1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած ամառային թեժ եղանակին ու արձակուրդային շրջանին, անցնող շաբաթը հագեցած էր ինչպես ներհայաստանյան, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս ծավալվող տարաբնույթ իրադարձություններով:

Ներհայաստանյան իրադարձություններ

ՀՀ նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հուլիսի 26-ին մասնակցեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014թ. շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Հայաստանի մի շարք ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնելուց զատ, ՀՀ Նախագահը, հանդես գալով ելույթով, նշեց, որ «անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ». «Մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք` «Զգույշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»»,-ընդգծեց երկրի ղեկավարը: «Ես հրամայում եմ, խնդրում անել ամեն ինչ հերոսանալու ոչ թե սեփական կյանքը կորցնելու, այլ մեր աշխարհի անդորրը խաթարող ելուզակներին վնասազերծելու միջոցով: Դուք հայրենքին շատ եք պետք: Բարի երթ դեպի մեր փառախպանծ զինված ուժերի շարքերը, որոնք գտնվում են քաղաքակրթության ու բարբարոսության, լույսի ու խավարի կիզակերտում»,- շնորհավորելով շրջանավարտներին` ընդգծեց Նախագահը:

Սերժ Սարգսյանը հուլիսի  24-ին հանդիպեց Հանրային խորհրդի անդամների հետ: Խորհրդի տարբեր հանձնաժողովներում քննարկված` հասարակությանը մտահոգող մի շարք հարցերից զատ, անդրադարձ եղավ նաև սամանամերձ գոտու ամրապնդման և անվտանգության ապահովման խնդիրներին: Ակտիվ քննարկում  ծավալվեց, մասնավորապես, սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցի շուրջ, որին Նախագահը դեմ արտահայտվեց և հանգամանորեն ներկայացրեց այսօր արդեն առկա բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծված են զինված ուժերում՝ զենք բռնելու ունակ սահմանամերձ բնակիչների համար:

Հուլիսի 26-ին էլ Նախագահն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում: Սերժ Սարգսյանը նախ Ծովասար համայնքում այցելեց նորաբաց հանգստի համալիր, ծանոթացավ հանգստի համար այնտեղ  ստեղծված պայմաններին: Նախագահը ծանոթացավ նաև Սևան-Գավառ մայրուղուց դեպի Լճափ համայնք տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, հանդիպեց Լճափի բնակիչների հետ: Մարզկենտրոն Գավառում Հանրապետության Նախագահը ծանոթացավ քաղաքի կենտրոնական հրապարակի հիմնանորոգման ծրագրին, այցելեց Շախմատի ակադեմիայի Գավառի տարածքային մասնաճյուղ, որը գտնվում է քաղաքի Ուսուցողական կենտրոնի շենքում:  Իսկ Մարտունու մշակույթի տանը Նախագահը մասնակցեց «Սևանա լիճ-2014» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը:

Անցնող շաբաթ հագեցած էր ՀՀ վարչապետի աշխատանքային առօրյան: Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղավ Գյումրիում: Գյումրու «Մուշ 2» թաղամասում կառավարության ղեկավարը ծանոթացավ թաղամասի խնդիրներին, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքին և արդյունքներին: Նույն օրը Շիրակի մարզպետարանում կայացավ փակ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին բնակարների սեփականաշնորհման, ինչպես նաև Գյումրիում հետագա բնակարանաշինական ծրագրին առնչվող հարցեր:

Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը` նշելով, որ այդ ընթացքում կատարված աշխատանքի գնահատականը թողնում է ժողովրդին: «Ժողովուրդը պետք է ասի՝ արդարացան իր հույսերը, թե ոչ: Բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք չունենք  կախարդական փայտիկ, որ բոլոր խնդիրներին տանք լուծում: Մեր թիմը՝ նոր կառավարությունը, ամեն ինչ անում է, որ խնդիրներին լուծում տա: Իհարկե, ժամանակ է պետք և ֆինանսական ռեսուրսներ, բայց, մենք հետևողական ենք լինելու»,- նշեց վարչապետը: 

