Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

11 տարում 40 անգամ ավելացել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցող ընտանիքների թիվը

11 տարում 40 անգամ ավելացել է «Լավագույն մարզական ընտանիք» 
մրցույթին մասնակցող ընտանիքների թիվը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բոլոր մարզերի, մայրաքաղաքի ու Արցախի մարզական ընտանիքները Ծաղկաձորում մասնակցեցին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի փակման արարողությանը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, մարզպետները, Երևանի քաղաքապետը և այլք:

Մրցույթի քաղաքային ու մարզային փուլերը հաղթահարած 144 ընտանիքները կազմ-պատրաստ դիմավորեցին Նախագահին, որից հետո եզրափակչում հայտնված մարզական ընտանիքները մրցեցին մի շարք մարզաձևերում: Մրցման արդյունքում բացահայտվեցին յուրաքանչյուր տարիքային խմբում հաղթող ընտանիքները, ովքեր ՀՀ Նախագահի ձեռամբ պարգևատրվեցին դրամական պարգևներով, վկայագրերով և հուշանվերով:

Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթողներին, նշեց, որ այսպիսի մրցույթներում պարտվողներ չեն լինում, հաղթում են բոլորը: «Յուրաքանչյուր մարզական ընտանիք մեր երկրի հարստությունն է. մարզական ընտանիք նշանակում է ֆիզիկապես առողջ ընտանիք, լավատեսական տրամադրություն ունեցող ընտանիք, առողջ երեխաներ, առողջ փոխհարաբերություններ: Ձեր առավելությունը կայանում է նրանում, որ դուք ոչ միայն ինքներդ եք դրական ազդակներ ստանում, այլև դա տալիս եք մյուսներին: Այսօր մեր հասարակությանը ձեր հաղորդած դրական ազդակները շատ անհրաժեշտ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով` պրոֆեսիոնալ սպորտին հավասարազոր է մարզական ընտանիքների հաջողությունները: «Դուք չափազանց կարևոր գործ եք անում, երևի ոչ պակաս, քան մեր պրոֆեսիոնալ մարզիկները»,-հավելեց Նախագահը:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին Նախագահի որոշմամբ` այս տարվանից մասնակցում էին նաև Հայաստանի ու Արցախի հաշմանդամ անդամ ունեցող 16 ընտանիքներ, որոնց համար ևս սահմանված էին մրցանակային տեղեր: Ղասաբյանների ընտանիքը, ուր հայրը ունի ֆիզիկական դժվարություններ, գոհ է մասնակցությունից ու շնրհակալ կազմակերպիչներին: «Մտածեցինք թեկուզ տեղ էլ չգրավենք, բայց մասնակցություն ունենանք այս մրցույթում»,-ասում է ընտանիքի հայրը: Ընդհանուր մրցույթի արդյունքներով ամենաբարձր միավորները հավաքած մարզերը պարգևատրվեցին գավաթներով: Երրորդ տեղում հայտնվեց Կոտայքի մարզը, երկրորդում` Շիրակը, իսկ հաղթողը Երևանն էր: Մրցանակները հանձնեցին մարզպետներն ու Երևանի քաղաքապետը:

Յուրաքանչյուր տարիքային խմբում ամենակրտսեր մասնակիցներին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը դրամական պարգևներ շնորհեց:

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն անցկացվում է 2004 թվականից: Մրցույթը 11 տարի շարունակ անցկացվում է ՀՀ-ում և ԼՂՀ-ում: 2013-2014 թթ. «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն անցկացվել է չորս տարիքային խմբերով` 6-8, 9-11, 12-14, 15-16 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների միջև: 2004 թվականից մինչ 2014-ը մրցույթին մասնակցող ընտանիքների թիվն աճել է 40 անգամ, եթե առաջին անգամ մասնակցել է 54 ընտանիք, ապա 2014-ին` 2 հազար 67 ընտանիք: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի բյուջեն 2014-ին կազմել է 155 միլիոն 840 հազար 800 դրամ, որից մրցանակային ֆոնդը կազմել է 108 միլիոն 140 հազար դրամ, իսկ 47 միլիոն 700 հազար 800 դրամ ծախսվել է կազմակերպչական աշխատանքների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]