Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դավթաշենի նորաբաց բարեգործական ճաշարանը կսպասարկի 55 շահառուի

Դավթաշենի նորաբաց բարեգործական ճաշարանը կսպասարկի 55 շահառուի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավթաշեն վարչական շրջանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է բարեգործական ճաշարանի բացմանը: Քաղաքապետարանի, մասնավորապես՝ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության համագործության արդյունքում նորաբաց ճաշարանը կսպասարկի շուրջ 55 շահառուի: Երևանի 10 վարչական շրջաններում այսօր գործում է  բարեգործական 19 ճաշարան, որոնցից օգտվում են շուրջ 2400 շահառուներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ «Առաքելություն Հայաստան»-ի հետ համագործակցության արդյունքում նմանատիպ բարեգործական ճաշարաններ են կազմակերպվել վեց վարչական շրջաններում, որտեղ ճաշից բացի մատուցվում են նաև տարաբնույթ սոցիալական ծառայություններ. տեղերում ցուցաբերվում է առաջնային բժշկական օգնություն, կազմակերպվում են ժամանցային, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաներ: Դավթաշենի բարեգործական ճաշարանի վերանորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ծախսվել է շուրջ 2.200.000 դրամ, որից 600.000-ը տրամադրվել է Երևանի համայնքային բյուջեից:

Վարչական շրջանի ղեկավարի և կազմակերպության նախագահի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել և ծանոթացել է ճաշարանում ստեղծված պայմաններին, զրուցել շահառուների հետ: Օգտվելով առիթից՝ տարեց երևանցիներն իրենց շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին մշտական հոգածության ու սոցիալական ծրագրերին ցուցաբերվող  աջակցության համար: Երևանի քաղաքապետն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին. «Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շարքում մեր կողմից առանձնակի կարևորվել ու կարևորվելու են սոցիալական ուղղվածության նպատակային ծրագրերը, որոնք որոշակիորեն կարող են թեթևացնել սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի մեր քաղաքացիների բեռը: Եվ ընդհանրապես, սոցիալական ուղղվածության մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական, հատկապես հաշվի առնելով, որ դրա անհրաժեշտությունը դեռևս կա:

Սոցիալական ուղղվածության որոշ ծրագրերի իրականացման շրջանակում մենք համագործակցում ենք նաև տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ և, մասնավորապես բարեգործական ճաշարանների գործունեության հետ կապված, որոշ դեպքերում նաև համաֆինանսավորում ենք դրանց աշխատանքների կազմակերպումը: Անշուշտ, շնորհակալ ենք բոլոր այն կազմակերպություններին, ովքեր իրականացնում են այս անչափ կարևոր առաքելությունը, սակայն թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես ուղղակի հայ մարդ, ինձ համար շատ ավելի ցանկալի կլիներ, որ նման օժանդակության կարիք ընդհանրապես չունենայինք և հույս ունեմ, որ մենք մի օր իրոք այդ աջակցության կարիքն այլևս չենք ունենա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Որպես սոցիալական նշանակության կարևորագույն ծրագիր՝ քաղաքապետն առանձնացրել է նաև Երևանում բնակվող սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը՝ ընդգծելով, որ քաղաքային իշխանությունների կողմից այն ևս դիտարկվում է որպես առաջնահերթություն. «Մասնավորապես այս տարեսկզբից մինչ օրս անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվել շուրջ 500 սիրիահայ ընտանիքների, ընդ որում, ավելորդ չեմ համարում նաև նշել, որ աջակցությունը եղել է հենց այն տեսքով, որի կարիքը մատնանշել են իրենք: Բացի այդ, մեր կողմից առանձնակի կարևորվել է նաև սիրիահայ ընտանիքների հատկապես երեխաների ինտեգրումը իրենց համար նոր միջավայրում և այդ նպատակով ևս մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկել: Մասնավորապես մանկապարտեզներ հաճախող ավելի քան 100 և շուրջ 400 դպրոցական սիրիահայ երեխաները լիարժեք ընդգրկված են եղել բոլոր պետական և համաքաղաքային նշանակության միջոցառումներում, ինչպես նաև միջդպրոցական ծրագրերում: Բացի այդ, նաև իրականացվել է այդ երեխաների ընտանիքների կարիքների գնահատում և համապատասխան աջակցություն է ցուցաբերվել այդ ընտանիքներին», - նշել է Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ սիրիահայ ընտանիքների խնդիրները շարունակելու են մնալ քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում և ցուցաբերվող աջակցության ծրագրերն էլ լինելու են շարունակական:

Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Դավթաշենի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն: Քաղաքապետը շրջել է կենտրոնում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և զրուցել այդ պահին կենտրոնում գտնվող քաղաքացիների հետ:  Օգտվելով առիթից՝ նրանք իրենց գոհունակությունն են հայտնել՝ ընդգծելով, որ բնակիչներին մատուցվում է որակյալ ծառայություն: Քաղաքապետին զեկուցվել է, որ Դավթաշենի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնն այսօր սպասարկում է շուրջ 1500 բնակչի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]