Վարչապետն աշխատանքային այցով եղավ նաև Տավուշի մարզում: Կառավարության ղեկավարն այցելեց Դիլիջանի միջազգային դպրոցի վարչական և ուսումնական հատվածներ, շրջեց ժամանակակից լսարաններում, գրադարանում: Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրենի հետ զրույցում վարչապետը խոստացավ յուրաքանչյուր խնդրի դեպքում աջակցել: Այցի շրջանակներում Հովիկ Աբրահամյանը եղավ Դիլիջանում գտնվող Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում, ծանոթացավ շինարարական աշխատանքներին և իր գոհունակությունը հայտնեց կատարվող աշխատանքների վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր պաշտոնավարման 100-օրվա արդյունքներին` վարչապետը վստահեցրեց, որ  տարեցտարի հանրությունը կտեսնի կառավարության գործունեության արդյունքները: ՀՀ վարչապետ ընդգծեց նաև, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ այս կամ այն քաղաքական դրդապատճառներով պայմանավորված այլ երկրների նկատմամբ պատժամիջոցները չազդեն Հայաստանի տնտեսության վրա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաև ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի: Մասնավորապես, հարցեր հնչեցին «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի վաճառքին, «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերին, ինչպես նաև ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին վերաբերող հարցեր:

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

Բրյուսելում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Հանդիպման ժամանակ շարունակվեցին քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Հուլիսի 22-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Բրյուսելում հանդիպեցին նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկեցին նաև երկու երկրների նախագահների մակարդակով հնարավոր հադիպման օրակարգային հարցեր:

Հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն տարածեցին: Նրանք խորը մտահոգություն հայտնեցին հակամարտության գոտում լարվածության, բռնությունների սրացման, այդ թվում` հայ-ադբեջանական սահմանի շփման գծում խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ: ՄԽ համանախագահները կոչ արեցին կողմերին դժբախտ իրավիճակներից խուսափելու հանձնառություն ստանձնել և զերծ մնալ դիտավորյալ հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակիչների վրա:

Ադրբեջանական ստորաբաժանումները հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը կրկին կրակ բացեցին Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: Բարեբախտաբար, կորուստներ չեղան: Հետախուզադիվերսիոն հարձակամն հերթական փորձերը գրանցվեցին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով: Հայկական զինուժի ստորաբաժանումները հաջողությամբ հետ մղեցին դիվերսիանտներին, տալով, սակայն, մեկ զոհ. ևս երկու զինվոր վիրավորվեց:

ԼՂՀ դատախազությունը քրեական գործ հարուցեց և մեղադրանքներ առաջադրեց հուլիսի 14-ին Քարվաճառ ներթափանցած ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի ձերբակալված անդամներին: Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր վերաբնակների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարեց, որ քայլեր են ձեռնարկվում Քարվաճառում դիմադրություն ցույց տալու ժամանակ սպանված ադրբեջանցի դիվերսանտ Հասան Հասանովի դին հարազատներին վերադարձնելու ուղղությամբ: ԼՂՀ Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը պատրաստակամություն հայտնեց դիվերսանտի անձը պարզելուց և քննչական գործողությունների ավարտից հետո ԿԽՄԿ-ի հետ համագործակցել դիակը հարազատներին հանձնելու հարցում:

Հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա

Հուլիսի 19- երեկոյան ծրագրված հարձակում իրականացվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Վրաց Ուղղափառ եկեղեցին` անընդունելի համարելով այն: «Դեպքին տեղյակ չեմ, սակայն եթե եղել է նման բան, ապա անընդունելի և անկարելի եմ համարում այն: Դրանով կզբաղվեն իրավապահները: Ավազակների հարձակումը որևէ կերպ չի կարող խաթարել Վրաց Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև բարեկամական հարաբերությունները»,-նշեց Վրաց Ուղղափառ եկեղեցու մամլո ծառայության ղեկավար Միքայել Բոտկովելին:

Վրաստանի ՆԳՆ-ը էլ հայտարարեց, որ միջադեպը  եղել է կենցաղային հողի վրա և իր մեջ չի պարունակում էթնիկ կամ ազգային փոքրամասնություններին ուղղված ատելություն: Այս հայտարարությունը տարակուսանքով ընդունեց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը: Թեմի մամուլի ծառայության ղեկավար Սուսաննա Խաչատրյանը տեղեկացրեց, որ եկեղեցում 50 մարդուց բաղկացած խումբը վիրավորել է հայերի ազգային արժանապատվությունն ու դա դժվար է որակել եւ ընդունել որպես կենցաղային միջադեպ: Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին պահանջեց փոխել գործի որակումը:

Միջադեպը քննարկեցին նաև Վրաստանի Ուղղափառ եկեղեցու միջեկեղեցական կապերի բաժնի ղեկավար, Զուգդիդի եւ Ցիաշի մետրոպոլիտ Գերասիմը և Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը: Կողմերը շեշտեցին, որ միջադեպը չունի հոգեւոր եւ էթնիկ բնույթ: Վրաստանի մի շարք ՀԿ-ներն էլ համատեղ հայտարարությամբ դիմեցին Վրաստանի իրավապահ մարմիններին` կոչ անելով բացահայտել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա հարձակումն ու պատժել մեղավորներին:

