Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոտայքում զարգանում է վարդերի ջերմոցային արտադրությունը

Կոտայքում զարգանում է վարդերի ջերմոցային արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի ջերմատներում վարդերի արտադրությունը նոր թափ է ստանում: Արտադրված վարդերը հոլանդական սորտերի են, որոնք տեղական վարդերից տարբերվում են իրենց դիմացկունությամբ և ջերմոցային պայմաններում ավելի հեշտությամբ են աճում: Կոտայքի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ծանոթացավ նաև Գողթ համայնքում հիմնադրված «Էկոտոմատո» ՓԲԸ-ի գործունեությանը: Նախարարը ողջունեց այն փաստը, որ ջերմատան վարդերը հիմնականում արտահանվում են, և նշեց, որ Կոտայքում ջերմոցային տնտեսությունները զարգանալու մեծ ներուժ ունեն: «Վերջին երկու տարում 20 հեկտարից ավելի ջերմոց է կառուցվել, և ամեն տարի ծավալները ավելանում են: Կարևոր է հատկապես այն, որ ջերմոցային տնտեսությունների արտադրանքն արտահանվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Ընկերության տնօրեն Արսեն Սանդոյանի խոսքով` ներկայում ընկերությունում ներգրավված է 75 աշխատակից, և նրանց միջին աշխատավարձը կազմում է 120 հազար դրամ: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր «Էկոտոմատո» ՓԲԸ-ում աճեցվող բազմապիսի վարդերի շուրջ 75 տոկոսն արտահանվում է: «Ջերմատանն աճեցվող բոլոր բույսերը հոլանդական են, որոնք ողջ տարին ծաղկում են: Մեկ բույսը նախատեսված է 5 տարվա համար, սակայն 3-4 տարի հետո բույսը փոխելու կարիք է լինում: Յուրաքանչյուր բույսից մեկ տարվա ընթացքում հնարավոր է ստանալ 10-12 ծաղիկ»,- մանրամասնեց «Էկոտոմատո»-ի տնօրենը: Նրա խոսքով` տեղական ծաղկի շուկան շատ հագեցած է, և դրանով պայմանավորված` նրանք ծաղիկների մեծ մասն արտահանում են Վրաստան և Ռուսաստան:

Ութ հեկտար տարածության  վրա վարդերի աճեցման ջերմոցային այս տնտեսությունը միակն է, որտեղ ներդրված են հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաները: Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավտոմատ իրականացնել բույսերի ջրամատակարարումը և պահպանել անհրաժեշտ խոնավությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am