Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բակային տարածքների կանաչապատման արդյունքում 2014թ.-ին Դավթաշենում կանաչ մակերեսը կավելանա 3800 քմ-ով

Բակային տարածքների կանաչապատման արդյունքում 2014թ.-ին Դավթաշենում կանաչ 
մակերեսը կավելանա 3800 քմ-ով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի 2014թ. ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է բարեկարգվող բակերի շինհրապարակներ: Ներկայացնելով բակային տարածքներում  ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ պատասխանատուները զեկուցել են, որ 2014թ. Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվում է կառուցել և բարեկարգել 14750 քմ ընդհանուր մակերեսով 65 բակ: Ծրագրի համաձայն, բակային այս տարածքները ևս կդառնան հանգստի յուրօրինակ գոտիներ՝ նստարաններով, զրուցարաններով ու ժամանակակից խաղային ատրակցիոններով:

Բարեկարգվող բակերն ապահովվում են նաև արտաքին լուսավորությամբ: Բակերի բարեկարգման ծրագիրն իրականացնելու համար բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց հանդիսավոր բացումը:

Բարեկարգման աշխատանքների շրջանակում առանձնակի ուշադրություն է դարձվում նաև կանաչ գոտիների ստեղծմանն ու այդ տարածքները ոռոգման համակարգով ապահովելուն: Բակային տարածքների կանաչապատման արդյունքում ընթացիկ տարում միայն Դավթաշեն վարչական շրջանում կանաչ մակերեսը կավելանա ևս 3800 քմ-ով: Զուգահեռաբար իրականացվում են նաև նկարազարդման աշխատանքներ, որոնք նոր շունչ ու վառ գույներ են հաղորդում բակային տարածքներին:

Քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել վարչական շրջանում ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարման ընթացքը, որպեսզի դրանք բոլորն ավարտվեն նախատեսված ժամկետներում:  

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն անակնկալ այցով եղել է նաև վարչական շրջանի թիվ 58 և 59 մանկապարտեզներում: Քաղաքապետը շրջել է խմբասենյակներով, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզների տնօրեններն ու աշխատակիցները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության  համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված  ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող հիմնանորոգման ու անհրաժեշտ գույքով ապահովման ծրագրերը լինելու են շարունակական: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]