Լևոն Հայրապետյանի ձերբակալություն-Մոսկովյան մետրոյի վթար

Նախորդ շաբաթ ՌԴ անվտանգության ծառայության կողմից ձերբակալված հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին ազատ արձակելու կոչով ՌԴ քննչական կոմիտեին դիմեցին ԼՂՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ և խմբակցություններ: «Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաեւ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրեւ օրինապաշտ քաղաքացի եւ բարձրակիրթ անձնավորություն, Լեւոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը եւ օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին»,-նշված էր հայտարարության մեջ:

Գործարարին ազատ արձակելու պահանջով ՌԴ պատկան մարմիններին նամակով դիմեցին նաև Արցախում կայացած «Մեծ հարսանիքի» մասնակից 674 զույգերը: «Հույս ունենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կցուցաբերեն օբյեկտիվ մոտեցում, և արդյունքում կապացուցվի մեծ բարերարի անմեղությունը: Հետաքննության ընթացքն ու ճշմարտության վերհանումը համարելով ժամանակի հարց՝ այս փուլում նախաքննության մարմնից պահանջում ենք Լևոն Հայրապետյանին անհապաղ ազատ արձակել կալանքից»,- գրված էր նամակում:

Չեխիայի Հանրապետության սենատոր, Եվրոպայի խորհրդի պատգամավոր Յարոմիր Շտետինան ևս իր աջակցությունը հայտնեց Լևոն Հայրապետյանին` «Facebook» սոցիալական ցանցում անդրադառնալով իր մանկության ընկերոջ կալանավորմանը:«Լևոնն իմ մանկության ընկերն է: Մենք միասին անցել ենք Սիբիրի գետով: Ես վախենում եմ նրա կյանքի համար»: Սենատորը նաև կոչ էր արել ՌԴ նախագահին ազատ արձակել Լևոն Հայրապետյանին:

Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը պատրաստակամություն հայտնեց իր հնարավորության չափով աջակցել ձերբակալված գործարարին: «Իմ աջակցությունը կլինի բարոյական: Ես պատրաստ եմ հնարավորության սահմաններում աջակցելու նրան: Գնահատում եմ Լևոն Հայրապետյանի բարեգործությունները Արցախում»,- նշեց ՀՀ վարչապետը:

Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն հայ գործարարին մեղադրանքներ առաջադրեց քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ հոդվածով (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում):

Շարունակում է ծայրահեղ ծանր գնահատվել Մոսկվայի Մետրոյում տեղի ունեցած վթարից տուժած հայազգի Մերի Քոչարյանի վիճակը: Նա դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հայազգի մյուս տուժած աղջկա` Աննա Բուլղադարյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում:

Սիրիա

Իրավիճակը կրկին անհանգիստ էր Սիրիայում: Զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի Սուլեյմանիե շրջանում պայթեցված ռումբերի հետևանքով վիրավորվեցին Ավետիս և Էլիզ Քյուրքջյանները, Լարա Սնունին: Հուլիսի 23-ին հրասանդների և հրթռիների թիրախ դարձավ Հալեպի Թելեֆոն Հաուայիի թաղամասը: Ամենաուժգին պայթյունը տեղի ունեցավ զինվորական կենտրոնի մոտ գտնվող Ս. Տիմոթեոս եկեղեցու և փոստատան միջև: Հրթիռաձգության պայթյունի պատճառով արձանագրվցին զոհեր, այդ թվում երեխաներ, կային նաև վիրավորներ:

Ուկրաինա-Boeing 777-ի վթար

Ուկրաինայում շարունակեցին զարգանալ Դոնեցկի մարզում մալայզիական Boeing-ի կործանման փաստի շուրջ ստեղծված հանգամանքները: Հոլանդացի չորս փորձագետներից եւ ԵԱՀԿ-ի աշխատակիցներից բաղկացած խումբը ժամանեց Ուկրաինայի Դոնեցկ` զննելու աղետի վայրը: ՌԴ  Նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ աղետի վայրում Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) փորձագետների խմբի աշխատելու օգտին: Հակամարտության կողմերը, նրա խոսքով, պետք է բոլոր ջանքերը գործադրեն «խմբի լիակատար, բացարձակ անվտանգության ապահովման համար»: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն էլ կարգադրեց հրավիրել ռուսաստանցի փորձագետներին՝ Boeing-ի կործանման պատճառների հետաքննությանը մասնակցելու համար:

