Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սոնա Ռուբենյանը Յուրմալայից իր հետ է բերել հանդիսատեսի և ժյուրիի սերն ու համակրանքը

Սոնա Ռուբենյանը Յուրմալայից իր հետ է բերել հանդիսատեսի և ժյուրիի սերն ու 
համակրանքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը վերադարձել է հայրենիք: Մեր պատվիրակը հեղինակավոր մրցույթում ըստ արժանվույն է ներկայացրել Հայաստանը՝ իր հետ բերելով հանդիսատեսի և ժյուրիի անդամների սերն ու համակրանքը:

«Տպավորություններս շատ տարբեր են: 20 օրվա ընթացքում շատ բան եմ սովորել թե որպես երգիչ և թե որպես մարդ: Շատ մեծ փորձ էր, այս քսան օրվա ընթացքում հասկացա, թե ինչքան մեծ էր իմ հայրենակիցների աջակցությունը»,-«Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում նշեց Սոնա Ռուբենյանը:

Հայ երգչուհին զարմացել էր այն փաստից, որ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը նրան հանձնեց երգիչ Ֆիլիպ Կիրկորովը: «Մրցանակը հանձնելուց երկու օր առաջ շոկի մեջ էի, երբ Ֆիլիպ Կիրկորովն ու Լեոնիդ Ագուտինը հոտնկայս 11-երը ձեռքերին սկսեցին ծափահարել: Ես նման բան ամենաքիչը Կիրկորովից կսպասեի, բայց շատ ուրախ եմ, որ հենց նա հանձնեց ինձ իմ մրցանակը»,-ուրախությամբ նշեց Սոնան:

«Նոր ալիք»-ում Ռուբենյանը հանդիպեց ռուսական էստրադայի իր ամենասիրելի երգիչներից մեկի՝ Լեոնիդ Ագուտինի հետ: «Շատ եմ սիրում նրան: Շատ լավ խոսքեր ասաց ինձ, նշեց, որ մեծ բարձունքների եմ հասնելու և ափսոսանք հայտնեց, որ առաջին օրը ցածր գնահատական է դրել»,-նշեց երգչուհին: Մրցույթի մասնակիցների հետ Սոնան մինչ օրս կապի մեջ է, և համոզված է, որ իրենց ընկերությունը կշարունակվի:

«Նոր ալիք»-ի մեր պատվիրակին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է հոծ բազմություն: «Դիմավորողները շատ էին՝ ընկերներս, հարազատներս և մարդիկ, ովքեր պարզապես ինձ դիմավորելու ցանկություն էին հայտնել: Շատ էի կարոտել թե Երևանը, թե մտերիմ մարդկանց: Ընկերներս շատ հետաքրքիր բան էին մտածել՝ 11 թվի տեսքով փուչիկներ էին գնել և այդ փուչիկներով՝ 11 գնահատականներով դիմավորեցին ինձ»,-նշեց նա:

Սոնան այժմ ցանկություն ունի փոքր-ինչ հանգստանալ: Այնուհետև աշնանը համերգով հանդես կգա ԱՄՆ-ում, որից հետո կսկսի աշխատել իր ձայնասկավառակի ստեղծման ուղղությամբ:

Սոնա Ռուբենյանը «Մանկական նոր ալիք» մրցույթի մեր այս տարվա մասնակցին՝ Դավիթ Վարդանյանին մաղթում է, որ պատանին լավ ներկայանա մրցույթում:

«Մաղթում եմ, որ Դավիթը չհուզվի և բեմում ըստ արժանվույն ներկայացնի իրեն և մեր երկիրը: Երբ գնում էի «Նոր ալիք», մի փոքր այլ կերպ էի տրամադրված՝ ասում էի, գնում եմ հաղթելու: Պարզապես այնտեղ հասկացա, որ հաղթանակը քեզնից կախված չէ, քեզնից կախված է լավ ելույթը և հայրենիքդ պատշաճ ներկայացնելը: Մնացածը կարևոր չէ: Կարևորը լավ երգելն է»,-եզրափակեց Ռուբենյանը:

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Մրցանակը մեր պատվիրակին հանձնեց «Նոր ալիք»-ի ժյուրիի անդամ Ֆիլիպ Կիրկորովը և «Twelve Thirteen» ոսկերչական ընկերության ղեկավար Ֆարիդ Ասրին: Ռուբենյանը հեղինակավոր մրցույթում 220 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Բացի այդ, մեր երգչուհին հաղթել է հայտնի woman.ru մրցույթում և կայքի կողմից հատուկ մրցանակ է ստացել` նորաձև մարգարտյա հավաքածու: Ամբողջ մեկ ամսվա ընթացքում կայքի ընթերցողները քվեարկել են իրենց դուր եկած մասնակցի օգտին և մրցակցությունը հսկայական է եղել: Արդյունքում հաղթել է 17-ամյա Սոնա Ռուբենյանը:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում:

«Նոր ալիք» մրցույթի ընթացքին հետևեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]