչ ունեն: Ֆինասավորման պակասն էլ բերում է նրան, որ երեխաները մոտիվացված չեն: Մենք փորձել ենք այդ խնդիրը լուծել, առաջարկել ենք բիզնես պլան, որով համալսարանի ղեկավարները կարող են վաճառել ուսանողների աշխատանքները սոցիալական տարբեր կայքերի միջոցով»,-ասաց Մարտիրոսյանը:

Արցախի թիմը փորձել է ծրագիր մշակել նաև գյուղացիների համար, ովքեր կարող են երևանաբնակներին կամ էլ սփյուռքահայերին առաջարկել Արցախին բնորոշ համեմունքներ: «Բրենդինգի ծրագրի շրջանակներում Ղարաբաղին բնորոշ համեմունքներն ենք վերցրել և փորձել ենք տեսնել Հայաստանում դրա պահանջարկն ինչքան է, որ բերենք Երևան կվաճառվի, թե ոչ: Դրել ենք մի կայքում, որտեղ մարդիկ վիդեո պետք է նայեն, հարցերի պատասխանեն, թե ինչքան են գնելու այդ համեմունքներից, ինչ գնով, որքան հաճախականությամբ: Այդ բոլոր տվյալները պետք է ներկայացնենք ընկերություններին, որոնք էլ գյուղացիներին կասեն, թե որքան համեմունք պետք կգա, գյուղացին կիմանա, թե ամեն տարի իրեն հստակ որքան համեմունքի պատվեր կտան»,-հայտնեց Վահան Մարտիրոսյանը` հավելելով, որ Արցախի գյուղացին էժան գներով կստանա համեմունքն ու որոշակի գնով կվաճառի Հայաստանում ու Սփյուռքում:

Հարցին ի պատասխան, թե ուրիշ էլ ինչ առանձնահատություն ունի Արցախը, որը կարելի է օգտագործել ու այն ավելի գրավիչ դարձնել` Վահան Մարտիրոսյանը նշեց. «Արցախը տեղով առանձնահատկություն է` սկսած իր տնտեսական վիճակից, իր պատմությունից: Իմ մտքին առաջինը տուրիզմն է գալիս, որ կարելի է այն հետաքրքիր էքստրիմ տուրիզմի բրենդ սարքել: Պարզ է, որ Արցախում ծով չկա, խաղաղության խնդիր կա, բայց այդ ամենը կարելի է փաթեթավորել հետաքրքիր ձևով: Երիտասարդ եվրոպացիաները հոգնել են Միջերկրական ծովում հանգստանալուց, ամբողջ օրը ծովին նայելուց: Նրանց կարող է հետաքրքրել աժիոտաժով երկիրը: Նման օրինակներ կան, Արցախ այցելած տուրիստների մի մեծ մասը եկել է, քանի որ իրեն հետաքրքրել է, թե ինչպիսին է պատերազմող երկիրը»,-նշեց «Լույսի» կրթաթոշակառուն:

Վահան Մարտիրոսյանը սովորում է Լոնդոնի համալսարանական քոլեջում Մաթեմատիկայի և տնտեսագիտության բաժնում: Իր դիտարկումներով` Հայաստանում զարգանում է տնտեսագիտության ֆինանսական ոլորտը, իսկ մաթեմատիկոսների պակասը ֆինանսում միշտ զգացվում է: Հուսով է, որ Հայաստանում իր կրթությանը համապատասխանող ու անձնական աճին նպաստող աշխատանք կգտնի:

«Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում մեկշաբաթյա սեմինարներից և նախապատրաստական փուլից հետո «Լույսի» ուսանողները բաժանվել են յոթ խմբերի և սկսել են իրենց աշխատանքը Դիլիջանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Երևանում, Գարգառում, Ծափաթաղում և Շուշիում` համագործակցելով մենթորների և տվյալ համայնքի բնակիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am