1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Գործուն հայ կանայք. համայնքերի կառուցում ամբողջ աշխարհում» համաժողովը կանցկացվի հոկտեմբերին

«Գործուն հայ կանայք. համայնքերի կառուցում ամբողջ աշխարհում» համաժողովը 
կանցկացվի հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը, որը վարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, տեղի է ունեցել հուլիսի 29-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգում ընդգրկված է եղել Սփյուռքի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գործուն հայ կանայք. համայնքերի կառուցում ամբողջ աշխարհում» համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկատվությունը, համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության 2013 թվականի մարտից մինչև 2014 թվականի հուլիսն իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, 2013-14 թթ. ընթացքում ՀՀ ՍՆ ԱՊՀ հայ համայնքների վարչության կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, ինչպես նաև ընթացիկ հարցեր:

«Գործուն հայ կանայք. համայնքերի կառուցում ամբողջ աշխարհում» համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցել է ՀԱՀ դասախոս Արփի Բալյանը: Նա նշել է, որ 7-րդ միջազգային համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 9-12-ը, որը կանցկացվի ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ կանանց միջազգային միության համատեղ ջանքերով: Համաժողովի շրջանակներում կլսվեն զեկուցումներ «Իսլամացած հայեր», «Ցեղասպանությունը և կանանց շարժումը մշակույթի պահպանման համար», «Կանանց իրավունքները Միջին Արևելքում», «Կանայք գլոբալացվող աշխարհում», «Հայ կին գրողները ցեղասպանության մասին» և այլ թեմաներով: Կկազմակերպվեն գրքերի շնորհանդեսներ, կցուցադրվեն «Տատիկիս դաջվածքները», «Արտույտների ագարակը» ֆիլմերը:

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն է հայտնել Արփի Բալյանին` Բոստոնի և Լոս Անջելեսի կազմակերպությունների հետ արդեն կես տարի համաժողովի կազմակերպման ուղղությամբ շատ ակտիվ աշխատելու համար: Նախարարն առաջարկել է հատուկ ծրագիր մշակել համաժողովի մասնակից, Ֆրանսիայի պառլամենտի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնության հեղինակ Վալերի Բուայեի այցը հավուր պատշաճի կազմակերպելու համար: Քննարկվել են կազմակերպական այլ հարցեր:

Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության 2013 թվականի մարտից մինչև 2014 թվականի հուլիսը իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրել է  վարչության պետ Կ. Սարգսյանը: Նա նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է վարչության 2013 և 2014 թվականների աշխատանքային ծրագրի «Սփյուռքի համայնքներում տեղի ունեցող հիշարժան իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական նյութերի հավաքման, մշակման և շուրջ 600 էջ ծավալով «Հայկական Սփյուռք-2012» և «Հայկական Սփյուռք-2013»  տարեգրքերի հրատարակման հետ կապված աշխատանքները: Իրականացվել է Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրերը թվայնացնելու ծրագիրը:

Մատենադարանի 5 ձեռագրագետ գործուղվել են Զմմառի Պատրիարքական Միաբանություն՝ ձեռագրերի թվայնացման աշխատանքներին մասնակցելու, ձեռագրերը մատենագրելու, մշակելու և առանձին հատորների տեսքով հրատարակելու նպատակով:

Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի, Սպահանի Հայոց թեմի և Մատենադարանի հետ համատեղ Երևանում իրականացվել է «Նոր Ջուղայի օրեր» ծրագիրը:

Զեկուցողը կարևորել է, որ հաջողվել է Սփյուռքի համահայկական կառույցների հետ հաստատել վստահության մթնոլորտ: Համագործակցության հուշագրեր են կազմվել «Ռուսաստանի հայերի միության»  և «Համաշխարհային հայկական կոնգրեսի», «Համազգային հայ կրթական և մշակութային միության», ՀԲԸՄ-ի, Հայ օգնության միության, Հայ մարմնակրթության ընդհանուր միության, «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության, «Բեյրութի Հայկազյան համալսարանի» և Կալիֆորնիայի «Արփա» ինստիտուտի հետ: Առաջին երկու համահայկական կազմակերպությունների հետ հանդիսավոր պայմաններում կնքվել են հուշագրեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ դրական է գնահատում հոգևոր և համահայկական կառույցների հետ աշխատանքը, բայց միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքները դեռ բավարար չեն: «Մեր նկատմամբ աճող վստահությունը մեզ թույլ չի տալիս թերանալ»,- ասել է նա: Նախարարն առաջարկել է առաջիկայում կազմակերպել Սուրբ Ղազարի օրեր Հայաստանում:

2013-14 թթ. ընթացքում ՀՀ ՍՆ ԱՊՀ հայ համայնքների վարչության կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը ներկայացրել է ԱՊՀ հայ համայնքների վարչության Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Է. Հովսեփյանը: Նա նշել է, որ 2013-2014թթ. կազմվել է ևս 25 հայկական համայնքի անձնագիր: Համայնքային անձնագրերը մշտապես լրամշակվում և թարմացվում են: 2012 թ. վարչությունն աշխատանքներ է տանում  ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Է. Հովսեփյանը ներկայացրել է 2013-2014թթ Սփյուռքի նախարարության ծրագրերին տարածաշրջանի երկրների մասնակցության վիճակագրությունը, զեկուցել համայնքների հետ իրականացվող այլ աշխատանքների մասին:

ՀՀ սփյուռքի նախարարը նշել է, որ պետք է ավելի ակտիվ աշխատել բոլոր համայնքների հետ, կապեր հաստատել բոլոր ամենահեռավոր ու փոքր համայնքների ղեկավարների հետ, հրավիրել համաժողովին: Ուկրաինական դեպքերի հետ կապված գաղափարական քաղաքական անդրադարձ կատարել, պարզել տեղերում իրավիճակը, մարդկանց կարիքները: Նախարարը կարևորել է լուսաբանման խնդիրը, կապը տեղական թերթերի ու կայքերի հետ, նշել է, որ պետք է ավելացնել տեսակոնֆերանսների թիվը և ընդգկումը:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշել է, որ անցնող ամիսը հագեցած էր հետաքրքիր և բազմաբովանդակ միջոցառումներով: Հաջողությամբ ընթանում է  «Սփյուռք» ամառային դպրոցը, յուրաքանչյուր 14 օրը մեկ մեկնարկում է «Արի տուն» ծրագրի հերթական փուլը: Գլխավոր իրադարձություն է համարվում օգոստոսի 1-ին մեկնարկող «Իմ Հայաստան» փառատոնի երգչախմբային օրերի մեկնարկի կազմակերպումը, բացման արարողության և համերգների պատշաճ լուսաբանումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]