Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցունքներ, հոտնկայս ծափահարություններ. Սոնա Ռուբենյանը և Մհերը «Նոր ալիքի» երկրորդ մրցութային օրն ստացան 76 միավոր

Արցունքներ, հոտնկայս ծափահարություններ. Սոնա Ռուբենյանը և Մհերը «Նոր ալիքի» 
երկրորդ մրցութային օրն ստացան 76 միավոր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը մրցութային երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, երգիչ Մհերի հետ կատարեց «Հայաստան» երգը և ստացավ 76 միավոր: Սոնան և Մհերը Արմեն Սմբատյանի երգը նվիրեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մեր պատվիրակները հանդես եկան 6-րդ համարի ներքո: Ժյուրիի բոլոր անդամները՝ բացի Իգոր Նիկոլաևից, Սոնային և Մհերին նշանակեցին 11, իսկ Նիկոլաևը՝ միայն 10 միավոր: Հայ մասնակիցներին հոտնկայս ծափահարություններով ողջունեցին ժյուրիի անդամներ Ֆիլիպ Կիրկորովը և Լեոնիդ Ագուտինը, ինչպես նաև երգիչ Սոսո Պավլիաշվիլին: Սոնան ելույթից հուզված՝ արտասվեց բեմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրորդ՝«Երկրի հիթի օր»-վա առթիվ բոլոր մասնակիցները հանրությանը ներկայացրին իրենց երկրներում սիրված և հիթ դարձած գործեր: Հայ ակնդիրը հնարավորություն ստացավ համերգը դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ Վարդուհի Ալեքսանյանի և Ավետ Բարսեղյանի մեկնաբանությամբ: «Ձինտարի» համերգասրահում անցկացված երեկոյի առաջին հատվածում ելույթներով հանդես եկան ռուսական շոուբիզնեսի հայտնի աստղերը:

Առաջին հատվածը վարեցին Դենիս Կլյավերը և Նատալյա Գրանովսկայան, երկրորդ՝ մրցութային մասը՝ Աննա Սեմենովիչը և Ստաս Կոստյուշկինը: «Նոր ալիք» մրցույթի ժյուրիի կազմում հանդես եկան այնպիսի անվանի արտիստներ, ինչպիսիք են՝ Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաևը, Վալերի և Կոնստանտին Մելաձեները: Ժյուրին ղեկավարում էր մրցույթի համահիմնադիր Իգոր Կրուտոյը:

«Շանթ» հեռուստաընկերությունն իր ակնդիրներին հնարավորություն ընձեռեց նաև Սոնայի ելույթից հետո տեսնել Հայաստանի պատվիրակին՝ Մհերի, Գարիկի, Անդրեի և պրոդյուսեր Աննա Թադևոսյանի ուղեկցությամբ: «Իմ սպասումներն արդարացրին: Ես գիտեի, որ բոլորը 11 պետք է նշանակեն այս կատարմանը, այս հուզիչ դուետին: Ամբողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր: Անգամ Ֆիլիպ Կիրկորովն այս երգից հետո որոշեց «վերադառնալ հայրենիք»: Ողջ դահլիճը կանգնած ծափահարում էր, որովհետև երկու էներգիա միացան իրար և բերեցին այս հաղթանակը»,-նշեց Անդրեն՝ շնորհակալություն հայտնելով երգի հեղինակներ Արմեն Սմբատյանին և Վահան Անդրեասյանին: Սոնա Ռուբենյանը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին:

«Մեր ազգի ուժը, օգնությունը մենք զգացել ենք բեմում, որովհետև երեկվանից հետո շատ էին արձագանքները: Շատ շնորհակալ եմ նրանց, որ բացի ոգևորող խոսքերից ոչինչ չեն ասել»,-նշեց Ռուբենյանը: Մհերն էլ իր հերթին նշեց, որ երգը երգելիս չզգաց, որ միայնակ չէ երգում, ոչ մի տարբերություն չնկատեց:

«Նոր ալիք» մրցույթին այս տարի մասնակցում է 16 երգիչ և երգչուհի՝ 13 երկրներից: Երկրորդ մրցութային օրվա արդյուքներով՝ առաջատարը կրկին Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն՝ 151 միավորով: Սոնա Ռուբենյանը 7-րդ տեղում է: Ռուբենյանը մրցութային երրորդ օրը հանդես կգա 13-րդ համարի ներքո: Մրցութային հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Սոնան կներկայացնի իր «Աշնան սերենադ» երգը: Մրցույթը Յուրմալայում այս տարի անցկացվում է հուլիսի 22-27-ը:

Մրցութային համերգների հեռարձակումից բացի ցուցադրվում են օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն են ընձեռում ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին: Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակիցը պետք է ներկայանա երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]