Մանկական բեսթսելեր 2/23. Հայ մանուկները շարունակում են կարդալ և լսել հեքիաթներ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարները «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենների, մարդու մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել հայոց լեզվի մաքրության վերականգնմանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք:
«Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն երրորդ հորիզոնականում է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, և դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Հովհաննես Թումանյանի հեքիաթներն ամփոփող մեկ այլ ժողովածու՝ այս անգամ «Արևիկ»-ի հրատարակությամբ, չորրորդ հորիզոնականում է:
«Զանգակ» հրատարակչությունն այս տարի հրատարակել է Ջեյմս Մեթյու Բարրիի «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում» վիպակը, որը տեղ է գտել վարկանիշային աղյուսակում: Ջ.Մ. Բարրին մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի գրական կնքահայրն է: Անմայր ու տնանկ տղայի կյանքը հեղինակը վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց` ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզանից հեռու մի աշխարհում:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գիրքը վարկանիշային աղյուսակի յոթերորդ հորիզոնականում է: Այս գրողի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են, արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն, հեղինակին չի խանգարում անդրադառնալ ամենալուրջ թեմաներին, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:
Ութերորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն է : Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:
Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն այս շաբաթ իններորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:
«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ» ժողովածուն: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01 ), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +1 | «Իմ առաջին գիրքը» | ՎԷՄ | 30 | |
2 | -1 | «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» | Բուկինիստ | 25 | |
3 | * |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
ՄՀՄ | 12 | |
4 | -1 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 10 | |
5 | 0 |
Ջեյմս Մեթյու Բարրի «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում» |
Զանգակ | 10 | |
6 | 0 | «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» | Էդիթ Պրինտ | 10 | |
7 | * |
Ջաննի Ռոդարի «Չիպոլինոյի արկածները» |
Զանգակ | 8 | |
8 | -4 |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 6 | |
9 | -1 |
Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» |
Արևիկ | 6 | |
10 | -3 |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
Արևիկ | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում