Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան կներկայացվի Շուշիի ամրոցում

Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան կներկայացվի Շուշիի ամրոցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան սեպտեմբերի 1-ին կներկայացվի Շուշիի ամրոցում: Միջոցառումը նվիրված է Արցախի անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին: Իրադարձությունն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Տերտերյանն ինքն, այս օպերայի մասին խոսելիս, նշել է, որ այն օպերա է պատերազմի, խաղաղության և սիրո մասին:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը պրեմիերային ընդառաջ՝ հուլիսի 25-ին հրավիրած մամուլի ասուլիսում շնորհակալություն հայտնեց օպերայի ստեղծմանը մասնակցող պրոֆեսիոնալ թիմին:

 «Սա վերջին ամիսների ընթացքում մեր առաջին պրեմիերան է, և հույս ունենք, որ օպերան կներկայացնենք նաև մեր բեմում: Թատրոնը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իրադարձությանը: Հաջողություն ենք մաղթում բոլորին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արզումանյանը: 

Դիրիժոր Ռուբեն Ասատրյանը ուրախ է, որ օպերան ներկայացվելու է Արցախում: «Ռուսաստանի Դաշնությունում սկսել են կազմակերպել Ավետ Տերտերյանի հոբելյանին նվիրված միջոցառումներ: Ուրախ եմ, որ Սարինե Ավթանդիլյանը նման ձեռնարկներ է իրականացնում: Սա  բավականին բարդ ստեղծագործություն է, և մեր երգչախմբերը, նվագախմբերը, մենակատարները շատ լավ են աշխատել: Մենք մեր բոլոր ուժերը կենտրոնացրել ենք: Հուսանք, որ լավ ներկայացում կցուցադրենք»,-նշեց Ասատրյանը: Նրա համոզմամբ, օպերայի ոգին հենց Եղիշե Չարենցն է: 

Միջոցառման ռեժիսորը Մարիա Սահակյանն է: Նա առաջին անգամ է օպերա բեմադրում: Փաստում է, որ հիացած էր Տերտերյանի ստեղծագործության ուժից:

«Օպերան արդիական է մեր օրերի համար: Հուսամ, որ հանդիսատեսը կհավանի այն»,-նշեց Սահակյանը:

Նախագծի հեղինակը և գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է: Օպերայում որպես մենակատարներ ելույթ կունենան բարիտոն Գուրգեն Բավեյանը, սոպրանո Ռուզան Մանթաշյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը և այլք: «Կրակե օղակ» օպերան կներկայացնեն Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Կարեն Դուրգարյան) և բալետային խումբը (գեղարվեստական ղեկավար` Վիլեն Գալստյան), ինչպես նաև «Սպեղանի», Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային  երգչախմբերը:  

«Կրակե օղակ» օպերան կհամալրի նաև թատրոնի երկացանկը:

Ավետ Տերտերյանը «Կրակե օղակ» օպերան գրել է 1967 թվականին: Նույն տարում օպերայի առաջին բեմադրությունը իրականացրին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Արամ Քաթանյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Բագրատունին, բեմանկարիչ Մինաս Ավետիսյանը: Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանն իր ստեղծագործական կյանքն սկսեց որպես նորարար: Նա հանդիսատեսին մատուցեց միանգամայն անծանոթ հնչյունային աշխարհ, որտեղ նոր կյանք ստացան ու նորովի հնչեցին հին հայկական ծիսական ձայները՝ լեցուն ժողովրդական տոների խանդավառությամբ, ինչպես նաև կորուստների անամոք վշտով: Տերտերյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի հանրահայտ բեմերում՝ այդ երկրներում անցկացված միջազգային փառատոնների և կոմպոզիտորին նվիրված համերգների ընթացքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]