Նիդեռլանդների դատախազությունը հուլիսի 21-ին նախնական հետաքննությունն սկսեց ինքնաթիռի աղետի հանգամանքների շուրջ, որպեսզի հնարավորություն ստեղծի դրա ենթադրյալ մեղավորների դատական հետապնդման համար: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հայտարարեցին, որ «Մալայզիայի ավիագծերի» մարդատար ինքնաթիռը հուլիսի 17-ին Ուկրաինայի երկնքում «սխալմամբ» խփել են աշխարհազորայինները, որոնք, ըստ երեւույթին, այն ընդունել են ռազմական ինքնաթիռի տեղ: Նրանք միաժամանակ նշեց, որ տեղի ունեցած ողբերգությանը ՌԴ իշխանությունների անմիջական մասնակցության վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն Վաշինգտոնը չունի:

Մեծ Բրիտանիայի Ավիացիոն միջադեպերի հետաքննության վարչության փորձագետները Ֆառնբորոյի լաբորատորիայում հուլիսի 24-ին ձեռնամուխ եղան Boeing-ի երկրորդ «սեւ արկղի» վերծանմանը, որը բովանդակում Է թռիչքի մասին ամբողջ հնչյունային տեղեկատվությունը՝ անձնակազմի անդամների խոսակցությունների ձայնագրությունները, մյուս հնչյունները եւ աղմուկները:

«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing-777 ինքնաթիռի կործանման վայրում հուլիսի 25-ին հայտնաբերվեցին զոհված մարդկանց նոր մարմիններ եւ ինքնաթիռի կմախքի մի մեծ հատվածամաս: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտնեց, որ երկիրը 40 անզեն ոստիկան է ուղարկում Ուկրաինայի արեւելք մալայզիական ինքնաթիռի կործանման վայրը հսկելու համար:

Ուկրաինացի ուժայինները հսկողության տակ վերցրին Դոնեցկից 55 կիլոմետր հյուսիս գտնվող Ձերժինսկ քաղաքը, աշխարհազորայինները հարկադրված եղան նահանջել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի Ուկրաինայում հակամարտությունը ռազմական փուլից անցնի խաղաղ բանակցությունների: Պուտինը նշեց, որ Boeing-ի կործանումից կարելի էր խուսափել, եթե հունիսի 28-ին չվերսկսվեին մարտական գործողություններն Ուկրաինայի արեւելքում:

ԵԱՀԿ-ն վեց ամսով երկարացրեց Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության մանդատը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կոչ արեց Եվրոպային խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, ընդգծելով, որ Մոսկվան «լրացուցիչ գին» կվճարի, եթե չդադարեցնի աջակցությունը Ուկրաինայի արեւելքում կռվող աշխարհազորայիններին:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հուլիսի 25-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Գերագույն ռադայի քարտուղարություն: Իր հրաժարականի մասին Յացենյուկը հայտարարեց Գերագույն ռադայի հուլիսի 24-ի նիստում, որ կապված էր խորհրդարանում կոալիցիայի փլուզման եւ Ռադայի կողմից կառավարական նախաձեռնությունների արգելափակման հետ: Ռադան, սակայն, հուլիսի 25-ին փակեց լիագումար նիստը՝ չքննարկելով հանրապետության վարչապետի հրաժարականի դիմումը:

Սպորտ

Արմավիրի մարզում հուլիսի 21-ին հանդիսավոր միջոցառմամբ ազդարարվեց նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության մեկնարկը: Առաջնությանը մասնակցում է 39 երկրից ժամանած 269 մարզիկ: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Առաջնությունում Հայաստանցի նետաձգուհի Գոհար Շահնազարյանը նվաճեց 2015 թվականին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական օլիմպիական խաղերի ուղեգիր: Շահնազարյանը եվրոպական առաջնությանը մասնակցած Հայաստանի 6 մարզիկներից միակն Է, որ նման հաջողության հասավ:

Նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության`հուլիսի 26-ին կայացած փակման արարողության ժամանակ մարզաձեւի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ, իտալացի Մարիո Սկարցելան շնորհակալություն հայտնեց Հայաստանի նետաձգության ֆեդերացիային` նման բարձր կարգի մրցաշարը  հաջող անցկացնելու առիթով եւ շնորհավորեց բոլոր մասնակիցներներին` հետաքրքիր առաջնության կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]