Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկահայ բժիշկները կնպաստեն Գյումրիում բժշկական ծառայությունների զարգացմանը

Ամերիկահայ բժիշկները կնպաստեն Գյումրիում բժշկական ծառայությունների 
զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ամերիկահայ անվանի վիրաբույժ Գևորգ Մութաֆյանի ղեկավարած բժշկական խմբին, որը հուլիսի 19-ից օգոստոի 2-ը Գյումրի է ժամանել Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրի շրջանակում: «Մենք շնորհակալ ենք ձեր կողմից իրականացվող աշխատանքի համար: Կարևոր է, որ ԱՄՆ-ից ժամանած մասնագետները ոչ միայն գան և այստեղ վիրահատություններ կատարեն, այլև տեղի մասնագետներին սովորեցնեն աշխատել նորագույն մեթոդներով ու տեխնոլոգիաներով»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից` ասել է Արմեն Մուրադյանը:

Նրա գնահատմամբ` ամերիկահայ բժիշկների համար Գյումրին հայ գործընկերներին օժանդակելու լավ հարթակ է: Առողջապահության նախարարը որպես Հայաստանում բժշկական լավագույն ավանդույթների ներդրման օրինակ` մատնանշել է պրոֆեսոր Կարո Դերձակյանի օրինակը` նրան բնորոշելով որպես ուրոլոգիայի զարգացման հիմնաքար դնողներից մեկը: Հայաստանում ծավալած 25-ամյա գործունեության շնորհիվ նա մեծ ճանաչում ու հեղինակություն ունի հայ հանրության շրջանում:

Կարո Դերձակյանը 2012 թվականին պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր առաջին աստիճանի շքանշանով, մի շարք այլ պարգևներով: «Մի քանի սերնդի է սովորեցրել Կարո Դերձակյանը: Ճանաչված մասնագետը նաև սարքեր է նվիրաբերել Հայաստանին` նպատակ ունենալով հայրենիքում զարգացնել ուրոլոգիան: Չափազանց աշխատասեր, պահանջկոտ այս մարդը հայրենիքում մնայուն գործ ծավալելու վառ օրինակ է»,- ընդգծել է նախարարը` նշելով, որ Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրին նույնպես կհաջողվի գնալ այս ճանապարհով, և նախարարությունը պատրաստ է աջակցելու մասնագետներին:

Արմեն Մուրադյանը հյուրերին հայտնել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի այն երիտասարդ մասնագետներին, ովքեր կցանկանան վերապատրաստվել արտասահմանի լավագույն բժշկական կենտրոններում: «Առաջնահերթությունը տրվելու է հենց մարզային հիվանդանոցների մասնագետներին: Նման ցանկություն հայտնողներից առաջիններից մեկը օրթոպեդ է Գյումրիից, ով ցանկանում է ծնկահոդի վիրահատություն կատարել, ամբողջովին տիրապետել պրոթեզավորմանը և արտասահմանում ձեռք բերած փորձը կիրառել Հայաստանում»,- ասել է Արմեն Մուրադյանը:

Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրի շրջանակում Գյումրիի բժշկական կենտրոնում կկատարվեն լապարասկոպիկ և բաց վիրահատություններ, ուրոլոգիական անոթային վիրահատություններ և թերապևտիկ բուժումներ ու խորհրդատվություններ: Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը ևս շնորհակալություն է հայտնել Գևորգ Մութաֆյանի հետ Հայաստան ժամանած մյուս մասնագետներին` ընդհանուր անոթային վիրաբույժ Սիմոն Քյոշքերյանին, ուրոլոգ Լեո Դումանյանին, թերապևտ Ծովինար Թեքելյանին, անեսթեզիոլոգ Էմիլ Սայսին, վիրաբույժ Հարություն Դավթյանին, վիրահատարանի բուժքույր Թուբինա Խաչիկյանին: Ի դեպ, Գեւորգ Մութաֆյանը ծնունդով Գյումրիից է, աշխատում է Գլենդելի երկու խոշոր` «Մեմորիալ» եւ «Ատվենտիս» կլինիկաներում: Նա կրթություն է ստացել Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայում, որից հետո ուսումը շարունակել է ԱՄՆ-ում, ուր և բնակություն է հաստատել:

Հանդիպման ընթացքում ամերիկահայ մասնագետները նշել են, որ իրենք ևս ջանքեր կգործադրեն Հայաստանի երիտասարդ մասնագետների համար արտերկրում ուսանելու հնարավորություն ընձեռելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]